Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր հավաքականը երեկ մրցում էր հաղթողի գլխավոր ֆավորիտ Ռուաստանի ընտրանու հետ։ Կարեւոր այս խաղում մեր տղաներին աջակցելու համար Իսրայել էր ժամանել ՀՀ պաշտպանության նախարար եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա ներկայությունը սակայն չօգնեց, եւ մեր թիմը պարտություն կրեց։ Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Պյոտր Սվիդլերի հետ։ Խաղաղ ելք ունեցան նաեւ Վլադիմիր Հակոբյանի եւ Կարեն Ասրյանի հանդիպումները։ Իսկ Աշոտ Անաստասյանը, ցավոք, զիջեց Եվգենի Բարեեւին, եւ մեր հավաքականը պարտվեց 1,5-2,5 հաշվով։ Այժմ մեր թիմը 11 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ զիջելով Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ընտրանիներին։ Սակայն հիշեցնենք, որ մերոնք ռուսներից 1 խաղ պակաս են անցկացրել։ Այնպես որ, ամեն ինչ դեռ հնարավոր է։ Այսօր մեր տղաներն ուժերը չափելու են Չինաստանի կանանց թիմի հետ։ Հուսանք, որ մեր շախմատիստներն ավելորդ ջենտլմենություն չեն ցուցաբերի եւ խոշոր հաշվով հաղթանակ կտանեն։