ՄԱԿ-ն արդեն «Forbes» չէ

11/07/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այնպիսի տպավորություն է, որ միջազգային կառույցները վերջին մեկ շաբաթվա ընթացքում խոսքները մեկ են արել` ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը «քլնգելու» համար։ Փաստորեն, մինչ ընդդիմությունը պատրաստվում է երկխոսել իշխանության հետ, քննադատության էստաֆետը վերցրել են արտասահմանցիները։

Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել «Forbes»-ի հրապարակումը (համաձայն որի՝ Հայաստանի տնտեսությունը աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունն է), երբ հրապարակվեց նոր քննադատություն, այս անգամ՝ ՄԱԿ-ի կողմից։ Երեկ հրապարակված զեկույցը, ճիշտ է, այնքան սուր անկյուններ չունի եւ վիրավորական կարող է չթվալ իշխանությունների համար, սակայն առավել փաստարկված է եւ հիմնավոր։ Այս անգամ անդրադարձել են արտագաղթի եւ ծնելիության խնդիրներին, որոնց մասին վերջերս բարձրաձայնում են անգամ պետական պաշտոնյաները։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է ՄԱԿ-ի 2009թ. կատարած հետազոտության արդյունքները, ըստ որոնց` Հայաստանում առաջիկա երեք տարիներին հաջորդ երեխան ունենալու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 16%-ը, լիարժեք բացառել` 68%-ը, յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի երեխաների թիվը կազմել է` 1.5, մինչդեռ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է 2.1 երեխա։ Նույն հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 44%-ը ապագան Հայաստանում չի տեսնում։

Ուշագրավն այն է, որ հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, այնպես որ, արդյունքների վերաբերյալ կասկած հայտնելը կնշանակի` չհավատալ սեփական պաշտոնական տեղեկատվությանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը լրագրողներին ասել է, որ աշխարհում ոչ մի վիճակագրություն չի կարող նշել ժողովրդագրության բացասական միտումների բոլոր պատճառները։ Այդուհանդերձ, ըստ հետազոտության արդյունքների, ընտանիքներին երեխա ունենալուց հետ են պահում երեխայի համար լավ ապագա ապահովելու դժվարությունը, ամուսիններից մեկի չցանկանալը, բնակարանային վատ պայմանները եւ այլն: Եթե ամուսինները չեն ցանկանում երեխա ունենալ նյութականի հետ չկապված պատճառներով (օրինակ՝ առողջական խնդիրների հետ կապված կամ կարիերայի հետ կապված), ապա պետությանը մեղադրելը սխալ է։ Սակայն, անգամ առանց հետազոտությունների, երիտասարդների հետ պարզապես զրուցելով, ակնհայտ է, որ հիմնականում նյութական խնդիրներն են երիտասարդներին ետ պահում թե՛ ամուսնանալու, թե՛ երեխա ունենալու մտադրությունից։ Այս դեպքում պետությունը պարզապես պարտավոր է հնարավորությունների սահմաններում առավելագույն օժանդակություն ցույց տալ։

Իսկ ի՞նչ է անում պետությունը ծնելիությունը խթանելու համար` որոշակի գումարներ է հատկացնում։ Մասնավորապես, հայաստանյան ընտանիքներում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար տրվող միանվագ վճարների համար 2011-ին պետությունը հատկացրել է 4 մլրդ 675 մլն դրամ, այն դեպքում, երբ 2010-ին այդ նպատակով հատկացվել է 4 մլրդ 200 մլն դրամից մի փոքր ավելի։ Այս տվյալները ներկայացրել է Վանիկ Բաբաջանյանը եւ ավելացրել. «Օգնության այս չափը, ճիշտ է, այնքան էլ մեծ չէ, եւ վերարտադրողական գործընթացների խթանման տեսանկյունից Հայաստանում հսկայական անելիքներ կան, սակայն վիճակը շտկելու համար պետությունը կիրառում է մի շարք քայլեր` ուղղված նորաստեղծ ընտանիքների կենցաղային եւ բնակարանային պայմանների բարելավմանը: Արդեն 3 տարի է, Հայաստանում գործում է ծննդօգնության անվճար համակարգը, պետական ծրագրեր են իրականացվում երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու ուղղղությամբ եւ այլն։ Օրինակ, յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի համար պետությունը միանվագ տրամադրում է 430 հազար դրամ: Առաջին եւ երկրորդ երեխաների համար այդ թիվը 50 հազար դրամ է»։

Նախ՝ ծննդօգնությունը անվճար է, սակայն ցանկացած իրեն հարգող հայր իր պարտքն է համարում «վերաբերմունք ցույց տալ» բուժանձնակազմին։ Սա ինչ-որ տեղ ընդունելի է, քանի որ կամավորության տարրեր է պարունակում։ Սակայն, որքան էլ փորձենք ըմբռնումով մոտենալ, որ պետությունը փող չունի, այդուհանդերձ՝ 50 հազար դրամի նպաստը իսկական զավեշտ է։ Նախ՝ այդ գումարով որեւէ խնդիր հնարավոր չէ լուծել, այնպես որ՝ 50 հազար դրամի լինել-չլինելը ծնելիության խթանման հարցում ոչ մի էական դեր չի խաղում։ Եվ երկրորդ՝ այդ չնչին գումարը ստանալու համար բավականին դժվարին ճանապարհ է պետք անցնել. երեխայի ծննդյան վկայական ստանալ, հետո գնալ անձնագրային, դիմում գրել երեխայի գրանցման մասին, վերցնել տեղեկանքը, երեխայի համար սոցքարտ ստանալ, բուժհաստատությունից թուղթ տանել եւ այլն։ Թե ինչո՞ւ այնպես չի կազմակերպվում, որ գումարը ստանան անմիջապես հիվանդանոցում, թերեւս կիմանան միայն կազմակերպիչները։ Ամենաաբսուրդն այն է, որ դեկրետային արձակուրդում գտնվող կինը, ամսական 18 հազար դրամ նպաստը ստանալու համար, պետք է նույն տեղեկանքը վերցնի անձնագրային բաժանմունքից, ինչպես նաեւ՝ աշխատավայրից։ Այս պրոցեսի միջով անցածները կհաստատեն մեր խոսքերը, դրա համար քիչ չեն մարդիկ, ովքեր պարզապես «զահլա չեն անում» այդ պրոցեսի միջով անցնել, եւ գումարը թողնում են պետությանը։

Կարո՞ղ է արդյոք պետությունը բարձրացնել նորածինների համար միանվագ տրամադրվող գումարները։ Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, 2010 թվականին Հայաստանում ծնվել է 44.800 երեխա, ապա յուրաքանչյուրին տրվող նպաստը 50 հազար դրամով բարձրացնելը բյուջեի համար լրացուցիչ 2.2 միլիարդ դրամ լրացուցիչ բեռ կլինի։ Թվում է` քիչ չէ, սակայն, երբ տեսնում ենք, թե քանի հարյուրավոր միլիարդ դրամներ են գնում անտեղի պատվիրակությունների այցերի վրա, որքան գումարներ են «ատկատի» ձեւով մտնում պաշտոնյաների գրպանները, ապա դժվար է հավատալ, որ պետությունն ի զորու չէ մեծացնել աջակցությունը։ Մանավանդ, որ ժողովրդագրական այս խնդրի ֆոնին՝ մեր հարեւան երկրում բնակչության թիվն աճում է։

Եվ վերջապես, ՄԱԿ-ի հետազոտությունը եւս մի ուշագրավ հանգամանք էլ ունի. հետազոտությունը կատարվել է 2009 թվականին, երբ Տիգրան Սարգսյանն արդեն վարչապետ էր։ Այսինքն՝ հրապարակումը կարելի է նաեւ քննադատություն համարել նրա հասցեին։ Իհարկե, ստացված արդյունքները կարելի է արդարացնել այն հանգամանքով, որ 2009-ին համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեր երկրում հասավ իր գագաթնակետին։ Սակայն, երբ երիտասարդների 44%-ն իր ապագան այստեղ չի տեսնում, նշանակում է` սոցիալականից բացի, շատ ավելի լուրջ խնդիր կա. սեփական երկրի նկատմամբ վստահության եւ հավատի խնդիր։