Երեկ գիշերը սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել է, որ գիշերը` ժամը 00:20-ի սահմաններում, Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում անհայտ անձն իր մոտ եղած հրազենով կրակել է 32-ամյա Մերուժան Մովսիսյանի վրա եւ դիմել փախուստի: Մ. Մովսիսյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի օպերգծով տեղակալ Արշակ Կարապետյանի, Սեւանի Ոստիկանության բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազենի 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ, ինչը վկայում է, որ արձակվել է 4 կրակոց: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք) հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գ. Շամշյանին պատմել են, որ սպանվածը հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող սեւանցի «Դոդ Սերոժի» եղբայրն էր, ով որպես տնօրեն` աշխատում էր «ԷՅՋԻ» ՍՊԸ-ում: Նշված ՍՊԸ-ն զբաղվում է գազի ներտնային աշխատանքներով: