«Չի բացառվում, որ Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելուց հետո Հայաստանը հողային պահանջներ ներկայացնի Վրաստանին»,- վրացական «Ասավալի-Դասավալ» պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նա նշել է, որ այդ օրենքը Վրաստանում բացասական ազդեցություն է ունենալու պետություն-եկեղեցի հարաբերությունների վրա:
«Այդ որոշմամբ խորհրդարանն ու նախագահն իրենց հակադրեցին Վրաստանի պատրիարքին: Իսկ դա բացասական ազդեցություն է ունենալու»,- ասել է Շեւարդնաձեն` կարծիք հայտնելով, որ վրացի պատգամավորները պետք է ներողություն խնդրեն պատրիարք Իլյա 2-րդից: «Ես ինքս ցանկանում եմ այցելել պատրիարքին եւ ներողություն խնդրել խորհրդարանականների կողմից, ովքեր չեն հասկանում, թե ինչ են անում»,- ասել է Շեւարդնաձեն` կոչ անելով Վրաստանի իշխանություններին չեղյալ հայտարարել ընդունված օրենքը: Նրա կարծիքով` օրենքում տեղ գտած որոշ դրույթներ հնարավորություն կտան հայերին պահանջներ ներկայացնել ոչ միայն եկեղեցիների, այլեւ Վրաստանի տարածքների նկատմամբ: «Սակայն հուսով եմ, որ դա տեղի չի ունենա. այնտեղ կան խելացի մարդիկ, որոնք գիտեն, թե քանի անգամ է Վրաստանն իրենց փրկել, եւ այն հիմա հայերին օդի պես պետք է»,- հայտարարել է Էդուարդ Շեւարդնաձեն: Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ փոփոխություններ մտցրեց «Քաղաքացիական օրենսգրքում», որոնց համաձայն, Վրաստանում կրոնական մի քանի միությունների, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում: Օրինագծի առաջին ընթերցումից հետո վրաց պատրիարք Իլյա 2-րդը օրենսդիրներին կոչ էր արել կասեցնել օրենքի ընդունումը, հրապարակավ քննարկումներ անցկացնել: Չնայած նրա հայտարարությանը` օրենքը ընդունվեց, իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրեց այն: Նշենք նաեւ, որ անցած շաբաթ օրը` հուլիսի 9-ին, Վրաց ՈՒղղափառ եկեղեցու հետեւորդները Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել, որի ժամանակ հարձակում է իրականացվել երեք հայերի դեմ: Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Քեթեւան Ցամեբուլիի պողոտայում: Ըստ ականատեսների, հայերի եւ ակցիայի մասնակիցների միջեւ վիճաբանությունը ծագել է կրոնական հողի վրա: Ակցիայի 10 մասնակիցներ, աղաղակելով` «նրանում, ինչ պատահելու է ձեզ հետ, մեղադրեք միայն ինքներդ ձեզ», հարձակվել են հայերի վրա: Ծեծկռտուքը տեւել է 10 րոպե, որից հետո հարձակում իրականացրած անձինք հեռացել են դեպքի վայրից: Իսկ Իլյա 2-րդը հայտարարել է, որ նա, ով Եկեղեցու դեմ կռիվ է մղում եւ անարգում այն, անպայման պատժվելու է: «Մեզանից ոմանց հատուկ է գոռոզությունը: Ոմանք կարծում են, որ իրենք իրավացի են, մյուսները` ոչ, ոմանք սովորեցնում են մյուսներին, մինչդեռ իրենք կրթված չեն: Մենք պետք է հիշենք, որ մեր պաշտպանը Վրաց Ուղղափառ եկեղեցին է: Հաճախ են կռիվ մղում եկեղեցու դեմ եւ ստորացնում այն: Նա, ով կանարգի եկեղեցին, անպայման պատիժ կկրի… Պատմության ընթացքում եկեղեցին միշտ պաշտպանել է Վրաստանը, եկեղեցին եղել եւ մնում է որպես հզոր ուժ, այդ ուժը որեւէ մեկի դեմ ուղղված չէ: Այդ ուժը այն բանի համար է, որ մարդը երջանիկ լինի: Ուստի պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերել եկեղեցու հանդեպ, եւ այն պետք է լինի մեր սրտերում եւ բանականությունում»,- ասել է Իլյա 2-րդը: