Մինչ իշխանությունները շարունակում են խոսել Հայաստանում տուրիզմը զարգացնելու հեռանկարների մասին՝ նշելով, թե իբր Հայաստանը բոլոր նախապայմաններն ունի զբոսաշրջային երկիր դառնալու համար, հայաստանցիները հատկապես այս ամիսներին շտապում են իրենց հանգիստը վայելել Թուրքիայում եւ Վրաստանում:
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե քանի թուրք կամ վրացի զբոսաշրջիկ է հետաքրքրված հանգիստն անցկացնել մեր երկրում, բայց այն, որ մենք ամեն անգամ նոր թափով շարժվում ենք դեպի հարեւան երկրներ, փաստ է:
Ըստ վրացական կայքերից մեկի տեղեկությունների, նախորդ տարի Վրաստան է այցելել 479 հազար հայաստանցի զբոսաշրջիկ: Ընդ որում՝ այս թիվը մի առիթով նշել էր նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Իսկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանից զբոսաշրջության նպատակներով մեկնել է 640 հազար մարդ: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ հայաստանցիների կեսից ավելին հանգստանալու է մեկնում Վրաստան: 2010թ. ԱՎԾ տվյալների համաձայն՝ զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել 684 հազար հոգի: Ընդ որում՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 62,2 %-ը ծագումով հայ է: Մինչդեռ նախորդ տարի նույն Վրաստանն ունեցել է 1միլիոն 863 հազար զբոսաշրջիկ, որի մոտ 78%-ը բաժին է ընկել Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Ավելին՝ միայն Ռուսաստանից Վրաստան են այցելել 158 հազար զբոսաշրջիկներ, իսկ Աջարիայում զբոսաշրջիկների թիվը գերազանցել էր 900 հազարը: Թուրքիան տարեկան ընդունում է մոտ 26 մլն զբոսաշրջիկ, որտեղ մեծ թիվ են կազմում նաեւ եվրոպացիները:
Ինչեւէ, չնայած այդ ամենին, հայաստանցիների համար մեկնարկել է «հանգստանալու» թեժ սեզոնը: Եվ, ինչպես միշտ, այս տարի եւս ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններն են մնում Անթալիան, Բաթումն ու Քոբուլեթին: Բաթումում 7-օրյա հանգիստը 2 հոգու համար արժե մոտ 240 հազար դրամ՝ ներառյալ ճանապարհածախսը, սնունդը: Քոբուլեթիում նույն պայմաններով հանգիստն արժե 190 հազար դրամ, ընդ որում՝ առանց սննդի 2 հոգու համար հանգիստն արժե 136.650 դրամ, իսկ քոթեջներում՝ 63.000 դրամ: Իսկ Անթալիայում 7-օրյա հանգիստը 4 աստղանի հյուրանոցում արժե մոտ 1300-1600 դոլար՝ ներառյալ ճանապարհածախսը: Ընդ որում՝ այս ուղղությունների համար տուրիստական ընկերությունների ակցիաներն ու շոուներն այլեւս զարմանալի չեն: «Անթալիայի տեղերը սահմանափակ են»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը, ով կոչ էր անում նախապես գրանցվել, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնենք: Իսկ ի՞նչ են առաջարկում հայաստանյան հանգստի գոտիներն ու վայրերը` հանգիստն ակտիվ անցկացնելու համար, ի՞նչ գներով եւ ինչպիսի՞ պայմաններով, վաղուց հայտնի է բոլորիս: Ինչպես միշտ, Հայաստանում հանգիստն անցկացնելու կայուն տեղեր են մնում Դիլիջանը, Սեւանը, Ծաղկաձորն ու Ջերմուկը:
Եվ այսպես՝ Սեւանում 1-օրյա հանգիստը սկսում է 15 հազար դրամից: Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի քոթեջներում 1 օր հանգստանալու գինը սկսում է 28 հազար դրամից` մինչեւ 100 հազար դրամ: Իսկ համալիրի շենքում 1-օրյա հանգիստն արժե 40.000 դրամ: «Լավանդայի» քոթեջների գինը 2 անձի համար 20.000 դրամ է, «Կապուտակ Սեւանում» 1-օրյա հանգիստը 4 հոգու համար արժե 36 հազար դրամ: Ընդ որում՝ նկատենք, որ քոթեջների դեպքում սննդի մասին խոսք լինել չի կարող, այլ կերպ ասած՝ խոսքը միայն կացարանով ապահովելու եւ ջուրը «տեսնելու», այնտեղ լողալու մասին է: Իսկ ահա Ծաղկաձորում 1-օրյա հանգիստը սկսում է 10.000 դրամից: Այստեղ շքեղ հյուրանոցներում 2 հոգու հանգիստն արժե 40 հազար դրամ: Ի դեպ, դուք 1 օրում վճարելով 40.000 դրամ՝ իրավունք կունենաք անվճար նախաճաշել եւ մինչեւ ժամը 18:00-ն օգտվել հյուրանոցային համալիրի խաղասրահից, լողավազանից եւ մարզասրահից: Իսկ, օրինակ, Դիլիջանում հանգստի գները 1 անձի համար սկսում են 12 հազար դրամից: «Հաղարծին» հանգստյան տանը 2 հոգու համար 1-օրյա հանգիստն արժե 16 հազար դրամ՝ 10 հազար դրամը` սննդի, 6 հազար դրամը՝ կացարանի: Ընդ որում՝ այստեղ սենյակները դասակարգված են՝ 6 հազարից մինչեւ 10.000 դրամ: 6 հազար դրամանոց սենյակներում տաք ջուր չկա: «Մագնիտ» հյուրատանը 2 անձի համար հանգստի գինը 12 հազար դրամ է, իսկ կախված սենյակների շքեղությունից՝ գինը բարձրանում է մինչեւ 20 հազար դրամ:
Այս օրերին հայաստանյան մի շարք հյուրանոցային համալիրներ եւ հանգստյան գոտիներ հանդես են գալիս նաեւ փաթեթային առաջարկներով: Նախորդ տարի եւս նույն մարտավարությունն էր կիրառվում: Ի դեպ, նկատենք, որ հատկապես ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին որոշ հյուրանոցների սենյակների գները թանկանում են: Պատճառը, ըստ հյուրանոցների աշխատակիցների, բարձր պահանջարկն է: Օրինակ, նախորդ տարի Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում 1-օրյա հանգիստը 4 հոգու համար արժեր 52 հազար: Այս նույն գինը ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին աճում էր մինչեւ 70 հազար դրամ:
Ինչ վերաբերում է հանգստյան տներին ու առողջարաններին, նախորդ տարվա համեմատ փոփոխություններ չեն եղել: Ջերմուկի Առաջին հանգստյան տանը 1 օր անցկացնելու գինը սկսում է 15-19 հազար դրամից, իսկ Դիլիջանի առողջարանային համալիրում 1 հոգու համար նախատեսված հանգիստն արժե 30.000 դրամ՝ ներառյալ նախաճաշը, ճաշը, ինչպես նաեւ` առողջարանի բարիքներից օգտվելու հնարավորությունը՝ խաղադաշտ, լողավազան: Եվ ստացվում է այնպես, որ ամեն անգամվա պես հայաստանցու համար Հայաստանում հանգստանալն ավելի թանկ ու, միեւնույն ժամանակ, ձանձրալի է: Եթե այլ երկրների հյուրանոցային համալիրներն ու հանգստյան տները զվարճանքի ակումբներով, ազգային խոհանոցներով եւ այլ հետաքրքրություններով գրավում են իրենց կառույցում հանգստացողի ուշադրությունն ու, ամենակարեւորը՝ ցանկություն առաջացնում հաջորդ տարի այնտեղ վերադառնալու, ապա այլ է հայաստանյան իրականությունը, որտեղ առավելագույնը նախաճաշ տալով կամ մինչ ժամը 6-ը խաղասրահից, լողավազանից օգտվելու հնարավորությամբ կամ մեծահոգությամբ` փորձում են «գրավել» հանգստացողի սիրտն ու դատարկել նրա գրպանները… Ու տեսնես Հայաստանում հանգստացողն ինչքան ժամանակ պետք է աշխատի՝ գոնե ֆինանսական առումով հանգիստը «մարսելու» համար…