«Երեսպատումը կպաշտպաներ Գանձասարի վանքի պարիսպը մի քանի օրը մեկ արմատներ գցող խոտից»,- կիրակի օրը Շուշիում լրագրողների հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այդպես է մեկնաբանել Գանձասարի վանական համալիրի պատի երեսպատումը: Ըստ նրա` անհրաժեշտ է կիրառել վերականգնման ժամանակակից միջոցներ` պահպանման ավելորդ աշխատանքից ազատվելու համար: «UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտնում է միայն վանքը, քանի որ պարիսպը բազմիցս վերակառուցվել է` վերջին անգամ 1996 եւ 2003 թվականներին: Հերթական վերանորոգումն անհրաժեշտություն էր, այլապես այն շատ ավելի դժվար կլիներ պահպանել: Մի քանի օրը մեկ պարիսպը զննելը եւ խոտերն արմատախիլ անելը աշխատանքի եւ միջոցների ծախս կնշանակեր»,- ասել է արքեպիսկոպոսը: Նա նշել է, որ ԼՂՀ զբոսաշրջության նախարարության Հուշարձանների պահպանման վարչությունը այդուհանդերձ բացասական եզրակացություն է տվել պարսպի վերանորոգմանը: «Անզեն աչքով էլ ամեն ինչ պարզ է»,- ասել է նա` պաշտպանելով վերանորոգման աշխատանքները: Նա նաեւ նշել է, որ մարտի սկզբին վերանորոգումը կանգ էր առել եւ մի քանի օր առաջ վերսկսվել է` բարերար Լեւոն Հայրապետյանի ցանկությամբ: Բերելով զուգահեռներ` Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշել է, որ վանքի իջեւանատեղին նույնպես այսօր միջնադարյանի կատարյալ պատճեն չէ: «Նախկինում դրա հատակը հողեղեն էր: Այնտեղ ապրում էին ճգնավորները, սակայն այսօր ճգնավորներ չունենք, եւ մեզ մոտ եկող ուխտավորներին չէինք կարող այդպիսի պայմաններում տեղավորել մի քանի օրով եւ նրանց համար հոդացավերի վտանգ ստեղծել: Այդ պատճառով էլ սալահատակեցինք»,- նշել է Պ. Մարտիրոսյանը: Նա նաեւ ասել է, որ ժամանակակից նյութերի կիրառումը բուն վանքային շինության դեպքում արդեն ցանկալի չէ: «Այդպես եղավ Ամարասի վանքի հետ: Այնտեղ մենք անհրաժեշտ միջոցներ չհայթայթեցինք եւ ստիպված էինք վանքի կտուրը թիթեղապատել: Ինչ խոսք, միջոցների առկայության դեպքում այդպես չէինք անի: Բայց այս դեպքում էլ բարերար չգտնվեց, եւ ստիպված էինք առձեռն միջոցներով խնդիրը լուծել»,- նշել է արքեպիսկոպոսը: Հիշեցնենք, որ Գանձասարի վանքի պարսպապատման դեմ բողոքի լուրջ ակցիա է սկսվել համացանցում: