Գործը «կպել է»

11/07/2011

Ռուսական «Կոմերսանտ-Վլաստ» պարբերականը երեկ անդրադարձել է բռնաբարության մեջ կասկածվող` Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի դատավարությանը, որտեղ ԱՄՀ նախկին տնօրենին պաշտպանում է ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Գերագոսի (Գերագոսյան) ընկեր, ազգությամբ հրեա Բենջամեն Բրաֆմանը, ով բազմիցս հանդես է եկել մաֆիայի փաստաբանի դերում: Հանդեսը գրում է, որ այն բանից հետո, երբ Գերագոսն իմացել է Ստրոս-Կանի դեպքի մասին, անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել Բրաֆմանին` գրելով. «Ավելի լավ գործ, քան Ստրոս-Կանինն է, հնարավոր չէր մտածել Բենի համար: Երբ իմացա այդ ամբողջ պատմության մասին, որ այդ ամենը Նյու Յորքում է, մտածեցի, որ այդ գործը հենց Բենի համար է: Գործը խառն է քաղաքականությամբ, լրատվամիջոցներով եւ սկանդալով: Բենն այդ երեքից էլ հրաշալի գլուխ է հանում»: Մինչ Գերագոսը կգրեր Բրաֆմանին, վերջինս պատասխանում է, որ արդեն զբաղված է Ստրոս-Կանի գործով:

Բրաֆմանն Ամերիկայում հայտնի է որպես մաֆիայի փաստաբան եւ մշտապես ստանձնել է այն գործերը, որոնցից մյուս փաստաբանները հրաժարվում էին` հաղթելու քիչ հավանականության շարժառիթներից ելնելով: 62-ամյա Բրաֆմանը հայտնի է դարձել թմրաբիզնեսի կնքահայրերից մեկին` Փոլ Կաստելանոյին 1985թ. պաշտպանելու համար: Դրանից հետո նա մաֆիայի եւս մի քանի պարագլուխների ու շոու-բիզնեսի աստղերի պաշտպանությամբ է զբաղվել, որոնց թվում են եղել ռեփեր Շոն Փումսը, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ այլք: Բրաֆմանի հայ ընկեր Մարկ Գերագոսը եւս Ամերիկայի ամենաճանաչված փաստաբաններից է, ով հանդես է եկել մի շարք աղմկահարույց գործերում: Նա պաշտպանել է մանկապղծության մեջ մեղադրված Մայքլ Ջեքսոնին, ինչպես նաեւ` շոու-բիզնեսի մի քանի այլ ներկայացուցիչների:

Գերագոսը հանդես է եկել նաեւ «New York Life Insurance» ապահովագրական ընկերության դեմ ներկայացված հայցում, որով այդ ընկերությունից 20 մլն դոլար փոխհատուցում էր պահանջվում Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ զոհերի ժառանգների համար: Մարկ Գերագոսի ամենավերջին աղմկոտ գործը ԱՄՆ-ի հայկական մաֆիայի պարագլուխ Արմեն Ղազարյանի` Պզոյի պաշտպանության ստանձնումն էր: Վերջինս մեղադրվում է ԱՄՆ առողջապահական համակարգից բազմամիլիոն ապօրինի յուրացումների մեջ: