Յոթ ամսական Արայիկը մանկասայլակին նստած թռչկոտում է ու ուրախության ճիչեր է արձակում: Բոլորին ժպտում է, աչքերը փայլում են:
Մոր` Լիանա Մկրտչյանի սառած հայացքը չի փոխվում անգամ որդու ձայնարկություններից հետո, որով նա փորձում է մոր սիրտը շահել եւ տեղափոխվել նրա գիրկը: Հարեւանները գրկում, սիրում են Արայիկին, ձեռքից ձեռք են տեղափոխում, բայց Լիանան ոչինչ չի նկատում, ուրիշ տեղ է: Այնտեղ, որտեղ պետք է մտածել, թե վաղն Արայիկին ինչո՞վ է կերակրելու, որտեղի՞ց է հացի գումար հայթայթելու, երկու տարեկան Սուսաննային ի՞նչ է ասելու, երբ լաց լինելով ուտել ցանկանա, ինչպե՞ս է երեխաների ջերմությունն ապահովելու, երբ եղանակը ցրտի: Ի վերջո, ի՞նչ պատասխաններ է տալու մանկահասակ երեխաներին, ովքեր շուտով նրան հարցեր են տալու: Ովքեր մի երկու տարի անց հասկանալու են, որ բոլոր մարդիկ բնակարաններում են ապրում, իսկ իրենք` հանրակացարանի նկուղային հարկի միջանցքում:
Ի՞նչ է ասելու. «Լռելու եմ: Հիմա էլ եմ լռում, որովհետեւ չգիտեմ` ձեր հարցերին ի՞նչ պատասխաններ տամ»,- ասում է ու սառած նայում է պատին, որն իր ձեռքերով է շարել, եւ ամեն անգամ դրան դիպչելիս` պատն այս ու այն կողմ է շարժվում: Լիանա Մկրտչյանի հարեւաններն ինձ խնդրել են այցելել Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հասցե եւ փորձել օգնել երիտասարդ կնոջը: «Երեխեքը շատ մեղք են, ախր ո՞նց կլինի, էս քանի ամիս ա` պադյեզդի միջանցքում են ապրում: Մենք տներում ենք, բայց չենք կարում ապրել, խոնավությունը` մի կողմից, կռիսներն ու բլոճները` մյուս: Էս երեխեքն էս պայմաններում չեն կարա ապրեն»,- ասում են Լիանայի հարեւանները, ովքեր վստահեցնում են, որ յոթ ամսական Արայիկին մայրը խտացրած կաթի եւ ջրի խառնուրդով է կերակրում: Լիանան ասում է, որ մանկական կեր գնելու հնարավորություն չունի, դրա համար էլ խտացրած կաթով է կերակրում, որով գոնե մի երկու օր երեխայի քաղցը հագեցնում է: Մասնագետները նրան արգելել են փոքրիկին նման ձեւով կերակրել, բայցգ «Ասեցին` խտացրած կաթ եթե շատ տաս, լավ չի, կհիվանդացնես երեխուն, բայց չեմ կարա կեր առնեմ: Ես էլ կաթ չունեմ»: Մարտ ամսից Լիանան իր երկու մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է հանրակացարանի նկուղային հարկի միջանցք, որտեղ գիշերում, սնվում, մի խոսքով` ապրում են: Վերջերս մի բարակ պատ է շարել, որպեսզի իրենց շարժը եկող-գնացողներին տեսանելի չլինի: Լիանան ասում է` մենակ է, հարազատներ չունի: Ինչ հիշում է` միայն մայր է ունեցել, ով տարիներ առաջ ծանր հիվանդությունից մահացել է: Մայրն իրեն շատ մեծ դժվարությամբ է մեծացրել ու, երբ հիվանդացել, անկողին է ընկելգ «Ոնց որ ես, նենց էլ մամաս, մենակ էր, ոչ մեկը չունեինք, որ մեզ ձեռք մեկնեին: Մամայի մոտ ուռուցք հայտնաբերեցին, հետո էլ ահավոր տառապանքներ սկսվեց: Ես աշխատում էի, բայց, քանի որ մշտական խնամքի կարիք ուներ` դուրս եկա: Դեղորայք, հիվանդանոցներ, սկսեցի պարտքեր անել: Ամսական ոչ մի գումար տուն չէր մտնում, իսկ բուժման ծախսերն էլ շատ մեծ էին: Պարտքերը կուտակվեցին, ու էլ ոչ մի տարբերակ չունեի դրանք մարելու: Բանկից գումար վերցրեցի: Էս նույն շենքում էր մեր տունը, որը իմ անունով էր»,- պատմում է Լիանան` հավելելով, որ բանկից գումար վերցնելով` մտածել է մորը ոտքի կանգնեցնել եւ աշխատելով մարել այն: Մայրը, սակայն, հիվանդանոցում երկարատեւ պառկելուց հետո մահացել է: Մեկ տարի երեք ամիս բանկի մարման գումարը վճարելուց հետո Լիանան այլեւս ի զորու չի եղել գումարը վերադարձնել: Մարտ ամսին բանկը գրավադրված նրա բնակարանը վերցրել եւ վաճառել է: Դրա համար էլ միայնակ կինն իր երկու երեխաների հետ հայտնվել է հանրակացարանի միջանցքում: Հարցնում եմ` «Իսկ ամուսին չունե՞ք, երեխաների հայրն ո՞ւր է»: Լիանան այլայլվելով պատասխանում է` «Չկա, գոյություն չունի: Երեխաները հայր չունեն, չգիտեմ ուր ա ու չեմ էլ ուզում իմանամ: Խնդրում եմ, նրա մասին մի հարցրեք, ինձ դժվար ա»: Կտրուկ փակում է թեման, իսկ դեմքի արտահայտությունն այնպես է չարանում, որ վրդովմունքը չի կարողանում թաքցնել: Չի ցանկանում նրա մասին խոսել, բայց հաստատ ամուսինն ինչ-որ արարք է թույլ տվել, որի պատճառով Լիանան ծանր հարված է ստացել: Շատ վիրավորված է: Ասում է` «Ես հասկանում եմ, որ բնակարան կորցնելն իմ մեղքով ա եղել, ոչ ոք մեղավոր չի, որ ես չեմ կարողացել բանկին փող մուծեմ: Չնայած մեկ տարի երեք ամսվա վճարածս էլ ջուրը գցեցին: Բայց հիմա ահավոր վիճակում ենք: Շուտով ցրտերը կընկնեն, չգիտեմ երեխեքիս ոնց եմ պաշտպանելու ես պադյեզդի մեջ: Շատ եմ վախենում երեխեքիս համար: Էնքան կռիս կա, որ աչք չեմ փակում, երեխեքիս կվնասեն: Մի օր կատուն ձեռքիս չափ կռիսին կերել, ոսկորները բերել մեր գետնին էր դրել, կռիսի կմախքը տեսանք` սարսափեցինք: Գետնին էլ լրիվ բլոճներ են: Էս փալասը գցել եմ, որ իբր փախնեն, էն էլ տակն են լցվում, հիմա որ փալասը հանեմ` կվախենաք, բլոճները շարքով կփախնեն»: Լիանան հիմա երկու երեխաների խնամքը հոգում է 25.500 դրամ աղքատության նպաստով: Միջանցքի հոսանքն ապահովել է հարեւանի օգնությամբ, նրանից է խնդրել լարով մի լամպ միացնել: Երեխաներին լողացնում է բարակ պատի ետեւում: Կոմունալ հարցերը կարգավորում է հանրակացարանի ընդհանուր զուգարան-բաղնիքից օգտվելով, բայց հասկանում է, որ այլեւս անհնար է այդպես ապրել: Դեռ մի քանի ամիս առաջ Լիանան ամաչում էր որեւէ մեկին դիմել` իրենց օգնելու խնդրանքով, սակայն հասկանում է, որ երեխաներն այդ պայմաններում չեն դիմանա: Ասում է` վերջերս դիմել է բարեգործներին` Ռալֆ Յիրիկյան, Գագիկ Ծառուկյան եւ այլք, ովքեր պատասխանել են, որ չեն կարող օգնել, բայց հնարավորության դեպքում կարձագանքեն: «Սուսաննայիս տարա, որ մանկապարտեզ ընդունեն, մտածեցի` կամաց-կամաց երեխաներիս խնամքը կազմակերպեմ, որ կարողանամ իմ աշխատելու հարցերով զբաղվել: Ես շատ աշխատասեր եմ, միշտ էլ աշխատել եմ, քանի դեռ իրար ետեւից էս դժբախտությունները դուռս չէին թակել: Չընդունեցին, ասեցին` պիտի երկու տարեկանը լրանա, որ ընդունենք: Մի քանի օրից կլրանա: Մնում ա Արայիկիս հարցը լուծեմ: Եթե երեխաներս մանկապարտեզ գնան` գոնե ապահով կլինեմ, թե չէ էս կռիսանոցում ամեն բան կարա լինի»,- ասում է նա: Լիանան գիտակցում է, որ կյանքի հատակում հայտնվել է իր չհաշվարկած քայլերի պատճառով, բայց նաեւ պնդում է, որ չէր կարող ձեռքերը ծալած նստել եւ սպասել մոր մահվանը: Ամուսնու մասին ընդհանրապես չի ցանկանում խոսել, բայց երեխաները շուտով կստիպեն, որ նա խոսի: Երեխաներն այսօր ապրում են հանրակացարանի նկուղային հարկի միջանցքում, բայց ամռանից հետո աշուն է գալու, հետո էլ` ձմեռ: Ձմռանը միջանցքում ապրելը նրանց համար կարող է ճակատագրական լինել: