Բուժիչ նամակներ

11/07/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Տուղտ հայկական

«Ալտոե» հունարեն նշանակում է` դեղամիջոց, բուժող բալասան, բազմաթիվ հիվանդություններ բուժող։ Այսպես են անվանել տուղտը Դիոսկորիդիսը եւ Պլինիուսը։ Կա կարծիք, որ բույսը ստացել է իր անվանումը դիցուհիներ Արտեմիսի եւ Լետոյի պատվին, որոնք արագ բուժել են Տրոյայի հերոս Էնեասին, եւ նա վերադարձել է ռազմադաշտ։ Տուղտը փիփերթազգիների ընտանիքի բազմամյա բույս է, բարձրությունը հասնում է 50-150 սմ, երբեմն ավելի։ Կոճղարմատը կարճ է եւ հաստ, դրանից առանձնանում են մի քանի մսոտ, հյութալի դեղնամոխրագույն արմատներ։ Ցողունը մեկն է կամ մի քանիսը, դրանք ճյուղավորվում են միայն վերեւի մասում, կլոր են` մինչեւ 5 սմ տրամագծով։ Ցողունի փայտանյութը կարող է օգտագործվել թուղթ եւ պարան ստանալու համար։

Ալթայի լեռներից մինչեւ Միջին Եվրոպա ընկած տարածքներում բնության մեջ հանդիպում են տուղտի 12 տեսակներ։ Դրանք աճում են խոնավ մարգագետիններում, մերձափնյա մացառուտներում։ Հայաստանում տուղտը հանդիպում է ցածրադիր լեռնային գոտում։

Դեղագործության մեջ եւ ավանդական բժշկությունում օգտագործվում են միայն Տուղտ բժշկականը (Althaea officinalis) եւ Տուղտ հայկականը (Althaea Armenian)։ Այս երկու տեսակներն ունեն մի շարք էական տարբերություններ`

– բժշկականի տերեւները համարյա ամբողջական են, եռանկյուն կամ ձվաձեւ, իսկ հայկական տուղտի տերեւները մատնաձեւ կտրատված են հինգ (միջինները) կամ երեք (վերինները) մասերի,

– բժշկականի պտուղները ամբողջովին խավապատ են, առանց լայնակի կնճիռների, հայկականինը` հարթ հիմքով եւ լայնակի կնճիռներով։

Տուղտ հայկականը ունի թփի կամ ցածր ծառի տեսք, ծաղկաբաժակի տերեւները ձվաձեւ են, ենթաբաժակային տերեւները` գծային-նշտարաձեւ, 7-11 հատ։ Ծաղիկներն աճում են տերեւածոցից, ունեն հերթադիր ողկույզաձեւ դասավորություն, լայն բացված ծաղկաթերթերը հինգն են, վարդագույն, 12-17 մմ երկարությամբ եւ 6-12 մմ լայնությամբ։ Հիմնական պտուղը սկավառականման է, բաղկացած հեշտությամբ կոտորակվող բազմաթիվ սերմակալներից։ Բույսը ծաղկում է հունիս-օգոստոսին, պտղաբերում հուլիս-սեպտեմբերին։ Դեղագործական նպատակներով օգտագործվում է կեղեւից ազատված արմատը, այն պարունակում է 25-30 տոկոս հեշտությամբ ջրում լուծվող լորձ, 30 տոկոս օսլա, 7 տոկոս հանքային նյութեր (հիմնականում` ֆոսֆատներ), 10 տոկոս պեկտին, 5-10 տոկոս շաքար, 2 տոկոս բետաին, 2 եւ ավելի տոկոս ասպարագեն, լեցիտին եւ ֆիտոստերին։ Արմատը օգտակար նյութերի պարունակությամբ եւ քանակով քիչ է զիջում կտավատի սերմին։ Արմատի կեղեւը պարունակում է խցանանյութ, այն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ։ Տերեւները պարունակում են ասկորբինաթթու, կարոտինանյութ, ոչ մեծ քանակի լորձ, կաուչուկանման նյութ։ Պտուղը պարունակում է պինդ վիճակում գտնվող եթերային յուղ, զգալի քանակությամբ ճարպայուղ։ Բույսը մշակվում է բազմաթիվ երկրներում, հատկապես տարածված է Բուլղարիայում, որտեղ ստեղծվել եւ մշակվում է «Ռուսալկա» հիբրիդային տեսակը։ Ըստ նկարագրության` այս երկրում աճող տեսակը մոտ է Տուղտ հայկականին։

Բույսի մատղաշ ցողունից եւ տերեւներից ստանում են պիգմենտ «Մալդիվին», այն օգտագործվում է բուրդը կարմիր գույնի ներկելու համար։ Պտղի յուղը կիրառվում է ներկերի եւ լաքի արդյունաբերության մեջ։

Մեղուները հավաքում են ծաղկափոշին եւ ծաղկահյութը, մեղրատվությունը 1 հա-ից 150-400 կգ է։

Տուղտն ունի փափկեցնող, հակաբորբոքային, պարուրող հատկություններ, արմատից պատրաստված դեղափոշին, օշարակը, «Մուկալտին» դեղահաբերը կարելի է գնել դեղատներում։ Արմատի ջրային թուրմը օգտակար է շնչառական օրգանների լորձաթաղանթի բորբոքման, թոքաբորբի, կապույտ հազի, բրոնխային ասթմայի, միզապարկի բորբոքման, ցավոտ միզարտադրության, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ Թուրմը խմում են էկզեմայի, պսորիազի, նեյրոդերմիտի դեպքում` որպես նյութափոխանակությունը կարգավորող միջոց։ Տաք եփուկով ողողում են կոկորդը, սառը վիճակում թրջոցներ են դնում աչքերին։ Ժողովրդական բժշկությունն օգտագործում է ծաղկման շրջանում հավաքված տերեւների մատղաշ ճյուղերի հյութը։ Օգտագործվում է նաեւ ծաղիկների եւ տերեւների թուրմը կամ եփուկը։ Տուղտի պատրաստուկներն ունեն նաեւ հյուսվածքները վերականգնելու հատկություն։ Պարուրող հատկության շնորհիվ դանդաղում է դեղամիջոցների ներազդեցությունը եւ ավելանում դրանց օգտակարությունը, այդ պատճառով տուղտի արմատը խորհուրդ է տրվում որպես դիետիկ սնունդ։

Դեղատոմսեր

Կապտուկների դեպքում. Մանրացրեք (ջարդեք) տուղտի պտուղը, խառնեք քացախի եւ ձիթապտղի յուղի հետ, քսեք մաշկին։ (Միջնադարի բժիշկ` Օդո Մեն քաղաքից)։ Օգնում է նաեւ միջատների խայթոցի դեպքում։

Հազի նոպաները հանգստացնող միջոց. Մանրացրեք տուղտի սերմը, 1 ճ/գ-ն թրմեք 200 մլ զտված ջրի մեջ, խառնեք 2 թ/գ մեղր, խմեք մեկական ճ/գ, փոքր կումերով։ (Ա. Ամասիացի)։

Շիլա տուղտի տերեւներից. Աղացեք թարմ տերեւները, օգտագործեք արտաքին, գլխացավի, կոտրվածքի, թարախային վերքերի, հոդացավերի դեպքում։ Բուսայուղի կամ սագի ճարպի հետ խառնուրդը քսեք կրծքին` թոքաբորբի դեպքում։

Հյութ տուղտի տերեւներից. Խառնեք մեղրի հետ (3։1), 1 ճ/գ լուծեք գոլ ջրի մեջ, խմեք օրը 3 անգամ։ Օգնում է հազի եւ բորբոքումների դեպքում։

Ստամոքսաբորբի դեպքում. 1 ճ/գ տուղտի ծաղիկները կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, խմեք 50-ական մլ, սնունդ ընդունելուց առաջ, գոլ վիճակում։ Օգնում է նաեւ թունավորումների դեպքում։

Բրոնխային ասթմա. Խառնեք հավասար քանակությամբ ջղախոտի, ապուզանի (Chamaenerion), հաղարջի, տուղտի, մորու, հոռոմ-սամիթի տերեւները եւ մատուտակի արմատը, 1 ճ/գ թրմեք 1 ժամ 300 մլ եռջրի մեջ։ Քամեք, խմեք 100-ական մլ, սնունդ ընդունելուց առաջ, օրվա ընթացքում։

Ցիստիտի դեպքում. Խառնեք արջախաղողի եւ տուղտի տերեւները, եղեսպակի, ձիաձետի խոտերը (1։1։1։3), 1 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք մինչեւ եռալը (ջրային բաղնիք)։ Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։ Բուժման ժամկետը` 10-15 օր։ Օգտակար է նաեւ միզաքարային հիվանդության դեպքում։

Հանգստացնող միջոց` անքնության դեպքում. Խառնեք հոռոմ-սամիթի պտուղը, երիցուկի ծաղիկը, տուղտի, մատուտակի եւ սիզախոտի արմատները (2։2։2։1։1), ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 10 րոպե։ Քամեք, խմեք մեկական ճ/գ, օրը 2-3 անգամ, գոլ վիճակում։

Մազերը փափկեցնող եւ թեփից մաքրող միջոց. Լվացեք մազերը տուղտի տերեւի եփուկով` 3 ճ/գ-ին ավելացրեք 300 մլ եռջուր, եփեք 5 րոպե, թրմեք 2 ժամ (Ա. Ամասիացի)։

Դիմակ

Խառնեք մաղադանոսի հյութը, 1 ձվի դեղնուց, 1 թ/գ թթվասեր, 4-5 կաթիլ տուղտի յուղ։ Քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով։ Տուղտի սերմը ջարդեք եւ թրմեք մեկ շաբաթ բուսայուղի մեջ (1։3)։

Լոսյոն

Խառնեք 2 ճ/գ տուղտի ծաղիկ, մեկ մանր կտրատած վարունգ, փակեք տարան, թրմեք 2 շաբաթ։ Լվացվեք, մշակեք մաշկը եւ քնեք։