Հուլիսի 10-17-ը կայանալիք «Ոսկե ծիրան» երեւանյան 8-րդ կինոփառատոնի 2011թ. գլխավոր անակնկալն աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է լինելու Հայաստան: 60-ից ավելի ֆիլմերում նկարահանված դերասանուհին «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին հանդիպում կունենա հայ հանդիսատեսի հետ: Իսկ հուլիսի 11-ին՝ երեկոյան, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանի Արդանի՝ արդեն որպես ռեժիսոր նկարահանած երկու` «Մոխիր եւ արյուն» եւ կարճամետրաժ՝ «Բացակա երազներ» ֆիլմերը:
Երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը կեսկատակ-կեսլուրջ լրագրողներին խնդրեց, որպեսզի Ֆ. Արդանի հետ ասուլիսի օրը նրան անձնական բնույթի հարցեր չուղղեն: Ավելի կոնկրետ` չհետաքրքրվեն, թե ինչպիսի՞ն է դերասանուհու հարաբերությունները տղամարդկանց հետ, եւ ո՞ր երեխան ումից է: Թեմա էգ
«Այս 8 տարիների ընթացքում մենք բավական մեծ ձեռքբերումներ ունեցանք: Ինչ խոսք, մի քանի թերություններ դեռ անլուծելի են մնացել՝ դահլիճները չեն մեծանում, կինոթատրոնները չեն շատանում: Հույս ունեմ, որ մինչեւ 10-րդ փառատոնը մենք կունենանք մի քանի կինոթատրոն եւ բացման այնպիսի մի դահլիճ, որտեղ կտեղավորվեն բոլոր ցանկացողները: Ես այդ ամենն ինքս ինձ եմ խոսք տվել եւ կարծում եմ, որ դա տեղի կունենա մեր համատեղ ջանքերով: Մենք պետք է համոզենք մեր կառավարիչներին, քաղաքապետին, որպեսզի կարողանանք ձեռք բերել մի դահլիճ, որտեղ կտեղավորվենք բոլորս: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մեծ կամ փոքր կինոփառատոն ունի իր դահլիճը՝ որտեղ անցկացվում են այդ փառատոների բացումները, ցուցադրություններն ու փակումները: Բացի քիչ տեղերից, մի վատ լուր եւս ունենք՝ մեր հյուրերից մեկի՝ Բերտրան Տավերնյեի վատառողջ լինելու փաստն է, որի պատճառով վերջինս չի կարող ժամանել Հայաստան: Բարձր ճնշման պատճառով նրան չթույլատրեցին ինքնաթիռ նստել: Լավ զգալու դեպքում հնարավոր է` փառատոնի կեսից նա միանա մեզ»,- հույս հայտնեց Հ. Խաչատրյանը: Ի դեպ, հանդիսատեսին կներկայացվեն Բերտրան Տավերնյեի Կաննի ՄԿՓ-ում «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացած ՝ «Կիրակին՝ քաղաքից դուրս», երկուական «Սեզարի» արժանացած՝ «Կյանքից բացի՝ ուրիշ ոչինչ», Բեռլինի կինոփառատոնում 3 մրցանակի արժանացած՝ «Ամեն ինչ սկսվում է այսօր», Կաննի ՄԿՓ-ում ներկայացված «Իշխանուհի դը Մոմպասյե» ֆիլմերը:
Հ. Խաչատրյանը նշեց, որ լրագրողների հետ հանդիպելու պատճառներից է նաեւ, որ «մենք» միասին քննարկենք, թե ինչպե՞ս կազմակերպել փառատոնի ընթացքը, որպեսզի կարողանանք մինչեւ հուլիսի 17-ը շարունակել մեր բարեկամությունն ու ընկերությունն՝ առանց կռիվների, քանի որ ինքն արդեն հոգնել է կռիվներից:
Այս տարին «Ոսկե ծիրանի» համար նախանշվեց մի նոր համագործակցությամբ. առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է ցուցաբերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը, որի տնօրենն է Արմեն Սմբատյանը: «30.000 դոլարի չափ ֆինանսական օգնություն են ցուցաբերել իրենց ծրագրին: Մենք գրեթե ծանոթ չենք ԱՊՀ երկրների ֆիլմերին: Այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք ծանոթանալ հարեւան երկրների կինոյի հետ: Մեզ մոտ կժամանի աշխարհի թիվ մեկ ռեժիսորը՝ Աբբաս Քիարոստամին, ով ցանկություն է հայտնել Հայաստանի որեւէ վայրում ֆիլմ նկարահանել: Նա գալու է մեծ խմբով՝ իր հետ բերելով կինեմատոգրաֆիստների եւ լրագրողների, որպեսզի միասին ներկայացնեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման՝«Վավերացված պատճեն» ֆիլմը»,- նշեց Հ. Խաչատրյանը:
Ի դեպ, բացման անմասն բաժին կազմող ծիրանօրհնեքը, պարզվում է, որոշ եկեղեցական այրեր ներկայացնում են որպես հին հայկական ավանդույթ, մինչդեռ այն մտահղացվել է զուտ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: «Հուլիսի 10-ին, ծիրանօրհնեքից հետո, երեկոյան 7:30-ից կսկսվի հյուրերի եւ մասնակիցների շքերթը կարմիր գորգով՝ գլխավորությամբ մեր գեղեցկուհու»,- նշեց Հ. Խաչատրյանը: Ի դեպ, լրագրողներց մեկը բարձրաձայն կատակեց, թե մի պահ կարծեց, որ «գլխավոր գեղեցկուհի» ասելով՝ Հ. Խաչատրյանը նկատի ուներ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: «Գեղեցկուհի ասելով՝ նկատի ունեմ մեր հյուրին՝ Ֆանի Արդանին, եւ մեր բոլոր լավ բարեկամներին, ովքեր ցանկություն կունենան անցնել՝ կարմիր գորգով: Ժամը 8-ին կսկսվի բացման արարողությունը՝ դահլիճում»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Երեւանյան պրեմիերաների շարքում այս տարի «Ոսկե ծիրանը» կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրների՝ Թերենս Մալիկի «Կենաց ծառը»՝ «Ոսկե արմավենու ճյուղ», Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»՝ «Գրան պրի», Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա»՝ «Լավագույն դերասանուհի» (Քրիսթեն Դանսթ), ֆիլմերը: Նույն ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաեւ Բրեյդեն Քինգի «Այստեղ», Պավել Կոստոմարովի՝ «Ես քեզ սիրում եմ» եւ Սերժ Ավետիքյանի ՝«Շների պատմությունը» ֆիլմերը: