Ո՞վ կլինի առաջինը

09/07/2011

Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն փորձում է կազմել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի նախնական տարբերակը: Նա առաջին հերթին ցանկանում է լուծել ցուցակը գլխավորողի հարցը: ՀՀԿ-ում չեն բացառում, որ այն կարող է գլխավորել Ս. Սարգսյանն անձամբ, ինչպես նախօրեին Գյումրիում հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն նույնիսկ դրանից հետո ՀՀԿ-ի համար խնդրահարույց կլինի նաեւ ցուցակի 2-րդ համարի հարցը: Եվ քանի որ տեւական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում ՀՀԿ-ի ցուցակի 1-ին տեղում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հ. Աբրահամյանի մրցակցության մասին, մեր աղբյուրները չեն բացառում, որ ընդհանրապես առաջին մի քանի հորիզոնականները կարող են զբաղեցնել բարձր պաշտոնների հավակնություններ չունեցող, բայց ՀՀԿ-ի հին, տարեց անդամները: Ինչպես անցյալում, այդպես էլ այսօր` հեղինակավոր «Ֆորբսի» հրապարակումից հետո էլ շրջանառվում են Տ. Սարգսյանի հրաժարականի մասին լուրերը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը կառավարության անդամների հետ մարտին կայացած հանդիպման ժամանակ խոսելով գնաճի մասին, հայտարարել էր, որ մինչեւ մայիս-հունիս ամիսները գները պետք է վերադառնան խելամիտ մակարդակի: Նաեւ այդ հանգամանքով էին պայմանավորում տեղեկությունները, որ մայիսին Տ. Սարգսյանը կարող էր պաշտոնանկ արվել` նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառաբանությամբ: Դա, սակայն, տեղի չունեցավ: Ի թիվս այլ գործոնների, նաեւ այն պատճառով, որ ըստ որոշ տեղեկությունների` Ս. Սարգսյանը դեռ չունի վարչապետի համար հարմար թեկնածու: Ինչ վերաբերում է Հ. Աբրահամյանին, ասում են, վերջինս այս առումով Ս. Սարգսյանի համար անցանկալի թեկնածու է: