Գնա` կախվի

09/07/2011

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երեկ անդրադառնալով հեղինակավոր «Forbes» պարբերականի կազմած վարկանիշային ցուցակին, որտեղ աշխարհի 10 վատագույն տնտեսությունների շարքում Հայաստանը զբաղեցրել էր 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Մադագասկարին, ասել է, թե դրանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է «ներողություն խնդրեր ու գնար կախվեր»: «Առաջարկում եմ, որ մեր վարչապետը` Տիգրան Սարգսյանը, գնա-իրան կախի, որ իմ երկիրը 176-րդ տեղում է: Ու եթե նամուս ունենա, էլ ընդհանրապես չի երեւա, տնից դուրս չի գա, կթողնի-կգնա, կջհանդամվի չգիտեմ որտեղ… Իսպանիա: Կգնա, կպրծնենք, մենք էլ կպրծնենք, հանրապետականներն էլ կպրծնեն իրանց ապրանքից»,- ասել է Գ. Եղիազարյանը: Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ ասել է, թե ճիշտ է` Հայաստանում տնտեսական լրջագույն խնդիրներ կան, եւ «ժողովուրդը լավ չի ապրում», սակայն ինքը չի հավատում ամսագրի հրապարակած տվյալներին: «Ճիշտ է, մենք իսկապես ապրում ենք վայրենացած կապիտալիզմի պայմաններում, բայց որքան էլ հեղինակավոր լինի «Forbes»-ը, ես չեմ հավատում Հայաստանի վերաբերյալ նրա զեկույցին, երբ տեսնում եմ նրանց վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ»,- ասել է Հարությունյանը: