Կենացները քաղցրանում են

09/07/2011

Երեկ Եվրախորհրդարանն ընդունել է մի զեկույց, որը, թեեւ ուղղակիորեն չի առնչվում Հայաստանին, սակայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ներկայիս գործընթացում կարող է ազդեցություն ունենալ կողմերի վրա: Այդ զեկույցում, մասնավորապես, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին կրճատել այն երկրների ֆինանսական աջակցությունը, որոնց կառավարությունները չեն հարգում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: «Եվրամիությունը առանց վարանելու պետք է համարժեք եւ խելամիտ պատժամիջոցներ կիրառի ձախողված երկրների առանցքային պաշտոնյաների նկատմամբ, միաժամանակ` աջակցի այդ երկրների բնակչությանը»,- նշված է զեկույցում, որում առաջարկվում է ավտորիտար կառավարությունների փոխարեն` ֆինանսավորել հասարակական կազմակերպություններին ու անկախ լրատվամիջոցներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության: «Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում ետընթաց արձանագրող երկրների նկատմամբ պատժամիջոցները պետք է իրագործվեն համակարգված, պարբերաբար եւ միջազգային հանրության հնարավոր ընդարձակ աջակցությամբ»,- կոչ է արել Եվրախորհրդարանը: Բացի այդ, զեկույցը նաեւ կոչ է անում Եվրահանձնաժողովին եւ ԵՄ երկրներին` ջանքեր գործադրել, որպեսզի Եվրոպայի հարեւանությամբ գտնվող երկրները վավերացնեն Հռոմի ստատուսը եւ լիովին համագործակցեն Հաագայի միջազգային դատարանի հետ: «Կառավարությունները պետք է պատասխան տան մարդու իրավունքները ոտնահարելու, վատ կառավարման, կոռուպցիայի եւ ազգային ռեսուրսները վատնելու համար»,- նշված է զեկույցում: Այս փաստաթուղթը ուշագրավ է հատկապես Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի` նախօրեին արած հայտարարության ֆոնին: «Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին բազմապատկել ջանքերը` ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, եւ գտնել լուծումը մինչեւ տարեվերջ»,- հայտարարել էր Էշթոնը` ԼՂ-ի հակամարտության կարգավորումը կապելով ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրի հետ: «Ինչ էլ որոշվի այդ բանակցություններում, դա մեծապես նաեւ Եվրամիությանն է առնչվում: Եվ մենք ուզում ենք առաջընթաց տեսնել Արեւելյան հարեւանության գագաթաժողովից առաջ, որը նախատեսված է սեպտեմբերին Վարշավայում… Կարգավորումից հետո կարող են բացվել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա սահմանները: Երկաթգծերն ու նավթամուղերը կարող են կառուցվել հնարավոր ամենակարճ ճանապարհով եւ է՛լ ավելի սերտորեն կապել միմյանց տարածաշրջանի երկրները: Եվ, ի վերջո, Հարավային Կովկասը կարող է դառնալ այն, ինչ արդեն պետք է որ լիներ` կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն: