Մեդվեդեւը Պուտինի ստվե՞րն է

09/07/2011

Լեհական «Polska» պարբերականին տված հարցազրույցում շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ իրական մրցակցություն չկա: «Հաջորդ տարի Պուտինը կվերադառնա նախագահական աթոռին: Այսքանը: Մնացածը տեսողական խաբկանք է, թե իբր Ռուսաստանում ինչ-որ ընտրություններ են անցկացվում: Պուտինն այդ խաբկանքը շատ արդյունավետ է ստեղծում: Նրանք երկուսն էլ նույն ռեժիմի ներկայացուցիչներ են: Մեդվեդեւը խաղում է Արեւմուտքի կողմնակցի դերը, սակայն նրա ժամանակն անցել է, հաջորդ տարի նրա տեղը կզբաղեցնի Պրոխորովը»,- ասել է Կասպարովը: Ավելին, նրա կարծիքով` հաջորդ տարի վարչապետ կդառնա ոչ թե Մեդվեդեւը, այլ այն մարդը, ում կմատնանշի Պուտինը, օրինակ, ֆինանսների ներկայիս նախարար Կուդրինը: Կասպարովի բնորոշմամբ` Ռուսաստանի իշխանությունը «մաֆիա» է, որի պարագլուխը Վլադիմիր Պուտինն է, իսկ երկիրը համեմատում է Մուսոլինիի տարիների Իտալիայի հետ: «Պուտինը ցանկանում է կառավարել Ստալինի պես, սակայն ապրել Աբրամովիչի պես: Նրա համար փողերն առաջին տեղում են, քանի որ հենց դրանց միջոցով է նա ամրապնդում իր իշխանությունը, ազդեցություն ձեռք բերում Արեւմուտքում։ Մի մոռացեք, որ նա աշխարհի ամենահարուստ մարդն է եւ կառավարում է ավելի մեծ գումարներ, քան ցանկացած մեկն աշխարհում: Նա կարող է ծախսել մեկ միլիարդ դոլար եւ նույնիսկ չստորագրել անդորրագիրը»,- ասել է ընդդիմադիր Կասպարովը: Նրա գնահատմամբ` այժմ Պուտինն ամրապնդում է իր դիրքերն Արեւմուտքում: Մասնավորապես, այդ ուղղությամբ արված քայլերից է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին եւ Ֆինլանդիայի նախկին վարչապետ Պաավո Լիպոնենին աշխատանքի ընդունելը, իսկ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին Պուտինի բիզնես գործընկերն է: