«Տիտանների» պատերազմը ՀՀԿ-ում

09/07/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արտագաղթի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն ու հեղինակավոր «Ֆորբս» ամսագրի հրապարակած գնահատականը, թե աշխարհում Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում իր վատագույն տնտեսությամբ, անցած 10 օրերին ոչ միայն ընդհանուր քաղաքական, այլ ներիշխանական շրջանակներում ամենաքննարկվող հարցերն են դարձել:

Այդ թեմաները ներիշխանական խնդիրները կրկին վեր հանելու եւ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու պայքարում խանդի տեսարանների առիթ դարձան: Իսկ այս համատեքստում միշտ առաջին պլան է մղվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ չկարողացավ զսպել իր զգացմունքներն ու նույն թեմաների շրջանակում իր կուսակցի ու նրա ղեկավարած կառավարության հասցեին կրկին որոշ ակնարկներ արեց: Նա անդրադարձավ ՀՀԿ-ի ու, ինչպես ասում են` հատկապես իր համար ցավալի թեմաներին` Տ. Սարգսյանի գործունեությանն ու կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականին: Ի դեպ, իշխանության ներսում այսօր առաջիկա ընտրություններն ու այդ ցուցակում թիվ 1 լինելն ավելի կարեւոր խնդիրներ են դարձել, քան` տնտեսության եւ արտագաղթի խայտառակ ցուցանիշները:

«Բավական մտահոգ ենք: Վարչապետին ասել ենք, որ անպայման արձագանքի այդ տեղեկատվությանը: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ասի, որ համապատասխանում է, իսկ եթե` ոչ, ապա անհրաժեշտ է հերքել: Կառավարությունը պետք է բացատրություն տա»,- ասել է Հ. Աբրահամյանը «Ֆորբսի» հրապարակման հետ կապված:

Գաղտնիք չէ, որ Հ. Աբրահամյանը, երկար տարիներ է, վարչապետ դառնալու ցանկություն ունի: Այդ է, թերեւս, պատճառը, որ նրանք մինչեւ հիմա էլ առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին որոշ դիտողություն-ակնարկներ անելու: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀԿ-ի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու հարցին, որը կուսակցության ներսում կռվախնձոր է դարձել: Իսկ Հ. Աբրահամյանի համար, վարչապետությունից բացի, կարեւոր է նաեւ այդ տեղը զբաղեցնելը: «Բայց ում մասին դուք մտածում եք, նա էլ չի գլխավորելու, ասեմ` իմանաք: Ուրեմն` ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, որ հանգստանաք բոլորդ, եւ ընդհանրապես գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում. ցուցակը ով կգլխավորի, թե չի գլխավորի, այդքան էլ կարեւոր չէ»,- նույն թեմայի առնչությամբ հայտարարել էր ԱԺ նախագահը:

Այլ կերպ ասած` նա հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ Տ. Սարգսյանը չեն գլխավորի ՀՀԿ ցուցակը: Եվ հենց այս երկու պաշտոնյաների միջեւ է նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար տեղի ունեցող մրցակցությունը: Նախկինում, գոնե անցած 10 տարիներին, երբեք չի եղել դեպք, որ իշխանության ու հատկապես ՀՀԿ-ի ներսում այդքան անհանդուրժող լինեն իրենց վարչապետի նկատմամբ: Անդրանիկ Մարգարյանի հետեւում ՀՀԿ-ն էր կանգնած: Եվ նրա կուսակիցները, այդ թվում` եւ Հ. Աբրահամյանը նման դեպքերում դժվար թե համարձակվեին իրենց կուսակցից ու կառավարության ղեկավարից որեւէ հարցի շուրջ պատասխան պահանջել, որքան էլ դա արդարացի լիներ: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականի խնդրին: Ա. Մարգարյանի օրոք նման քննարկում չէր կարող լինել, որովհետեւ բոլորի համար էլ պարզ էր, որ առաջին հորիզոնականում նա պետք է լիներ: Անգամ մահվանից հետո` 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա անունը պահպանվեց ցուցակի առաջին հորիզոնականում: Ու քանի որ ՀՀԿ անդամ դառնալուց արդեն մոտ 3 տարի հետո էլ Տ.Սարգսյանին չի հաջողվում լիարժեքորեն ինտեգրվել այդ կուսակցությանը, Հ. Աբրահամյանին հաջողվում է այդ հարցում նրա հետ մրցակցության մեջ հաղթել: Ճիշտ է, վերջին ամիսներին ՀՀԿ-ն իր վարչապետին մարզեր է գործուղում նոր կուսակիցների հետ շփվելու, նրանց անդամատոմսեր բաժանելու համար, բայց Տ. Սարգսյանն իրեն դեռ այդ կուսակցությունում լիարժեք չի զգում: Իսկ դա Հ. Աբրահամյանի համար նրա դեմ հաղթաթուղթ է: Ինչ վերաբերում է ցուցակի առաջին հորիզոնականին, ապա ՀՀԿ-ում եւս Հ. Աբրահամյանի պես հավանական են համարում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց համամասնական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը: Թեեւ Հայաստանում դեռ նման դեպք չի եղել, որ գործող նախագահը գլխավորի խորհրդարանական ընտրությունների նախընտրական համամասնական ցուցակը: Դրանից հետո, սակայն, ասում են, որ այլեւս կռվախնձորի առարկա կարող է դառնալ երկրորդ տեղը, որն այս դեպքում գրեթե հավասարազոր կլինի առաջին հորիզոնականին: Կուսակցության ներսում, բնականաբար, Հ. Աբրահամյանի եւ Տ. Սարգսյանի միջեւ այս պայքարին լավատեղյակ է նաեւ Ս. Սարգսյանը, ով, ասում են, փորձում է հարցը լուծելու տարբերակներ գտնել: Ըստ ՀՀԿ-ականների, չի բացառվում, որ ընդհանրապես ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնեն հին հանրապետականները, ովքեր բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնություններ չունեն: Օրինակ` Ռազմիկ Զոհրաբյանը, նրանից հետո` Գագիկ Մինասյանը, եւ այլք: Իսկ վիճահարույց անձինք` Տ. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը, կարող են հայտնվել ավելի ցածր հորիզոնականներում: Իհարկե, սա չի նշանակում, որ այս անձինք բարձր պաշտոններ չեն զբաղեցնի, բայց գոնե այդպիսով ցուցակում թիվ 1-ը լինելու հարցը հնարավոր կլինի լուծել եւ ներկուսակցական պառակտման առարկա չդարձնել: Հատկապես որ, ՀՀԿ-ում, այս երկուսից բացի, էլի անձինք կան, ովքեր թե ցուցակում, թե իշխանության մեջ ձգտում են պաշտոնների բարձրացումների: Ինչ վերաբերում է Հ. Աբրահամյանին, ապա ՀՀԿ-ում, ասում են, թե առաջիկա ընտրություններին ու դրանից հետո նրան ոչ միայն վարչապետի պաշտոն, այլ այսօրվա չափ լիազորություններ չեն տրվի: Ինչպես դա արվեց անցած տարեվերջին կուսակցության համագումարի ժամանակ: Ասում են, որ այն ժամանակ էլ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը ցանկանում էր Տիգրան Թորոսյանի փոխարեն եւ Ռազմիկ Զոհրաբյանի, Գալուստ Սահակյանի ու Մուշեղ Լալայանի հետ միասին դառնալ կուսակցության չորրորդ փոխնախագահը: Սակայն Ս. Սարգսյանը դա թույլ չտվեց: ՀՀԿ-ում խոսում են, որ Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանի համար պակաս վստահելի անձ է եղել թե իր հավակնությունների, եւ թե իր կապերի պատճառով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում ու ներքաղաքական շրջանակներում նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում Հ. Աբրահամյանի ու Ս. Սարգսյանի միջեւ լարված հարաբերությունների մասին, որը, ասում են, կարճ ժամանակամիջոցում հարթվեց: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ Հ. Աբրահամյանի խնամիական կապն ու երկուսի հնարավոր միասնությունը վտանգավոր է համարվում իշխանությունների համար: Այդ երկու գործիչների ֆինանսական ու մարդկային ռեսուրսները ցանկացած ժամանակ կարող են խնդիրներ առաջացնել: