ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվո նախագահ, պորտուգալացի խորհրդարանական Ժոաո Սուարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ: Հուլիսի 8-ին մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Վեհաժողովի նախագահ, հույն Պետրոս Էֆտիմիուն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակներին հրավիրել է մի հանդիպման, որի ընթացքում երկու պատվիրակությունների հետ համաձայնեցրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի անձնական ներկայացուցչի Հարավային Կովկասի հարցերով զեկուցողի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո այս պաշտոնը մնում էր թափուր: Ներկայումս Պետրոս Էֆտիմիուն որոշել է այս պաշտոնին առաջադրել ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի Ժոաո Սուարեշի թեկնածությունը, ում լավ են ճանաչում եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում: Սպասվում է, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում կհայտարարվի այդ նշանակման մասին: