Փակ սահմանի գինը

09/07/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս հարցը հանգիստ չի տալիս ոչ հայերին, ոչ թուրքերին։ Երեկ սահմանի բացմանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի համար դրա տնտեսական հետեւանքներին անդրադարձել է թուրքական «Ռադիկալ» օրաթերթը։

Թերթի՝ տնտեսական հարցերով լրագրող, հայազգի Արամ Էքին Դուրանը, ով վերջերս այցելել էր Հայաստան, խնդիրը դիտարկել է հետեւյալ տեսանկյունից՝ ձեռնտո՞ւ է արդյոք սահմանի բացումը հայաստանցի խոշոր գործարարներին։ Զրուցելով փորձագետների, բիզնեսմենների եւ լրագրողների հետ՝ Դուրանը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանն օլիգարխների ճիրաններում է, եւ վերջիններս, օգտագործելով իշխանությունների հետ ունեցած կապերը, վերահսկում են երկրի արտահանումն ու ներմուծումը։ «Հարեւան երկիր Հայաստանի հետ առկա փակ սահմանի հետ կապված խնդիրն ուղղակի ջուր է լցնում Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանի երկրներում տեղավորված օլիգարխների ջրաղացին։ Թուրքիայից իրականացվող ներմուծումը մոնոպոլացրել են մոտ 40 օլիգարխներ, որոնք իշխանությունների հետ ունեցած կապերի շնորհիվ միլիարդավոր դոլարներ են դիզում։ Այդ օլիգարխները, որոնց թվում կան պատգամավորներ, թույլ չեն տալիս, որպեսզի զարգանա փոքր եւ միջին բիզնեսը»,- գրում է Արամ Էքին Դուրանը՝ փաստելով, որ օլիգարխների շահերից չի բխում սահմանի բացումը։

Լրագրողը մեջբերել է գործարար Քրիստ Փիլոսյանի խոսքերը, թե որոշ ընկերություններ կտրականապես դեմ են Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ «Իսկ պատճառը շատ պարզ է. ԵՄ ստանդարտներին համապատասխանող թուրքական ապրանքների հետ մեր ներքին շուկայում չենք կարող մրցել: Սակայն այդ մրցակցության հետ կապված մտահոգության ետեւում մեծ է Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ եկած օլիգարխների ազդեցությունը»,- գրում է Արամ Էքին Դուրանը` ավելացնելով, որ սկսած շինարարությունից` վերջացրած պարենամթերքով, գրեթե բոլոր հանրային տենդերները շահում են օլիգարխներին պատկանող ընկերությունները։

Իհարկե, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը օլիգարխիկ է։ Սակայն հայ-թուրքական սահմանի տնտեսական էֆեկտի առումով՝ մասնագիտական լուրջ հետազոտություններ չեն կատարվել։

Քիչ թե շատ պրոֆեսիոնալ հետազոտություն արվել է միայն մեկ անգամ՝ մի քանի տարի առաջ, AEPLAC կենտրոնի կողմից։ AEPLAC-ի փորձագետները եկել էին այն եզրակացության, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար իրականում տնտեսական էական նշանակություն չի կարող ունենալ: Մասնավորապես, կենտրոնի այն ժամանակվա ղեկավար Տիգրան Ջրբաշյանի տվյալներով` 1 տարվա կտրվածքով Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր ընդամենը 0,67 %, արտահանումը` 5,23 %, իսկ հինգ տարվա կտրվածքով` համապատասխանաբար` 2,7 % եւ 17,7 %:

Այն ժամանակ այս հետազոտությանը մեր տնտեսագետների մի մասը լուրջ չէր վերաբերվում, եւ կարծում էր, որ դա պատվեր է։ Լուսահոգի Էդուարդ Աղաջանովն, օրինակ, նույնպես կարծում էր, որ սահմանները բացելուց հետո Հայաստանում մրցակցություն կառաջանա, ինչը ձեռնտու չի լինի մեր օլիգարխներին։ «Իզուր չէ, որ որոշ հաշվարկներ կան, թե Թուրքիայի սահմանի բացումը կարող է բերել չնչին բարելավման: Իմ կարծիքով` դա արված է իրենց պատվերով: Թուրքական ապրանքի մրցակցության դեպքում օլիգարխները կզրկվեն իրենց արտադրության ու ներմուծման մենաշնորհից: Իսկ դրա հետեւանքն էլ այն կլինի, որ շահելու է առաջին հերթին ժողովուրդը, գները կիջնեն: Եթե մենք թուրքական ապրանքներից ենք վախենում, ապա զարգացած երկրների ապրանքի հետ ինչպե՞ս ենք մրցելու: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան այնքան էլ զարգացած երկիր չէ, բա այսօր-վաղը մենք ուզում ենք մտնել Եվրամիության շուկաները, բա ո՞նց ենք մտնելու: Ես համոզված եմ, որ այդպիսի պրոտեկցիոնիզմը կատարվում է օլիգարխների թելադրանքով, որպեսզի իրենք ունենան գերշահույթներ»,- ասում էր տնտեսագետը:

Այդ խոսքերից արդեն 5 տարի է անցել, սակայն դատելով հնչող կարծիքներից՝ տրամադրությունները չեն փոխվել։ Վախը դեռ կա։ Նշենք, որ վախի պատճառները կարելի է գտնել թե՛ վիճակագրության մեջ, թե՛ իրական կյանքում։ Օրինակ` այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ գերազանցել է 80 միլիոն դոլարը, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի շուրջ 4%-ը։ Փակ սահմանների պարագայում դա փոքր ցուցանիշ չէ։ Սակայն «վախենալուն» ոչ թե դա է, այլ այն, որ այդ 80 միլիոնի մեջ արտահանումը կազմում է ընդամենը 512 հազար դոլար։ Այսինքն՝ մենք Թուրքիայի հետ ունենք ահավոր մեծ առեւտրային բացասական հաշվեկշիռ։ Ընդ որում, Թուրքիայից ներմուծման իրական ծավալներն ավելի մեծ են, քան ցույց է տրվում, քանի որ ապրանքները Հայաստան են բերվում հիմնականում Վրաստանով` ամենատարբեր սխեմաներով, բեռնափոխադրող ու միջնորդ ընկերությունների միջոցով։ Դժվար է նաեւ ճշգրիտ ասել, թե կոնկրետ ի՞նչ ապրանքներ են ներմուծվում։ Սակայն դատելով հայաստանյան շուկայի դիտարկումներից՝ կարելի է ասել, որ ներմուծվում է ամեն ինչ՝ սննդամթերքից սկսած, մինչեւ էլեկտրական սարքավորումներ։ Դժվար է այսօր մատնանշել որեւէ ապրանք, որի թուրքական տարբերակը մեր շուկայում չլինի։ Ընդ որում, բավական մատչելի գնով եւ ավելի լավ որակով, քան չինականը։

Թվում է՝ մրցել այս ապրանքատեսակների հետ դժվար կլինի։ Սա, բնականաբար, վախեցնում է մերոնց։ Այսինքն՝ սահմանի բացմամբ անհանգստանում են ոչ միայն ներմուծող օլիգարխները, այլեւ տեղական արտադրողները եւ որոշ փորձագետներ։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը, այսպես թե այնպես, լայն սպեկտրի արտադրություն չունի. տեղական արտադրանքի առյուծի բաժինը կազմում է սննդամթերքը, որը տեղական շուկայում մրցակցությանը հաստատ կդիմանա, եւ հանքարդյունաբերության ոլորտը, որն ընդհանրապես մրցակցությունից դուրս է։

Թուրքական ապրանքը, ըստ էության, մրցելու է այլ երկրներից ներմուծված ապրանքների հետ, ինչից միայն կարելի է շահել։ Էլ չենք խոսում տրանսպորտային ծախսերի կրճատման, հնարավոր ներդրումների եւ թուրքական շուկայի մասին, որի ուղղությամբ կարելի է աշխատել։ Իսկ ընդհանրապես մրցակցությունից վախենալը (առավելեւս՝ ոչ բարեկամական երկրի հետ) նշանակում է` պարզապես սեփական թուլության խոստովանություն։