Ասում է աշխարհասփյուռ մասոնականների համաժողովի մասնակից, ֆրանսահայ մասոնական, Մասոնական մեծ օթյակի անդամ Վարուժան Գրիգորյանը
– Պարոն Գրիգորյան, կասեք` ի՞նչ է մասոնականությունը, ո՞րն է մասոնների առաքելությունը:
– Ան առաքելություն մըն է, որ կաշխատի անձի վրա, որպեսզի այդ անձը բարձրանա: Ինչպես որ կասի` բարձրացիր, որպեսզի բարձրացնես: Այդ աշխատանքն է, որ կտանենք մեզ վրա: Ադոր համար հետաքրքիր է մասոնը, որովհետեւ եղբայրություն է, որ կուզե տարածվել արդեն միջազգային մակարդակով` ամեն երկրի վրա եղբայրներ ունենալով:
– Դուք դրական կողմից ներկայացրեցիք մասոնականությունը, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է մեր հասարակության մեջ այն բացասական կերպ ընկալվում, ո՞րն է պատճառը, որ այն շատերին նույնիսկ վախեցնում է:
– Որովհետեւ կարծում են` այս փակ ժողովներին մեջ Աստված գիտի` ինչ բաներ կընթանան: Ամենը դատարկ խոսքեր են: Մասոնական առաջին հարցերը, որ մենք ունենք, որ կհարգինք, հանրապետության նախագահն է, եւ ոչ մեկ քայլ պետք է չընենք, որպեսզի անհանգստություններ սկսեն տեղային օրենքներու վրա…. Եվ այլն, եւ այլն: Եվ մարդասիրական օգնություն պետք է բերես ժողովուրդին, եթե կարող ես, առանց քո ընտանիքիդ տուժելու:
– Պարզապես մասոնականության մասին միստիկ ընկալում կա…
– Մարդիկ կկարծեն` երբ որ դուռը կկողպենք, ինչ-որ բան կընենք գաղտնի: Իրավ է, որ ամեն մասոն ազատ է արտահայտելու, որ ինքը մասոն է, բայց չի կարող ասել իր ընկերոջ մասին նույնը: Դա է ազատությունը: Բացասական կարծիքի վրա զարմանում եմ, եթե կրնա մեկը, որ բացասական կարծիք ունի, գա ասի` պարոն Գրիգորյան, այս բանը վատ ես անում, ես էլ նրան կասեմ` գեշ բան չեմ արած, ցույց տուր` որն է իմ արած գեշ բանը:
– Իսկ ինչպե՞ս են դառնում մասոն, ովքե՞ր են մասոնները:
– Պետք է որ ոչ թե անհատը որոշի` ինքը մասոն է, այլ պետք է մյուս մասոնները որոշեն, ընդունեն, գուշակեն, որ այդ մարդը լավ մարդ է, եւ մենակ շփվելով չէ, որ մասոն են դառնում. պետք է փաստ տա, որ կառավարության դեմ չի աշխատում, որ Ոստիկանության համար չի աշխատում, եւ, ի վերջո, պետք է լուրջ մարդ լինի:
– Երեկ Երեւանում ավարտվեց հերթական մասոնական ժողովը: Ի՞նչ որոշվեց ժողովի ժամանակ, ի՞նչ քննարկվեց, եւ քանի՞ հոգի էին ներկա:
– Նոր անդամներ մտան, ուրիշ ծրագրեր կմշակենք, նոր ժողով կա հոկտեմբերին, եւ կշարունակվեն մեր գործերը: Քանի որ ժողովը երեկ ավարտվեց, ես չեմ կարող Ձեզ ասել արդյունքները: Հայաստանում Մասոնական մեծ օթյակը բոլորովին անկախ կազմակերպություն է, որ իշխում է Հայաստանին մեջ: Արդեն 9 տարեկան է, մի քանի ամսից կլրանա Մասոնական մեծ օթյակի 10-րդ տարին: Տարբեր ծրագրային ուղղություններ ունենք` որբերի, հիվանդների համար եւ այլն: Մենք ուզում ենք, որ մարդիկ աշխատեն ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդն ավելի լավ ապրի:
– Քանի՞ մասոն կա ողջ աշխարհում:
– Մեր կազմակերպությունում 9 միլիոն են:
– Իսկ Ձեր նպատակը ո՞րն է:
– Հիմնական իմ նպատակն է` Հայաստանը լավ ապրի: Հայաստանեն լավ տեղ չկա: Աշխարհի կողմերն եղել եմ, բայց Հայաստանեն լավ տեղ չկա: Եթե հայն այստեղ մնա, այստեղից լավ տեղ չկա: Ես Ֆրանսիա ծնվել եմ, հայրս եւ մայրս աղետեն փրկվածներ են, նրանք հանդիպել են Ֆրանսիայում, ընտանիք կազմել: Բայց այնտեղ օտար ես, մեր տունն այստեղ է:
– Ասացիք, որ շատ ծրագրեր եք մշակել, իրականացրել Հայաստանում: Կթվարկեք կոնկրետ մի քանի ծրագրեր, որոնք իրականացրել եք, եւ ինչ արդյունք են դրանք տվել:
– Անուններ կան, որ չեմ ուզեր ասել, բայց ինձ վերաբերողները կասեմ: Բերինք 32 ավտոբուս եւ 11 տրոլեյբուս: Ադ տրոլեյբուսները տեսնում եմ քաղաքում, իսկ ավտոբուսները մեջտեղեն հելան, որովհետեւ… Որոշ ծրագիրներ ունեինք, որ բոլոր ավտոբուսները, կանգառները, մետրոն, ամենը վերանորոգվի: Մենք կուզեինք, որ տրամվայ դնեն, որովհետեւ ապագան դա է, բայց քանի մը անձեր քանի մը գիծերու վրա մարշրուտներ կդնեն, որ անունով ժողովրդի համար է, բայց իրենց անձնական շահերի համար է: Երբ որ իմ ղեկավարությամբ ավտոբուսներ բերինք, պայմաններ դրած էինք` 50 դրամեն ավելի չպիտի ըլլա, բայց… Դադարեցրինք….
Ստիպված մեր քաղաքապետի մասին պետք է ասեմ, ոչ ներկա (անունը չեմ նշեր, ինքը կըգհասկնա, որ իր հետ եմ) ավտոբուսների համար մեզ չօգնեց….
Շատ բաներ, չեմ ուզում ամենը թվել: Զզվելի բան է, բայց կշարունակենք, քանի որ հայ ենք:
– Ստացվում է` պետական մարմինները խոչընդոտո՞ւմ են Ձեր աշխատանքներին:
– Այո, կխանգարին:
– Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ են խանգարում, ինչո՞ւ չեն օգնում, որ ավելի լավ ապրի ժողովուրդը:
– Որովհետեւ, իմ կարծիքովս, ամեն գործերու մեջ կուզեն բաժին ունենալ: Ես դեմ եմ, 40 տարի է` կուգամ, բան չունիմ, փոր մը հաց կուտիմ, կելլեմ, կերթամ: Քանի մը տարի Ռ. Քոչարյանի խորհրդատուն էի, երբ որ Ֆրանսիա եկավ, մեր քաղաքի պատվավոր քաղաքացիություն ստացավ, սփյուռքում պատրաստ էին օգնելու, բայց… Բայց պետք է, որ Հայաստանը չկարծի, թե սփյուռքը կով մըն է, որ պետք է կթել: Դժվար է, մուրացկանի պես կերթայինք, փող կհավաքեինք, եւ ադ փողերը նպատակներին չեն ծառայում բոլորովին: Նորեն ըսեմ` շատ ուրախ եմ, որ Հայաստանն անկախ է, ինչով որ կարող ենք, մինչեւ շնչում ենք, կօգնենք Հայաստանին:
– Քանի որ խոսեցինք Հայաստան-սփյուռք հարաբերություններից, Ձեր կարծիքով` Հայաստան-սփյուռք հարաբերություններում չի՞ արձանագրվել որոշ հեռացում միմյանցից:
– Այո, հիմա սփյուռքը հեռացած է Հայաստանից, որովհետեւ չափազանցություններ շատ եղան. հարուստն ավելի հարստացավ, աղքատն ավելի աղքատացավ:
– Սփյուռքի հաշվի՞ն:
– Այո, նաեւ սփյուռքի: Սփյուռքն այդպես է տեսնում: Բայց ուրիշ բան մըն էլ կա. անգործությունը շատ է ամբողջ աշխարհում, ուղղակի Հայաստանում այս չափազանցությունները շատ-շատ են:
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
Zham.am