Աջակցություն ԱԺ-ի՞ն, թե՞ «Օրինաց երկրին»

10/11/2005

Չնայած 2008թ. նախագահական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, բայց ընտրապայքարն արդեն սկսվել է։ Իրեն հիմնական թեկնածու համարող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի քայլ հենց այնպես չի անում. նրա բոլոր գործողությունները, այդ թվում` եւ կազմակերպած միջոցառումները, միտված են դրան։ Ասում են, USAID-ն «Աջակցություն ԱԺ-ին» ծրագրի շրջանակներում 2 մլն դոլար է հատկացրել Ա. Բաղդասարյանին։ Իսկ մինչ այդ «ԱԺ հզորացման» ծրագրի շրջանակներում եւս 2 մլն դոլար էր հատկացրել ԱԺ նախագահին։ Թե ինչ նպատակների ու կոնկրետ ինչի վրա են ծախսվել ու ծախսվելու այդ գումարները, անհայտ է։ Մեր աղբյուրի պնդմամբ, ինչպես նախորդ 2 մլն-ի հիմնական մասը, այնպես էլ երկրորդ «տրանշը», ԱԺ նախագահը բացառապես կծախսի ՀՀ նախագահի աթոռի համար ծավալված ընտրապայքարում հաղթանակներ ապահովելու նպատակով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին փոխըմբռնման հուշագիր է ստոագրվել ԱԺ-ի եւ USAID-ի միջեւ։ Այն ստորագրել են USAID-ի հայաստանյան առաքելության ղեկավար Ռոբին Ֆիլիպսը եւ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանը։ Վերջինս նշել է, որ փաստաթղթի ստորագրումը կմեծացնի պառլամենտական ինստիտուտի դերը ՀՀ-ում։ Հուշագիրը նախատեսում է ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար բյուջեով ծրագրի իրականացում, որը պետք է ուղղվի ԱԺ-ի միջազգային, ինչպես նաեւ տեղական բնակչության հետ կապերը սերտացնելուն։ Ծրագիրը ներառում է ԱԺ անձնակազմի թրեյնինգներ, տեխնիկական օգնություն եւ այլն։ Ըստ Ռ. Ֆիլիպսի, դա դեռ 2004-ին մեկնարկած նախորդ ծրագրի շարունակությունն էր, որի արժեքը նույնպես 2 մլն դոլար էր։ Ի դեպ, շատերին զարմացրել է այն հանգամանքը, որ Տիգրան Կարապետյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ իր հեռուստաեթերից քննադատական որեւէ խոսք չի հնչեցնում ՕԵԿ հասցեին։ ԱԼՄ-ից մեզ տեղեկացրին, որ Ա. Բաղդասարյանը USAID-ի «Աջակցություն ԱԺ-ին» ծրագրի շրջանակներում հատկացված 2 մլն-ից համակարգիչներ է գնել եւ նվիրել ԱԼՄ-ին։ Եվ նրանց միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՕԵԿ-ի հասցեին հնչող սեւ PR-ը դադարեցնելու վերաբերյալ։