Քրիստի Հելմեն աշխատում է Էստոնիայի մանկավարժական թերթում՝ որպես լրագրող: Երբ նրան հարցրեցի իրենց երկրի կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի մասին, մեղմ ժպտալով՝ պատասխանեց. «Մեր կրթական համակարգում դա բացառվում է: Կարող եմ վստահաբար ասել, որ մեզ մոտ կոռուպցիա չկա»: Քրիստիի փոխանցմամբ՝ իրենց կարեւորագույն խնդիրներից մեկն ամբողջ կյանքի ուսումնառության մասին հասարակությանը տեղեկատվություն հաղորդելն է: Երիտասարդ լրագրողուհու կարծիքով՝ եվրոպական հասարակության ծերացման գործընթացը սպառնում է նաեւ Էստոնիային, եւ դա է պատճառը, որ ամբողջ կյանքի ուսումնառության ծրագիրն ակտիվորեն իրականացվում է նաեւ իրենց մոտ: Այս մասին հունիսի 16-19-ը Բաթումում տեղի ունեցած եռօրյա համաժողովի ժամանակ մասնակիցներին ասաց Քրիստին՝ խոսելով ԶԼՄ-ների դերի մասին: Ի դեպ, նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր ՏԵՄՊՈՒՍ-ի (Trans European Mobility Program for University Studies)) եւ «ԴԻՎԻՎԻ ինտերնեշյոնալ» կազմակերպության համատեղ ուժերով: Համաժողովին մասնակցում էին ՏԵՄՊՈՒՍ-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համալսարանների ներկայացուցիչներ: Քննարկվող թեմաներն էին՝ ցկյանս համալսարանական ուսումնառությունը, մեծահասակների կրթությունը եւ ուսուցումը, հանրային կապերն ու մարքեթինգը, համալսարանական ցկյանս ուսումնառությունը Եվրոպայում: Ծրագրի համաձայն՝ համաժողովի մասնակից երեք երկրների ներկայացուցիչները պետք է ներկայացնեին համալսարանական ցկյանս կրթության վիճակն իրենց երկրներում:
«Ավստրիայում 2020թ. յուրաքանչյուր երրորդ մարդ 60-ն անց կլինի: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ի՞նչ է դա նշանակում: Մյուս կողմից՝ այդ մարդիկ պետք է նաեւ աշխատանք ունենան: Բոլորս էլ գիտենք, որ ընկերությունները նախընտրում են երիտասարդ ուժերի ներգրավել, եւ հաճախ այդ տարիքի մարդկանց ուղղակի ասում են՝ մենք ավելի ջահել մարդկանց ենք ընդունում աշխատանքի»,- ասաց Ցկյանս կրթության եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեա Վաքսենեգերը: Նա ներկայացրեց համալսարանական ցկյանս ուսումնառությունը Եվրոպայում: Ըստ նրա՝ հատկապես մեր օրերում առավել քան կարեւոր է համալսարանների դերը մարդու ամբողջ կյանքի ուսումնառության համար: Առաջին հայացքից եվրոպացի ակադեմիկոսի դիտարկումը խիստ վերացական էր, սակայն վերջինիս հետ զրույցի ընթացքում առավել քան ակնհայտ էին իրական վախերն ու անհանգստությունները, որ ուներ Ավստրիայի կրթության ոլորտի ներկայացուցիչը: Նա բավական հանգամանորեն էր բացատրում ամբողջ կյանքի ուսումնառության անհրաժեշտությունը՝ նկատելով, որ համալսարանը, բացի գիտելիք տալուց, պետք է հմտություններ փոխանցի: Էստոնիայի բաց համալսարանի ղեկավար Կադրի Կիգեմանն էլ ընդգծեց հատկապես համալսարանների մարքեթինգի դերը: «Մենք պետք է աջակցենք այդ մարդկանց, որ հետագայում աշխատանք ունենան: Էստոնիայում այդ խնդիրը եւս շատ մեծ է, հատկապես դա նկատելի է մեծահասակների շրջանում ամբողջ կյանքի համար կրթության ասպարեզում: Կարծում եմ, որ մեծահասակները եւս պետք է ակտիվ հասարակական կյանքով ապրեն եւ սովորելու հնարավորություն ունենան»,- նշեց Կադրի Կիգեմանը: Համաժողովի մասնակիցներից` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) դասախոս Նվարդ Մանասյանի փոխանցմամբ՝ ցկյանս կրթությունը բազում խնդիրներ է լուծում ճիշտ գործադրելու դեպքում: «Առաջինը արեւմտյան երկրներում ցկյանս զբաղվածության փոխարեն ակտուալ դարձավ ցկյանս զբաղվունակությունը, քանի որ մարդն իր կյանքի ընթացքում մի քանի աշխատավայր էր փոխում, հաճախ` նաեւ ուղղվածություններ: Այս պարագայում կարեւոր էր միշտ մնալ գործունակ ձեռնահասությունների տեսանկյունից, եւ համալսարանները պիտի արձագանքեին այս ամենին: Մասնավոր հատվածն արդեն սկսել էր տարբեր թրեյնինգային ծրագրերով, սեփական կրթական կոմպոնենտներով ծածկել համալսարանների բացը»,- նշեց Ն. Մանասյանը: Վերջինիս կարծիքով՝ ցկյանս ուսումնառությունը նաեւ սոցիալական խնդիր է լուծում: «Բացի այդ, այն մարդու դրական իրավունքներից մեկի՝ կրթության՝ պետության կողմից երաշխավորելու նորագույն մոտեցումն է: Եթե նախկինում ստիպված պիտի 4 տարի կտրվեիք ամեն բանից եւ սովորեիք, հիմա կարող եք ավելի ճկուն եւ անհատական հետագծով, տարվա կտրվածքով ավելի քիչ գումար ծախսելով եւ աշխատանքից չկտրվելով՝ ստանալ բարձրագույն կրթություն: Էլի կան առավելություններ, սակայն մեկն էլ ավելացնեմ` վերջապես հնարավոր դարձավ շարժվելը: Այսպիսի համակարգում սովորողը կարող է հորիզոնական՝ այն է` մեկ կրթական մակարդակի շրջանակում, օրինակ, Պադուայի համալսարանից հետո գալ ԵՊԼՀ, հետո գնալ Լյուվեն, իսկ ավարտական որակավորումը ստանալ Սորբոնում, կամ էլ ուղղահայաց, երբ սովորողը կարող է ավարտել ԵՊԼՀ-ն, ապա մեկնել Բոլոնիա՝ ուսումը շարունակելու նպատակով: Սրանք սովորողների համար անասելի հնարավորություններ են բացում: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ դրախտ է այսպիսի համակարգը գիտնականի կամ հետազոտողի համար»,- ասաց ԵՊԼՀ-ի դասախոսը: Թե որքան արագ Հայաստանը կարող է որդեգրել ամբողջ կյանքի համար ուսումնառության այս ռազմավարությունը` դժվար է ենթադրել, իսկ առավել քան դժվար է պատկերացնել, որ միգուցե մի օր մենք էլ հպարտանալու առիթ ունենանք, որ մեր երկրի կրթական համակարգում կոռուպցիա չկա: