«Ոսկե ծիրանի» բերքահավաքը սկսվում է

09/07/2011

Վաղվանից Երեւանում մեկնարկում է Հայաստանում տարվա ամենակարեւոր մշակութային միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային ամենամյա կինոփառատոնը:

Վերջինս, մեր երկրում որպես նոր զարգացող երեւույթ, ամեն տարի կանգնում է գրեթե նույն գլոբալ պրոբլեմների առջեւ: Առաջինը կինոդահլիճների սակավությունն է: Երեւանում այսօր կա «մեկուկես» կինոդահլիճ` հաշվի առնելով «Նաիրի» կինոթատրոնի կիսատ-պռատ աշխատանքը: Կինոփառատոն կազմակերպող քաղաքի համար դա չափազանց վատ ցուցանիշ է, ինչն իր հերթին թույլ չի տալիս ֆիլմերի նորմալ քանակ ապահովել:

Երկրորդ, ֆինանսական խնդիրները կինոփառատոնի կազմակերպիչներին հնարավորություն չի տալիս համաշխարհային հնչեղություն ունեցող շատ ֆիլմեր բերել Հայաստան: Դրան գումարած` փառատոնի դեռեւս ոչ այնքան մեծ համբավը համաշխարհային ասպարեզում, որն էլ խանգարում է, որպեսզի մրցութային ծրագրերում հայտնվեն աշխարհահռչակ կինոգործիչների ստեղծագործությունները: Եվ վերջապես, ամեն տարի «Ոսկե ծիրանի» առաջնային խնդիրն այն է, թե ով է լինելու կինոփառատոնի դեմքը: Այս տարի այդ հարցն արդեն լուծված է. այսօր Երեւան է ժամանում 62-ամյա աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ով 2008-ից նաեւ հանդես է գալիս որպես ռեժիսոր:

Սակայն «Ոսկե ծիրանն» այս տարի ամենամեծ հաջողությունների հասել է, թերեւս, «Երեւանյան պրեմիերա» արտամրցութային ծրագրում: Այստեղ ընդգրկված են այս տարվա Կաննի փառատոնում աղմուկ հանած միանգամից 3 ֆիլմ` ամերիկացի Թերենս Մալիկի` «Ոսկե արմավենուն» արժանացած «Կենաց ծառը», դանիացի Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիան» եւ աշխարհում ամենաճանաչված թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ժապավենը: Ի դեպ, վերջինս ներկայացվելու է հենց ռեժիսորի կողմից: «Երեւանյան պրեմիերա» ծրագրում ցուցադրվելու է նաեւ Սերժ Ավետիքյանի` անցյալ տարի Կաննի «Ոսկե արմավենուն» արժանացած «Շների պատմությունը»:

Նշենք նաեւ, որ նախորդ տարիների «Ոսկե ծիրանի» փորձը ցույց է տալիս, որ փառատոնի ընթացքում լավ եւ վատ անակնկալները չեն բացառվում: Վերջին րոպեներին իրենց մասնակցությունն են հաստատում տարբեր կինոգործիչներ: Կամ ընդհակառակը, ոմանք հրաժարվում են Երեւան գալ:

Ինչ վերաբերում է փառատոնի մրցութային ֆիլմերին, ապա վաղն առավոտյան մեկնարկում է դրանց ցուցադրությունը, իսկ երեկոյան փառատոնը պաշտոնապես կբացվի աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Աբբաս Քիարոստամիի «Վավերացված պատճենը» ժապավենով` Ժյուլիետ Բինոշի մասնակցությամբ:

ԹՈՄՍՈՆ