Ադրբեջանում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները, խոստովանենք, անսպասելի էին շատերի համար: Բացառությամբ ԵԱՀԿ դիտորդների, միջազգային մյուս (հատկապես ամերիկյան) կազմակերպությունների դիտորդները ընտրությունների վերաբերյալ բավական լավ գնահատականներ են տվել:
Իսկ ահա ադրբեջանական ընդդիմությունը, ի դեմս «Ազադլիգ» դաշինքի, ի սկզբանե տեղի ունեցած ընտրությունները որակել էր «ամենակեղծված ընտրությունները, որոնք երբեւէ տեղի են ունեցել Ադրբեջանում» ու հայտարարել, թե իրենք չեն ճանաչում քվեարկության արդյունքները: Ընդդիմությունը նախապես հայտարարել էր, թե ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով հանրահավաք է անելու նոյեմբերի 8-ին: Սակայն երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ «Ազադլիգ» դաշինքի ղեկավար Իսա Գամբարն ասել է, որ բողոքի ակցիան կկայանա նոյեմբերի 9-ին: Բացի այդ, ադրբեջանական ընդդիմությունը, որը հայկական ընդդիմության նման, հեղափոխության խորհրդանիշ է ընտրել նարնջագույնն ու հանդիպումների է գնում միայն այդ գույնի փողկապ կապած, պատրաստվում է դատարանում բողոքարկել ընտրությունների արդյունքները: Նշենք, որ ըստ նախնական արդյունքների՝ ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիեւի գլխավորած «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որը ստացել է խորհրդարանի 125 տեղերից 62-ը: Ընդդիմությունն, ի դեմս «Ազադլիգ» դաշինքի, խորհրդարանում կկազմի փոքրամասնություն ու նույնիսկ 10 տեղ էլ չի ունենա: Իսկ խորհրդարանի մնացած տեղերը հիմնականում բաժին են հասել անկուսակցականներին: Բնականաբար, Ադրբեջանում կայացած ընտրություններն իրենց ազդեցությունը կունենան նաեւ տարածաշրջանում տեղի ունենալիք գործընթացների վրա: Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Հրաչ Գալստյանի հետ:
– Ինչպես ՏԻՄ ընտրություններում, Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւս մեծ խախտումներ չեն եղել: Արդյունքում, Ադրբեջանի ընտրություններից հետո դիտորդները դրական գնահատականներ տվեցին: Այստեղ եւս քվեարկության արդյունքները որոշվել էին նախօրոք, քանի որ այդ երկրում եւս ադմինիստրացիան տոտալ վերահսկողություն է ապահովում:
– Ի սկզբանե ակնհայտ էր, որ միջազգային դիտորդները դրական գնահատական են տալու: Երբ Ադրբեջանում ձերբակալվում էին ընդդիմության ներկայացուցիչները, միջազգային հանրությունը կարծես թե կոշտ գնահատականներով հանդես չեկավ:
– Ամերիկացի հայտնի քաղաքագետ Արիել Կոենի գնահատականները պարզապես հիացական էին, թե փայլուն ընտրություններ են անցկացվել, ու դրանք նույնիսկ կարող են օրինակ ծառայել: Այստեղ մի հետաքրքիր դրվագ կա՝ Կոենն ասում է, թե այս ընտրությունները կարող են օրինակ ծառայել մուսուլմանական հարավային պետությունների՝ Իրանի եւ Իրաքի համար: Եվ սա շատ հետաքրքիր է: Ադրբեջանը ԱՄՆ-ին ավելի շատ հետաքրքրում է ոչ միայն հարավկովկասյան, այլ նաեւ Մերձավոր Արեւելքի քաղաքական զարգացումների համատեքստում: Ադրբեջանն ամերիկյան լրատվամիջոցներում ու վերլուծաբանների կողմից շատ հաճախ շոշափվում էր Մերձավոր Արեւելքի համատեքստում:
– Ինչո՞ւ:
– Դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը Ադրբեջանում իսկապես մեծ շահեր ունի ու դրանք կապված չեն միայն Հարավային Կովկասի հետ: Ադրբեջանն ԱՄՆ-ին հետաքրքրում է ավելի մեծ համատեքստում: Այս երկիրն իրենից մեծ կարեւորություն է ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի համար: ՌԴ-ն պատրաստ է մեծ զիջումների գնալ Ադրբեջանի հետ՝ տարբեր հարցերում, միայն թե իր ներկայությունը կարողանա ապահովել: Նույնը նաեւ ԱՄՆ-ը:
– Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխություններից» հետո կանխատեսումներ կային, թե հաջորդը լինելու են Ադրբեջանն ու Հայաստանը:
– Ուկրաինայում, Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունները կատարվեցին ներքին խաղացողների կողմից եւ ոչ թե դրսի ուժերի միջամտությամբ: Եվ ընդհանրապես, իշխանափոխությունները լինում են երկրների ներսում, դրսից իշխանափոխություն չի կատարվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ի սկզբանե ակնհայտ էր, որ այդ երկրի ներքին քաղաքական ռեսուրսները բավարար չէին իշխանափոխություն եւ այդ իշխանափոխությունից հետո ժողովրդավարական համակարգեր ապահովելու համար: Բացի այդ, գլոբալ խաղացողների համար Ադրբեջանում շատ կարեւոր է կայունությունը եւ հետագա զարգացումների կանխատեսելիությունը, քան թե դեկլարատիվ ժողովրդավարությունը: Գլխավոր խնդիրը դրվում է կայունության եւ կանխատեսելիության վրա: Բայց պետք է նշեմ, որ նրանք կանխատեսելի են միայն կարճատեւ, երեւացող հեռանկարում: Վաղ թե ուշ եւ ՀՀ-ում, եւ Ադրբեջանում հեղափոխություններ լինելու են: Ամբողջ Հարավային Կովկասում կամ պետք է իրական բարեփոխումներ կատարվեն, կամ էլ հեղափոխություններ տեղի կունենան:
– Իսկ այդ ընտրությունները տարածաշրջանում եւ մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա, Ձեր գնահատմամբ, ի՞նչ ազդեցություն կունենան:
– Ադրբեջանում խաղացողներն ու խաղի պայմանները չեն փոխվել: Ալիեւն ու Քոչարյանը չեն փոխելու իրենց մարտավարությունն ու ստատուս-քվոյի պահպանման խաղը նույն հունով առաջ են տանելու: Թեեւ, այս վիճակի պահպանման դեպքում, կորուստները շատ ավելի մեծ կլինեն, քան ակնկալվելիք շահերը: Ընդ որում, դա կլինի երկու երկրների համար էլ: Վերջին 3-4 ամիսը մեզ մոտ մոդա է ընկել խոսել այն մասին, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին արհեստականորեն հավասարեցնելու, նույն տախտակի վրա են դնելու: Իրականում արհեստական հավասարեցման խնդիր գոյություն չունի: Հավասարեցումն ըստ էության է: Մենք մեծ քաղաքական զարգացումների մակարդակով նույն փուլում ենք գտնվում եւ իրար հաճախ կրկնում ենք: Մենք ոչ մի բանով Ադրբեջանից առաջ չենք, նրանք էլ մեզանից առաջ չեն: