Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց հունվար-մայիս ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամբողջական ցուցանիշները՝ արձանագրելով, թե մեր տնտեսությունը որքանո՞վ է աճել այս տարվա առաջին 5 ամիսներին։
Օրեր առաջ հրապարակված հունվար-մայիս ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշներից պարզ դարձավ, որ այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 9.9%-ով։ Սակայն հունվար-մայիս ժամանակահատվածի համար նույն ցուցանիշը դեռ հայտնի չէր։
Հիմա արդեն հայտնի է նաեւ ամբողջական ցուցանիշը. 2011թ. հունվար-մայիսի ՏԱՑ-ը 2010թ. հունվար-մայիսի նկատմամբ կազմել է 105.1%։ Այլ կերպ ասած՝ տնտեսական աճը առաջին հինգ ամիսների կտրվածքով կազմել է 5.1%։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Դժվար է ասել։ Եթե նկատի ունենանք, որ այս տարվա համար բյուջեով նախատեսված է 4.6% տնտեսական աճ՝ ապա կարելի է ցուցանիշը ուրախալի համարել, քանի որ գերազանցում է ծրագրայինը։ Ըստ երեւույթին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այս ցուցանիշի մասին ավելի շուտ գիտեր, քանի որ օրեր առաջ հայտարարում էր, որ տնտեսական աճը կգերազանցի բյուջեով նախատեսված ցուցանիշը։
Սակայն հաշվի առնելով 2009 թվականին արձանագրված խորը անկումը, ապա նման ցուցանիշով հնարավոր չէ հասնել մեր կառավարության կողմից հայտարարվող ծրագրերի իրականացմանը։
Բացի այդ, եթե նկատի ունենանք, որ մինչճգնաժամային ցուցանիշների հաշվարկման ժամանակ մեկ ԱՄՆ դոլարն արժեր 305 դրամ, ապա այսօրվա ցուցանիշները դոլարային արտահայտությամբ շատ ավելի պակաս են։ ԱՎԾ-ն համախառն ներքին արդյունքի հաշվարկ չի կատարում, սակայն պարզ է, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի ավելացել։
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առեւտրի ոլորտում կարծես ամեն ինչ դեպի լավն է գնում. արտահանումն աճել է ավելի քան 30%-ով՝ 486.7 միլիոն դոլար, իսկ ներմուծման աճը ավելի քիչ է՝ 12.6%։ Եվ չնայած սրան, արտաքին առեւտրի բացասական սալդոն շարունակում է մեծանալ եւ կազմում է 1 միլիարդ 82 միլիոն դոլար։ Նկատի ունեցեք, որ սա՝ ընդամենը 5 ամսում։
Չնայած վիճակագիրները արձանագրում են միջին ամսական անվանական աշխատավարձի աճ, սակայն նույն վիճակագիրները խոստովանում են նաեւ, որ գնաճը հասել է այնպիսի մասշտաբների, որ մարդկանց գնողունակությունն ընկել է։
Արդյունաբերության ոլորտով հպարտացողների համար նույն վիճակագրությունը փաստում է, որ ցուցանիշն աճում է հանքարդյունաբերության հաշվին։
Մի խոսքով՝ իրականում ուրախանալու ոչինչ չկա, որքան էլ մեր պաշտոնյաները փորձեն համոզել, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Ընդ որում, այլեւս չեն կարողանում համոզել ո՛չ արտասահմանցիներին, ո՛չ էլ սեփական ժողովրդին։ Զարմանալի չէ, որ «Forbes» պարբերականն աշխարհի 177 երկրների ցանկում մեր տնտեսությունը տեղավորել է վատագույն տնտեսությունների ցանկի երկրորդ հորիզոնականում։ Եթե հիշենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեզ անվանում էին «Կովկասյան վագր» եւ զուգահեռներ էին անցկացնում Սինգապուրի նման երկրների հետ, ապա ամեն ինչ ավելի է խճճվում։
Իսկ սեփական ժողովուրդն իր հիասթափությունը եւ անվստահությունը կառավարության գործունեության ու պաշտոնական ցուցանիշների նկատմամբ արտահայտում է արտագաղթելով։ Ընդ որում, եթե իշխանությունները երկար ժամանակ հերքում էին, որ արտագաղթը վտանգավոր չափերի է հասել, ապա երեկ արդեն Սփյուռքի նախարարն է ահազանգել այդ երեւույթի մասին։
Ուշագրավն այն է, որ բեկումնային զարգացման հնարավորությանը չեն հավատում անգամ իշխանությունները։ Այսպես, «2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի» նախագծի համաձայն` առաջիկա երեք տարիներին տնտեսական աճը չի գերազանցի 5%-ը։ Մասնավորապես, 2011 թ. համար ծրագրված է 4.6% տնտեսական աճ, իսկ 2012-2014 թթ. իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 4.2%, 4.5% եւ 4.8%-ի չափով:
Փաստաթղթում նշվում է, որ աճին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը (նպաստումը 2012-2014թթ. ՀՆԱ-ի միջին 4.5% աճին կկազմի համապատասխանաբար 1.7 եւ 1.1 տոկոսային կետ): Փաստաթուղթը պատրաստել են Ֆինանսների նախարարության մասնագետները, որոնց միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել միջազգային կազմակերպությունների ներկայացրած համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները: «Ակնկալվում է, որ այլ հավասար պայմաններում համաշխարհային տնտեսությունում կգրանցվի շարունակական աճ եւ գլոբալ պահանջարկի մեծացում: Մետաղների միջազգային գների միջավայրը միջնաժամկետում չի վատթարանա, մյուս կողմից` կշարունակեն վերականգնվել արտերկրից եկող դրամական փոխանցումները` հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսության ակնկալվող դրական զարգացումներով»,- նշված է փաստաթղթում։ Այսինքն՝ 5%-ից պակաս, համեստ աճը իրական է միայն այն դեպքում, երբ աշխարհում ամեն ինչ նորմալ ընթանա եւ ցնցումներ չլինեն։ Կարճ ասած՝ մեր պետությունը դարձել է չափազանց զգուշավոր իր կանխատեսումների մեջ։
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ