ՁՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԹԱԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԼԻՆՈՒՄ

09/07/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Զոհրաբյան, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վերջին մի քանի սոցհարցումների արդյունքներով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վարկանիշով առաջին տեղում է հայտնվում: Իսկ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թե նախագահի, թե վարչապետի պաշտոնների համար ամենացանկալի մարդն է համարվում: Հանրությանը նման արդյունքներ ներկայացնելն արդյո՞ք չի մտահոգում Հանրապետական կուսակցությանը:

– Այդ հարցումները նման են ոչ թե իրականությանը, այլ ավելի շուտ վիրտուալ են, որովհետեւ ասում են` եթե արտահերթ ընտրություններ լինեն: Բնականաբար, այդ եթե-ներին ես էլ կարող եմ եթե-ներով պատասխանել: Իսկ եթե իրականության մեջ լիներ, ապա այդ ցանկում անպայման կլիներ գործող նախագահի անունը: Քանի որ այդ անունը չկա, ուրեմն այդ հարցումները վիրտուալ ոլորտում են: Մենք արտահերթ ընտրություններին դեմ ենք պարզ պատճառներով, եւ, բնականաբար, հանրապետության նախագահի մասին արտահերթ ընտրությունների մասով չի կարող հարցում լինել: Բացի այդ, սոցիոլոգներն ազատ են հարցում անցկացնել ամենուր, ամեն վայրկյան, ամեն հարցի շուրջ: Եվ եթե այնտեղ չկա հանրապետության նախագահը, ինչ-որ մեկը պետք է լինի թեկնածու եւ բռնի առաջին տեղը: Հետո Ա.Ադիբեկյանը շատ լավ է հասկանում, որ կա կոալիցիա, կոալիցիոն հուշագիր, որտեղ հստակ գրված է, որ 2013թ. նախագահի թեկնածուն գործող նախագահն է: Եվ նույն Գ.Ծառուկյանն իր ԲՀԿ-ով պաշտպանում է նրա թեկնածությունը: Այստեղից արդեն պարզ է դառնում, որ սա այլընտրանքային տարբերակի հարցում է, եւ կոալիցիայի միասնությունը չի խախտվել, հուշագիրը գործում է:

– Ո՞րն է այլընտրանքային տարբերակը, իշխանություններն այլընտրանքային սցենարնե՞ր ունեն, որ Ա.Ադիբեկյանն էլ այլընտրանքային հարցումներ է անցկացնում:

– Ոչ, ես ասում եմ, որ կա հուշագիր, կա 3 քաղաքական ուժերի համաձայնություն` 2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Բնականաբար, դրանից դուրս հարցումներ անել, այն էլ` արտահերթ ընտրությունների համար, չի լինելու: Ես էլ եմ վերջերս ասել, որ եթե նույնիսկ նշանակվի արտահերթ ընտրություններ, ՀԱԿ-ը ամենաքիչ ձայները կհավաքի: Կարծում եմ, որ դրանում չեմ սխալվել: Ա.Ադիբեկյանն էլ է ասում, որ ավելի լավ է ՀԱԿ-ը գնա հերթական ընտրությունների, որովհետեւ արտահերթի դեպքում քիչ ձայներ կտանի:

– Իսկ միգուցե այդ սոցհարցումներն ուղղված են ընդդիմությա՞ն դեմ, ցույց տալու համար, թե Գ.Ծառուկյանն ու ԲՀԿ-ն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան ՀԱԿ-ն ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չէ՞ որ ՀԱԿ-ն է արտահերթ ընտրություններ պահանջում:

– Մամուլում գրում են, որ այդպիսի բանավեճ կա, եւ թե ով է երկրորդ տեղում, ով` երրորդ տեղում: Եվ այս հարցումների պատասխանից բխում է, որ Լ.Տեր-Պետրոսյանը երկրորդ տեղում է: Դա նշանակում է, որ գործող կուսակցության առկայության դեպքում դա երրորդ տեղն է: Այսինքն` ինչպես միշտ, հայտարարել է Գ.Ծառուկյանը, ԲՀԿ-ն երկրորդ եւ ոչ թե երրորդ տեղում է:

– Բայց եթե Լ.Տեր-Պետրոսյանը Ա.Ադիբեկյանին կամ մեկ այլ սոցիոլոգի հարցում պատվիրեր, ինքը կարող էր հայտնվել առաջին տեղում: Ինչպես մի անգամ Դուք էիք ասել` ով վճարում է, նա էլ պատվիրում է:

– Եվ ՀԱԿ-ը, եւ մյուս ուժերը կարող են սոցհարցում պատվիրել: Մենք դեռեւս չենք պատվիրում, որովհետեւ մեր ուժերի վրա վստահ ենք եւ առանձնապես արտահերթ ընտրությունների շուրջ հարցումներ չենք անում:

– Այսինքն` եթե վաղը ՀՀԿ-ն պատվիրի Ա.Ադիբեկյանին, Ս.Սարգսյանն առաջին տեղո՞ւմ կլինի:

– Մենք պատվեր չենք տալիս, պարզապես դրանք ծառայություններ են: Մեզ իր ծառայությունները ժամանակին առաջարկել է նաեւ հայտնի «Գելափը» եւ այլք: Պարզապես հիմա մենք այդ խնդիրը չունենք: Մենք վստահ ենք, որ կոալիցիան 2013-ին պաշտպանելու է իր թեկնածուին: Կարծում եմ, որ այսօր կոալիցիան գերիշխող է: Այստեղ վեճը գնում է ավելի ներքին հարթություններում: Երկրորդ-երրորդ-չորրորդ տեղերի մասին է խոսքը, որտեղ Ա.Ադիբեկյանը ԲՀԿ-ին տվել է առաջին տեղը ՀՀԿ-ից զատ:

– Ա.Ադիբեկյանը որոշ թվաբանություն ներկայացրեց, որտեղ յուրաքանչյուր սոցհարցման արժեքը ավելի քան 25 հազար դոլար էր կազմում: ՀՀԿ-ն սոցհարցում պատվիրելու համար ամեն անգամ այդքան գումա՞ր է վճարում:

– Ես դժվարանում եմ նման թվերի մասին խոսել: Բնականաբար, գումար արժի, որովհետեւ մարդիկ աշխատում են, նաեւ աշխատավարձ են ստանում, մարզեր են գնում, ինչ-որ ծախսեր կան, բայց ես թիվ չեմ կարող ասել: Բնականաբար, այդ հարցումների համար պետք է վճարել: Ձրի հարցումները թակարդում են լինում:

– Որքան էլ Դուք ասեք, թե համերաշխ եք կոալիցիոն հուշագրի շուրջ, չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ լարվածություն կա, որը ժամանակ առ ժամանակ սրվում է:

– Լարվածություն չեմ նկատում, եթե լիներ, մամուլում դուք էլ կզգայիք: Այդ հուշագրից հետո լարվածության որեւէ դեպք չի եղել: Քաղաքական տարաձայնություններ կամ վեճեր կարծես թե չկան, եւ տա Աստված, որ մինչեւ 2012-2013թ. այդպես լինի: Ինչպես մենք, այդպես էլ ԲՀԿ-ն ուզում է մնալ իշխանության մեջ, ունենալ ավելի շատ ձայներ, տիրապետել ավելի մեծ քաղաքական, տնտեսական լծակների:

– Ասում եք, թե կոալիցիոն հայտարարությունից հետո լարվածությունն անցել է: Բայց մայիսի 23-ին Գ.Ծառուկյանն ԱԺ-ում թեեւ հաստատել էր, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին է մասնակցելու, նախագահական ընտրությունների առնչությամբ նշել էր. «Մնացածը` մյուս դասին»: Այսինքն` նա չէր հաստատել նախագահի ընդհանուր թեկնածու ունենալու` կոալիցիոն պայմանավորվածությունը: Ու եթե նոր հայտարարություն ստորագրելուց հետո էլ նա ասում է` «հաջորդ դասին», ուրեմն, ցանկանում է որոշակի լարվածություն պահել կամ պայմանավորվածությունից հրաժարվելու համար հող նախապատրաստել: Իսկ այդ հայտարարությունը զարմանալիորեն ՀՀԿ-ի կողմից մնաց աննկատ եւ անարձագանք:

– Դուք մոռանում եք, որ կոալիցիոն գործընկերները հանդիպում են նաեւ ներքին կարգով եւ ոչ միշտ պաշտոնապես: Ի վերջո, այնպես չէ, որ ծանոթ չենք իրար, լավ էլ մոտիկ ծանոթ ենք: Եվ դա ընդամենը փոքրիկ ինտրիգ էր, ավելի շուտ` ֆոլկլորի դասից, եւ ոչ թե քաղաքական: Երեւանյան ֆոլկլոր է:

– Բայց քաղաքականության մեջ երկրորդ ուժի ղեկավարի կողմից նման հայտարարությունները պատահական չեն լինում:

– Այդ հայտարարությունը եղել է ամիսներ առաջ, եւ նրանց կողմից հայտարարություն չի եղել, թե առանձին թեկնածություն ունեն: Նա նաեւ ասել էր, որ մենք պաշտպանեցինք նախագահին, որ նա ուժեղ լինի արտաքին հարաբերությունների մեջ: Դա ասում է այն մասին, որ իրենք պաշտպանում են գործող նախագահին եւ հուշագրին: Գալուստ Սահակյանը մի կատակ է արել, երեք օր է` կայքերում գրում են, թե ուրեմն իշխանությունները լուրջ չեն ընդունում երկխոսությունը: Բա ընդդիմությունն այդքան մամուլի միջոցով Գ.Սահակյանի եւ Ռազմիկ Զոհրաբյանի վրա կատակներ է անում, դա ընդունելի է, Գ.Սահակյանինը ընդունելի չէ: Նույնն էլ Գ.Ծառուկյանն է ասել` հաջորդ դասին: Դա էլ կատակի նման բան է:

– Այնուամենայնիվ, կոալիցիոն նոր հայտարարությունից հետո ՀՀԿ-ն վստա՞հ է, որ ԲՀԿ-ն 2013թ. կպաշտպանի Ս.Սարգսյանին եւ չի ունենա սեփական թեկնածուն:

– Քանի դեռ կոալիցիոն հուշագրի վերաբերյալ չի արվել նոր հայտարարություն, որ իրենք փոխում են իրենց կարծիքը, մենք իրավունք չունենք կասկածել, որովհետեւ մենք երկար երկխոսել, զրուցել, բանակցել ենք եւ ստորագրել ենք: Կարծում եմ` այդպես է կարգը, քաղաքականության մեջ կա բարոյականություն, եւ եթե մի բան ասել ես, խոսքիդ տերն ես: Եթե դու դրանից ետ ես կանգնել, ապա գոնե հայտարարություն պիտի անես: