Ով վճարում է, նա էլ պատվիրում է

09/07/2011

Արահոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը մայիս-հունիս ամիսներին Երեւանի եւ ՀՀ մարզերի 1650 քաղաքացիների շրջանակում հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ովքեր են նախագահի եւ վարչապետի ամենահավանական թեկնածուները արտահերթ ընտրություններ լինելու պարագայում:

Համաձայն այդ սոցհարցումների` արտահերթ ընտրությունների դեպքում թե՛ նախագահի, թե՛ վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն, պարզվում է` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Իսկ ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա Ա. Ադիբեկյանն ասել է, թե նրանց անունները հարցաթերթիկում չեն ընդգրկել, որպեսզի հստակ պատկերացում լինի, թե նրանց չմասնակցելու դեպքում ինչպիսին կլինեն արտահերթ ընտրությունների արդյունքները: Ադիբեկյանի տվյալներով` արտահերթ ընտրությունների դեպքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` որպես նախագահի թեկնածու, երկրորդ տեղում է` Գ. Ծառուկյանից հետո, իսկ որպես վարչապետի թեկնածու` վեցերորդ տեղում է: Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը եւս նշվել է հարցվածների կողմից. որպես նախագահ` նա չորրորդն է` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետո, իսկ որպես վարչապետ` երկրորդը: Այսինքն` Գ. Ծառուկյանից հետո: ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը` որպես նախագահի թեկնածու` հինգերորդն է, իսկ որպես վարչապետ` չորրորդը: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անունը, պարզվում է` Ա. Ադիբեկյանը նույնպես ներառել է հարցաթերթիկում, եւ նա որպես նախագահի թեկնածու` վեցերորդ տեղում է, իսկ որպես վարչապետ` հինգերորդ: Ի դեպ, Ադիբեկյանի դիտարկմամբ` այս անգամ քաղաքական էլիտան եւ հավանական թեկնածուները նոսրացել են: Սոցիոլոգի խոսքերով, եթե 1998 թվականին նախագահի հավանական թեկնածու դիտարկվում էր շուրջ 21 հոգի, ապա այսօր` ընդամենը 14, իսկ վարչապետի թեկնածուների թիվը 19 է:

Ա. Ադիբեկյանի խոսքով` հարցվածները, որպես վարչապետի թեկնածու` նշել են նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, «Վիվա Սել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Սակայն, ըստ Ա. Ադիբեկյանի` բնակչությանն առավել մտահոգում են սոցիալական խնդիրները, հետեւաբար, նախեւառաջ, հարցվածները նախագահին տեսնում են որպես սոցիալական խնդիրներ լուծող: Սակայն այս պատկերը թերի է, եւ այն լրիվ այլ կլինի, եթե ցուցակում ընդգրկվեին նաեւ գործող նախագահն ու վարչապետը: Ռոբերտ Քոչարյանի բարձր վարկանիշը որպես վարչապետ` Ա. Ադիբեկյանը պայմանավորում է այն բանով, որ նրա օրոք տնտեսապես կտրուկ զարգացում եղավ: Նրա խոսքով, Ռ. Քոչարյանը որպես տնտեսվարող ավելի ընկալելի է, քան որպես քաղաքական գործիչ: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Ադիբեկյանի կարծիքով` վաղաժամկետ ընտրություններ պահանջելով, ՀԱԿ-ը «սոփեստական» հարցադրում է անում: «ՀԱԿ-ը հարցնում է` պատրա՞ստ եք գնալ վաղաժամկետ ընտրությունների. եթե իշխանություններն ասում են` այո, ապա ընդունում են, որ անօրինական են, եթե ոչ` ուրեմն բռնապետ են: Երկու դեպքում էլ` ինչ ասեն, ՀԱԿ-ն է շահում: Վաղաժամկետն արհեստական շինծու խնդիր է, որը, սակայն, դառնում է իրադարձությունների առանցք: Այլ խնդիր, որը ՀԱԿ-ը կառաջադրի քննարկման համար որպես առանցք, չկա»,- երեկ ասել է Ա. Ադիբեկյանը` հավելելով, թե կա 15 տոկոս ձայն, որին հավակնում են ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն: Ավելին, ըստ նրա, եթե ՀԱԿ պահանջած արտահերթ ընտրությունները տեղի ունենան, ապա դրանից ամենաշատը կշահի ԲՀԿ-ն, քանի որ այդ կուսակցությունը զբաղվում է սոցիալական հարցերով. «Ծառուկյանին ցույց են տալիս, փող է բաժանում, տրակտոր է բերում, առեւտրային կենտրոն է բացում: Հետո` «Բարգավաճ Հայաստան»: Նա ձգտում է Հայաստանը բարգավաճ դարձնել»,- ասել է Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ ի տարբերություն ԲՀԿ-ի` ՀՀԿ-ական գործիչները հիմնականում խոսում են ղարաբաղյան հիմնախնդրից եւ ընդդիմության հետ փոխհարաբերություններից: Ադիբեկյանի կարծիքով` ՀԱԿ-ը պետք է «կռահի» դա եւ հրաժարվի վաղաժամկետ ընտրություններից, քանի որ հերթական ընտրությունների պարագայում ՀԱԿ-ը ավելի շատ ձայն կհավաքի: Եվս մեկ ուշագրավ հայտարարություն է արել երեկ Ա. Ադիբեկյանը. ըստ նրա` ՀԱԿ-ի վարկանիշն ավելի բարձր է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանինը, եւ, նրա կարծիքով` ՀԱԿ-ն «ավելի կշահի, եթե նոր երիտասարդ թեկնածու առաջադրի»: «Սակայն ՀԱԿ-ը կադրային խնդիրներ ունի եւ հզոր առաջնորդներ չունի»,- ասել է Ա. Ադիբեկյանը: