Մինչեւ սեպտեմբեր իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է համաձայնության գան արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների եւ պայմանների վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, թե մինչեւ սեպտեմբեր ոչ միայն պետք է սկսվեն ընդդիմություն-իշխանություն բանակցությունները, այլեւ պետք է արդյունք ունենան: Հակառակ դեպքում, ըստ Զուրաբյանի` կնշանակի, որ հասարակությունը եւ ընդդիմությունն այլ ելք չունեն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար, եւ միակ ճանապարհը մնում է ժողովրդի կողմից զանգվածային ճնշումն իշխանությունների վրա: Նրա համոզմամբ, այդ ճնշումը կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ, այդ թվում` նաեւ քաղաքացիական անհնազանդություն: «Դրա մեջ ամեն ինչ կարող են լինել` եւ՛ շուրջօրյա հանրահավաքներ, եւ՛ կարեւորագույն մայրուղիներում բլոկ-պիկետներ, որը պետք է ստիպի իշխանություններին հասկանալ, որ ժողովրդի հետ այսպես վարվել չի կարելի»,- ասել է Լ. Զուրաբյանը: Նրա փոխանցմամբ, Հայաստանը պետք է անցում կատարի դեպի ժողովրդավարություն, եւ հարցն այն է, թե արդյո՞ք իշխանությունները կմասնակցե՞ն այդ պրոցեսին, թե՞ ոչ: Նրա կարծիքով, այդ մասնակցությունը հնարավոր կլինի, եթե իշխանությունը կառուցողական բանակցություններ վարի Կոնգրեսի հետ, իսկ եթե ոչ, ապա իշխանությունները որեւէ մասնակցություն այդ անցումային ժամանակահատվածում չեն ունենա` դրանից բխող բոլոր հետեւանքներով: