«ԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ԲԱՅՑ ԵՍ ՍԱՏԱՆԱ ՉԵՄ»

09/07/2011

Հայաստանում, պարզվում է, այս պահի դրությամբ Grand Orient De France ֆրանկոմասոնական օթյակի 15-20 անդամ կա: Այս մասին երեկ Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նշյալ օթյակի ղեկավար, մեծ վարպետ Գի Արսիզեն:

Օթյակում 50 հազար մասոն է հաշվվում, իսկ ամբողջ աշխարհում նրանց թիվը 500 հազար է: Ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիայի ֆրանկ-մասոնները չեն թաքցնում իրենց ինքնությունը: Գի Արսիզեի խոսքով, Հայաստանի ֆրանկ-մասոնները չեն ցանկանում բացահայտվել, քանի որ դեռեւս չեն ձեւավորել իրենց օթյակը, եւ իր այցն ուղղված է հենց նրան, որպեսզի այդ հարցում աջակցություն ցուցաբերի հայ եղբայրներին. «Նրանք մեր եղբայրներն են, եւ մենք աջակցում ենք նրանց: Նրանք կդառնան լիարժեք օթյակ, բայց դրա համար, իհարկե, մեծ ժամանակ կպահանջվի»: Խոսելով Հայաստանի մասին` օթյակի ղեկավարը նշել է, որ իր տպավորությամբ` այստեղ մասոնական շարժումը վտանգավոր աղանդ են համարում. «Ֆրանսիայում մասոնությունը միավորում է 150 հազար մարդու, Հայաստանում դրանք 15-20 հոգի են: Նրանք չեն ուզում հրապարակավ խոսել իրենց գործունեության մասին, քանի որ նախ ուզում են կառուցել օթյակ եւ, ինչու ոչ, հրավիրել հյուրեր արտերկրից»: Երեւան ժամանած Grand Orient de France մասոնական օթյակի առաջնորդ Գի Արսիզեն այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: «Նախարարությունում ես հանդիպել եմ նախարարի տեղակալի հետ, որի անունը չեմ հիշում»,- ասել է Արսիզեն` ավելացնելով, որ իր եւ իր գաղափարակիցների երեւանյան այցելության մասին իրենք հայտնել են Հայաստանի նախագահին, ով ողջունել է նրանց այցելության փաստը: Այնպես որ, իրենց դիրքորոշումն ի սկզբանե բաց է եղել:

Grand Orient De France ֆրանկոմասոնական օթյակը ներգրավված է մի շարք սոցիալական հարցերի լուծման գործում, մասնավորապես` կանանց իրավունքների եւ հղիության արհեստական ընդհատման: «Քաղաքական հարցեր մենք չենք քննարկում, սակայն, երբ քաղաքական գործիչները հետաքրքրված են լինում մեզ հետ հանդիպելու հարցում, մենք դեմ չենք լինում»,- ասել է բանախոսը:

Ըստ Արսիզեի` իր այցով ամենաշատն ուրախացել են հայկական սփյուռքի ֆրանկ-մասոնները, ովքեր շահագրգռված են Հայաստանում օթյակի ստեղծմամբ, որը, սակայն, ըստ նրա`

10-50 տարի կպահանջի: «Ես Հայաստան եմ այցելել, որպեսզի հասկանամ` ինչով կարող են Եվրոպայի ժողովուրդներն օգնել այս հոգեւոր զարգացվածությամբ հնագույն երկրին»,- նշել է նա:

Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեի Հայաստան կատարած այցը պայմանավորված է երեք նախադրյալներով: Սփյուռքում նա շատ լավ հայ ընկերներ ունի, համարում է, որ Հայաստանը հոգեւոր կարեւոր հող է, եւ երրորդ` Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական վիճակում է ու օգնության կարիք ունի:

Նրա համոզմամբ` օրերս Երեւանում կայացած համասփյուռ մասոնների համագումարի ժամանակ քննարկված թեմաները, ինչպես մասոնների բոլոր ժողովների թեմաները, վերաբերել են մարդու, կնոջ իրավունքներին, մարդու արժանապատվությանը: Մասոնները Հայաստան են ուզում բերել իրենց գաղափարախոսության հիմնարար արժեքները` ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության մասին, որպեսզի հայ մասոնները դրանք տարածեն ամբողջ հասարակության մեջ: Ըստ Գի Արսիզեի` ՀՀ-ում օթյակ ստեղծելու համար կպահանջվի մոտ 20-30, գուցե ավելի տարիներ, բայց դրա համար նախապայման է Հայաստանում մասոնների մասին կարծրատիպերը կոտրելը: «Ես այստեղ եմ, որ այդ միստիկ պատկերացումները ջնջեմ ձեզ մոտ, ցույց տամ, որ ես սատանա չեմ»,- ասել է նա:

Ֆրանկոմասոնական օթյակը թարգմանաբար նշանակում է` կամավոր որմնադիրների օթյակ եւ ընդհանուր ոչինչ չունի այդ կազմակերպության մասին համաշխարհային հասարակության ունեցած միստիկ պատկերացումների հետ: Grand Orient De France-ի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չեն զբաղվում քաղաքական հարցերով: «Օրինակ, մենք չենք համախմբվում նախագահների հրաժարականների կամ ընտրությունների կամ այլ գլոբալ քաղաքական հարցերի շուրջ: Օթյակը լիարժեքորեն հարգում է մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` դավանանքի իրավունքի հարցում»,- նշել է Արսիզեն:

1877թ. մասոնները բաժանվել են երկու խմբի` անգլոսաքսոն ֆրանկ-մասոններ եւ ֆրանկ-մասոններ։ Այս երկուսի տարբերությունը հենց այն է, որ անգլոսաքսոնները բավականին միստիկ կառույց են, մինչդեռ ֆրանկ-մասոնները դարձել են առավել սոցիալական ուղղվածության եւ հասարակության համար բաց են գործում: Իսկ այս բաժանման պատճառն այն է եղել, որ ֆրանսիացի մասոնները որոշել են, որ կրոնական կողմնորոշումը կարեւոր չէ մասոն լինելու համար: Այժմ աշխարհում կա մոտ 2 միլիոն անգլոսաքսոն մասոն եւ մոտ 500.000 ֆրանկ-մասոն: Ֆրանկ-մասոնները բաց են նոր անդամներով համալրվելու համար, եւ տարեկան նրանց թիվը ավելանում է

2%-ով: Ավելին, ֆրանկ-մասոն դառնալու համար որեւէ սահմանափակում չկա. սեռի, ազգային պատկանելության, տարիքային, կրոնական կամ քաղաքական կողմնորոշման ոչ մի խտրականություն. «Օրինակ, ես Աստծուն չեմ հավատում, բայց ես սատանա չեմ: …Լինել ֆրանկ-մասոն` նշանակում է` հիմնել քաղաքակրթություն` փիլիսոփայության եւ մտածողության վրա: Ահա թե ինչու են դիկտատորները վախենում մասոններից: Նրանք չեն ուզում, որ մարդիկ մտածեն,- ասել է նա եւ հավելել,- Մենք` ֆրանկ-մասոններս, ոչ թե դեմ ենք կրոնին, այլ պայքարում ենք այն բանի համար, որ բոլորը կարողանան ազատ դավանել իրենց նախընտրած կրոնը: Ձեր երկրում դա գուցե կարեւոր չէ, որովհետեւ մեծամասնությունը քրիստոնյա է, սակայն Եվրոպայում, Ֆրանսիայում դա մեծ խնդիր է»: Գի Արսիզեն հիշեցրել է, որ ֆրանկ արմատը ցույց է տալիս ֆրանսիական ծագումը, նշանակում է` ազատ, քանի որ մասոնը առաջին հերթին պետք է լինի ազատ:

Քաղաքական թեմաները ու գործիչները, իհարկե, չեն հետաքրքրում մասոններին, բայց Ֆրանսիայում նախագահի բոլոր թեկնածուները իրենց հետ հանդիպում եւ իրենց կարծիքն են հայտնում այս կամ այն հարցի շուրջ. «Մենք ասում ենք, որ մարդ պետք է արժանապատիվ մահանա: …Գիտեք, որ ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները եղել են ֆրանկ-մասոն: Ամերիկյան սահմանադրությունը գրվել է մասոնների կողմից: Այն ժամանակ մասոնները միասին են եղել: Սակայն անգլոսաքսոն մասոնները կորցնում են իրենց կարեւորությունը, որովհետեւ վաճառում են իրենց օթյակները»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ դեր կարող են ունենալ մասոնները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, օթյակի ղեկավարը պատասխանել է. «Դա մեր առաքելության մեջ չի մտնում, բայց եթե մենք տարբեր երկրներում գործող մեր մարդկանց միջոցով կարողանանք միջամտել, օգտակար լինել այդ հարցի լուծմանը, մենք անպայման կփորձենք դա անել»: