Ժամանակ են ձգում

09/07/2011

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը համոզված է, որ ՀԱԿ-ը ժամանակ է ձգում մինչեւ հերթական ընտրությունները, բայց ժողովրդին ներկայացնում է, թե իրենք գնում են արտահերթ ընտրությունների: Անդրադառնալով ՀԱԿ-ի հունիսի 30-ի հանրահավաքին, նա «7օրին» ասել է, թե Հովհաննես Թումանյանի հեքիաթների կերպարներն այսօր էլ են արդիական, ուստի եւ` վտանգավոր. «Նույն վարչակազմի` իրար փոփոխող ու իրար հետ կռվող ներկայացուցիչները երկու տասնամյակ շարունակ նմանվում են «Քաջ Նազար» հեքիաթի գլխավոր հերոսին, որը վախից բարձրացել էր ծառը, հետո ընկավ քնած վագրի վրա, եւ կողքից շատերին թվում էր` նրանք կարծես հեծնել են վագրին։ Իրականում դա այդպես չէ»,- ասել է Տ. Խզմալյանը: Նրա խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում շատ թափանցիկ ասել է` իրենք պատրաստ են ցանկացած ընտրություններով ընդունել անցած իշխանությանը. «Այսինքն, մոնղոլ-թաթարական ռեժիմը նրանց համար այլեւս մարդասպանների եւ կեղեքողների ռեժիմ չէ. մնում է ընդամենը, որ ֆորմալ ձեւով դա ընդունի մեկ-երկու միջազգային կազմակերպություն, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը երջանիկ կլինի: Նա Նիկոլ Փաշինյանին տեսնելուց հետո հայտարարել է, որ երանելի երկրում է արդեն ապրում, որ արդեն սկսվել է երկխոսություն: Վերջերս նրա օրոք վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն արդեն որպես դեմոկրատական նախագահ է մեկնում արտասահման եւ այլն: Այսինքն, իրենց մոտ արդեն ամեն ինչ լուծված է: Ըստ երեւույթին` կան նաեւ որոշակի երաշխիքներ` քանի աթոռ կտրվի իրենց` 15-20-30: Դա արծաթների քանակից է կախված»,- հայտարարել է Տ. Խզմալյանը: