Կինը սպառնացել է փաստեր հրապարակել

09/07/2011

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Վանաձոր) երեկ տեղի է ունեցել մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության առաջին նիստը: Դատարանի որոշմամբ` նիստն անցկացվել է փակ ռեժիմով: «Ես եւ մյուս փաստաբանը նոր էինք ներգրավվել որպես պաշտպաններ, եւ մեզ ժամանակ էր հարկավոր` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար»,- news.am-ին ասել է Ս. Տեր-Պողոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը Ախթալայի լեռնահարստացման Metal Prince կոմբինատի սեփականատերն է: Ս. Տեր-Պողոսյանի անվան շուրջ սկանդալը հասունացավ այս տարվա սկզբին: Մի շարք լրատվամիջոցների տվյալներով, Ալավերդի եւ Ախթալա քաղաքներում լուրեր էին շրջում, որ հայտնի բիզնեսմենի վերաբերյալ կոմպրոմատային տեսանյութ կա, սակայն ոչ ոք չէր համարձակվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջն ուղղակիորեն մեղադրել մանկապղծության մեջ: Առաջինն այդ քայլին գնաց 25-ամյա Վահրամ Փարսադանյանը: Հունվարի 22-ին ինչ-որ մի երիտասարդ, որը 30 հազար դոլարի պարտք ուներ, զանգահարել է Տեր-Պողոսյանին եւ սպառնացել, որ Ոստիկանությանը կփոխանցի նրան մերկացնող տեսանյութը, եթե վերջինս ֆինանսապես չօգնի իրեն: Գործարարն, ի պատասխան, ինքն էր դիմել Ոստիկանություն` խնդրելով լուծել իրեն սպառնացող երիտասարդի հարցը: Հենց նույն օրը երիտասարդին ձերբակալել էին, սակայն վերջինս ոստիկաններին էր հանձնել խոստացված կոմպրոմատը: Սփյուռքահայ գործարարի զոհերի թվում են նաեւ իր կողմից հովանավորվող ֆուտբոլային թիմում խաղացող մի քանի տղաներ: Մանկապղծության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 եւ 139 հոդվածի հատկանիշներով: Դատախազությունը հաստատել է մեղադրանքը, եւ այս քրեական գործն արդեն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ իրավասության քննելու համար: Մեր տեղեկություններով, կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի կինը, որ դեպքերից հետո տեղափոխվել է ԱՄՆ, լուրեր է տարածում, որ իր ամուսնու նկատմամբ տեղի ունեցածի նպատակն այն է, որ ՀՀ իշխանությունները փորձում են Ախթալայի լեռնահարստացման Metal Prince կոմբինատը նրանից խլել: Տեր-Պողոսյանի կինը սպառնում է արտերկրի մամուլում փաստեր հրապարակել այն մասին, թե որ բարձրաստիճան պաշտոնյային` քանի-քանի միլիոնների հասնող կաշառք է տվել իր ամուսինը, ում` ինչ ծառայություններ է մատուցել: Տեր-Պողոսյանի կինը նույնիսկ նեղ շրջանակներում ասել է, որ եթե ՀՀ իշխանությունները գիտեին մանկապիղծ լինելու մասին, ինչպես էր նա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդական աշխատում: Ինչո՞ւ մինչ այդ ՀՀ իշխանություններին չէր հետաքրքրում նրա վարքը: