Դեմ են Սահմանադրությանը

10/11/2005

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունը, կուսակցության վարչության նոյեմբերի 4-ի նիստում քննարկվել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Վարչության անդամները գտնում են, որ նախագիծն ամբողջությամբ չի ելնում արդի փուլում հասարակության հետագա զարգացման պահանջներից: Վարչության անդամների մեծ մասը համոզված է, որ քվեարկության դրված փաստաթուղթը լուրջ լրամշակման կարիք ունի: Նախեւառաջ` առկա է դրա մասնագիտական որակը բարձրացնելու խնդիր. հապճեպ պատրաստած նախագիծ են սպրդել իրարամերժ մտքեր, ոչ համարժեք արտահայտություններ, խառնվել են հիմնական ու երկրորդական նորմերը, եւ այլն: Այսպես, օրինակ, պաշտպանված չեն մարդկանց հավասարության ու ազատության, սեփականության պաշտպանության, խղճի ազատության սկզբունքները, եւ այլն: Երկրորդ` լուրջ փոփոխության կարիք ունեն դատական համակարգի կատարելագործման առաջարկվող մոտեցումները. ըստ էության առկա է հին համակարգը: Երրորդ` անընդունելի է երկքաղաքացիության արգելանքի նման ձեւով վերացումը: Կուսակցության վարչության անդամների համոզմամբ` այստեղ առնվազն պետք էր շարադրել երկքաղաքացիության հիմունքները, այդ ինստիտուտի կարգավորումը միջպետական համաձայնագրերով եւ ոչ թե ազգային հատկանիշով, ինչը, չգիտես ինչու, թողնված է հետագայում ընդունվելիք օրենքի հայեցողությանը: Այս ամենը կարող է էլ ավելի խճճել ընտրական իրավունքը եւ փոշիացնել քաղաքացիության ինստիտուտը, եւ այլն: Քննարկման արդյունքում կուսակցության վարչությունը դեմ է արտահայտվել առաջարկվող նախագծին: