«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը վերադառնում է Ռուսաստանի խոշոր ապահովագրական «Ռոսգոսստրախ» ընկերություն. Վարդանյանն ընդգրկվել է ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդում` որպես անկախ տնօրեն: «Ռոսգոսստրախի» մամուլի քարտուղար Անդրեյ Բիրյուկովը prime-tass-ին ասել է, որ տնօրենների խորհրդում` Ռուբեն Վարդանյանին եւ «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ի փորձագիտական խորհրդի նախագահ Իլյա Լոմակին-Ռումյանցեւին` որպես անկախ տնօրեններ ընդգրկելը պայմանավորված է փաստով, որ բաժնետերերը պատրաստվում են IPO-ի: Հիշեցնենք, որ այս տարի հունիսին «Ռոսգոսստրախի» հիմնական բաժնետեր եւ նախագահ Դանիիլ Խաչատուրովը ասել էր, որ մտադիր են արտաքին ներդրողներ ներգրավել 2011 թ. վերջին-2012թ. սկզբին` բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման ընթացքում: Տեղաբաշխման այլ մանրամասներ այդ ժամանակ Խաչատուրովը չէր նշել: Նշենք, որ 2001 եւ 2003թթ. ներդրողների կոնսորցիումը` Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա Դիալոգի» գլխավորությամբ, գնել էր «Ռոսգոսստրախի» վերահսկիչ փաթեթը, 2002-ին Ռուբեն Վարդանյանը ընկերության գլխավոր տնօրենն էր, իսկ 2004-ին գլխավորել էր «Ռոսգոսստրախի» տնօրենների խորհուրդը: Իսկ այս տարի մայիսին «Սբերբանկը» եւ Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության բաժնետերերը ստորագրել են «Տրոյկայի» 100%-ի ձեռքբերման մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր: Մարտի 11-ին «Սբերբանկը» հայտարարել էր «Տրոյկայի» 100% բաժնեմասը 1 մլրդ դոլարով գնելու մասին: Ըստ պայմանավորվածության` «Տրոյկայի» խոշորագույն համասեփականատեր եւ ներկայիս ղեկավար Ռուբեն Վարդանյանն իրավունք կունենա լքել պաշտոնը մինչեւ եռամյա ժամկետի լրացումը: