«Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական ծրագրի հերթական փուլում ընդգրկվել է 320 երիտասարդ ընտանիք: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Ըստ նրա, ծրագրի հերթական փուլում կընդգրկվի 74 լրագրող, 104 մանկավարժ, 140 բժիշկ եւ 9 մարզիկ: «Դրանից բացի, մենք ստացել ենք նաեւ բնակարանների ձեռքբերման 242 հայտ` Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողներից»,- ասել է նա: Փոխնախարարը հիշեցրել է, որ պետական ծրագրի շրջանակում կառուցվող եւ բաշխվող բնակարանների 1 քմ-ի միջին գինը կկազմի 185 հազար դրամ, ինչը 2 անգամ ցածր է միջին շուկայական մակարդակից: Ընդհանուր առմամբ, մինչեւ 2013 թ. փետրվար ամիսը նախատեսվում է բնակարանով ապահովել 1300 երիտասարդ ընտանիքի: «Համաձայն 2008 թ. վերջի մեր տվյալների` բնակարանների կամ բնակարանային պայմանները բարելավելու խնդիր ունեն շուրջ 6 հազար ընտանիք»,- նշել է Քարամյանը:
Հիշեցնենք, որ բնակարանային պետական ծրագիրը, որը նախատեսված է երիտասարդ ընտանիքների համար, իրականացնում է «Մատչելի բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը: Վարկերը տրվում են մինչեւ 20 տարի ժամկետով, 9,5-10% տարեկան տոկոսադրույքով եւ 20% կանխավճարով: Ծրագրին կարող են մասնակցել երիտասարդ ընտանիքներ, որոնց ամուսիններից յուրաքանչյուրի տարիքը չի գերազանցում 35-ը, իսկ ամուսինների ընդհանուր տարիքը` 60-ը: