Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել Արարատի ոսկու կորզման գործարանի նոր գծի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Նոր գիծը հիմնված է «Ալբիոն» եզակի նորարարական տեխնոլոգիաների վրա, եւ դրա ներդրմամբ կբարելավվի գործարանի արտադրական արդյունավետությունը։ «Ալբիոն» տեխնոլոգիան մշակվել է ավստրալական Core Process Engineering ընկերության աջակցությամբ, եւ հնարավորություն է տալիս զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոդքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Այս տեխնոլոգիան խիստ նորարարական է եւ, ինչպես նշել է գործարանի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, արտադրանքի ծավալը կարող է հասցնել տարեկան մինչեւ 150.000 ունցիա ոսկու: Ըստ այս ծրագրի շահագրգիռ կողմերի, այս տեխնոլոգիաները համապատասխանում են միջազգային ամենաբարձր բնապահպանական չափանիշներին: Այս տեխնոլոգիաներն աշխարհում առաջին անգամ ներդրվել են Դոմինիկյան Հանրապետությունում, իսկ Հայաստանը երկրորդն է: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2013 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրի իրականացման համար առաջիկա երեք տարում կներդրվի մոտ 120 մլն ԱՄՆ դոլար: «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ լիցենզիոն պայմանագիրը նախագահի ներկայությամբ ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ» խմբի նախագահ Ռոման Խուդոլին եւ Xstrata Technology ընկերության գործադիր տնօրեն Մայք Օրնը: