Արտագաղթի թեման պարբերաբար դառնում է մոդայիկ: Մոդայիկ ու շահարկվող: Վերջին շահարկումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռամբ էր: Մեր թերթին տված հարցազրույցում վարչապետը բավական տարօրինակ (թե՞ անկեղծ) վերլուծություն էր արել: Այնքան տարօրինակ, որ լրատվության ու քաղաքականության ոլորտներում պատերազմներ սկսվեցին: Նույնիսկ պահանջեցին նրա հրաժարականը: Բոլորը վարչապետին քարկոծում են: Անգամ յուրայինները նրան չպաշտպանեցին: Քանի որ բոլորը հստակ հասկանում են, որ անձամբ վարչապետի եւ գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում է երկրում ստեղծվել այս ծանր վիճակը. երկրից ոչ միայն աղքատն է արտագաղթում, այլեւ հարուստը, պրոֆեսիոնալ մասնագետները, երիտասարդները: Կապիտալը եւ մտածող հատվածը փախչում է երկրից: Տ. Սարգսյանը ստիպված հայտարարեց, թե իբր կատակել է: Իհարկե, չէր կատակել, բայց նույնիսկ, եթե այդպես էր, ապա գեշ կատակ էր:
Ընդդիմությունը առիթը չկորցրեց, եւ սա մատի փաթաթան սարքեց` այդ երեւույթի մեջ չտեսնելով իր մեղքի բաժինը: Սրճարանային վերլուծաբանները երջանկությունից շողում էին: Շողում ու պնդում, որ վարչապետը միամտաբար բացահայտել է Հայաստանի վերջին տարիների իշխանությունների «մասոնա-սիոնիստական» ծրագրերը: Դրանց համաձայն` Հայաստանը պիտի հայաթափվի: Իբր Հայաստանը առավելագույնը պիտի մեկ ու կես մլն բնակիչ ունենա, ոչ ավելի: Մեկ ու կես մլն-անոց Հայաստանը ի վիճակի կլինի լուծել առանձին ազգային խնդիրներ` Սփյուռքին հայկական կրթություն ունեցող հարսներ ու ուսուցիչներ, հալալ կաթնակեր փեսաներ տրամադրել: Փոխարենը` չի կարողանա լուծել ազգային շատ խնդիրներ` զարգացած տնտեսություն ունեցող ուժեղ պետություն ձեւավորել, Ղարաբաղ պահել եւ այլն: Այս տեսությունները ներկայացնելու առանձնակի կարիք չկա: Վերջին 15-20 տարում դրանք չեն փոխվել: Մեր բոլոր ձախողումները համաշխարհային մութ ուժերի հետ կապելը նորություն չէ: Բայց բացատրության կարոտ երկու հարց բաց է մնում: Նախ` արտագաղթի բուն փաստը, երկրորդ` արտագաղթի մասին միեւնույն ոգեւորությամբ խոսում են թե իշխանությունները, թե ընդդիմությունը: Արտագաղթի թեման նախընտրելի է բոլոր ժամանակների ընդդիմադիրների համար: Կիսված ընտանիքների կարոտի վրա միշտ հնարավոր է քաղաքական դիվիդենտ շահել: Ընդդիմությունը երկրում կատարվող բոլոր բացասական գործընթացների մեղավոր տեսնում է միմիայն իշխանությանը: Այն, որ արտագաղթի ծավալների աճը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ արտագաղթողները ընդդիմադիրների հետ էլ հույսեր չեն կապում, քչերին է հետաքրքրում: Բոլորը` ամենաբարձր իշխանավորից մինչեւ վերջին տնային տնտեսուհին ու վերլուծաբանը, միակարծիք են: Արտագաղթի պատճառները սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են: Սակայն այսպես մտածել կարող է միայն նա, ով չի տեսել, թե ինչ պայմաններում են ապրում արտագաղթողները հատկապես Ռուսաստանում: (Իսկ հիմա հիմնականում հենց այս երկիր էլ արտագաղթում են): Օրինակ, Մոսկվայում աշխատանք գտածների մեծ մասն ապրում է լքված փլատակներում ու վագոններում: Իսկ ընտանիքով տեղափոխվածները մեկ-երկու սենյականոց բնակարանները վարձում են երեք-չորս ընտանիքով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարարը հույս է հայտնել, որ արտագաղթողները «աշխատանքային միգրանտներ են, որոնք ոչ թե գնում են հավերժ, այլ գնում են աշխատանքի եւ իրենց ընտանիքը պահելու»: Այն, որ արտագաղթողները գնում են աշխատանքի, Սփյուռքի նախարարը շատ դիպուկ է նկատել: Բայց նրանց վերադառնալու ծրագրերի հարցում նախարարն, իհարկե, չափազանցրել է: Տնով-տեղով, բարձ ու բոխչով տեղահան եղածը հետ դարձող չի: Բայց այս փոքրիկ սխալը կարելի է ներել: Մեր, ավելի ճիշտ` ՀՀ Սփյուռքի նախարարը հիմնականում ավանդական Սփյուռքի հետ է աշխատում: Միայն կայացած (իմա` հարուստ) սփյուռքահային կարելի է պատմել նախարարության «Արի տուն» ծրագիրը, առաջարկել բնակարան գնել Հյուսիսային պողոտայում, ու նման այլ բաներ: Նախարարը չգիտի նորօրյա «սփյուռքահայի» վերաբերմունքն առ հայրենյաց ընչաքաղց չինովնիկ ու հայրենիքում մնացած ազգական: (Ընչաքաղց ածականը եւ չինովնիկին է վերաբերում, եւ ազգականին): Նախարարը «ավանդական» սփյուռքահայերից է նեղացած, որ պատմական հայրենիքում ներդրումներ քիչ են անում: Չնայած այն փաստին, որ ՀՀ նախագահը սփյուռքահայ գործարարներին հարկային արտոնություններ է խոստացել: Բայց սա այլ թեմա է: Հրատապ հարցն այն է, թե ինչո՞ւ են մեր իշխանությունները բացահայտ խոսում արտագաղթից: Խոսում ու պաշտոնական թվեր են հրապարակում: Տրամաբանական կարող է համարվել այն պատասխանը, որ եկող տարի ընտրություններ են: Շատերի կարծիքով` տարեցտարի նվազում է ընտրակեղծիքների հնարավորությունը: Մի կողմից` օրենքներն են կատարելագործվում: Մյուս կողմից` մարդկային ռեսուրսներն են մաշվում: Արդեն դժվար է ընտրությունից առաջ սուտ խոստումներով թիմ հավաքել: Արդեն բոլորը գիտեն, որ խոստումները չեն կատարվելու: Ավելին, ընտրակեղծարարներից ոմանց դատում-զոհաբերում են` միջազգային կազմակերպությունների աչքերին «թոզ փչելու», Արեւմուտքին դուր գալու ու ներքին քաղաքական լարվածությունը մեղմելու վեհ ձգտումով: Այս դեպքում ընտրացուցակները բեռնաթափելն էականորեն կհեշտացնի ընտրակեղծիքների անհրաժեշտ գործը: Մի քանի հարյուր հազար կեղծ ձայն պակաս կպահանջվի: Հնարավոր է` հենց սա է արտագաղթի մասին իշխանությունների բացեիբաց խոսելու պատճառը: Արտագաղթի թեմային Սփյուռքի նախարարի միջամտելը կարող է մի դրական հետեւանք ունենալ: ՀՀ նախագահը կամ, ասենք, ՀՀ վարչապետը կարող է նկատեն, թե որքան տարօրինակ է հնչում «ՀՀ Սփյուռքի նախարարություն» արտահայտությունը: Նման անուն կարող է կրել կառույցը, որին հանձնարարված է Սփյուռք ստեղծել հենց ՀՀ-ից: Եթե սխալ եմ, ուղղեք: