Գյուղապետը «սվաղե՞լ» է անօրինականությունը

09/07/2011

Մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Ո՞վ պիտի ավագանուն բան ասի, իսկ քո նման անտերին պաշտպանի» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել էինք Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակչուհի Գեղեցիկ Վարդանյանի դժգոհությանը:

Հիշեցնենք, որ Գառնիի ավագանու անդամ Եղիազար Բաղդասարյանն իր ոչ կոռեկտ վարքագծով եւ, օգտագործելով ավագանու իր լիազորությունները, մշտապես խնդիրներ է ստեղծում գյուղի բնակչուհի Գ. Վարդանյանի համար: Բաղդասարյանը Ազատամարտիկների խճուղում մեկ տարի առաջ հողատարածք է գնել, ինչից հետո սկսել է իր հարեւանությամբ ապրող Գ. Վարդանյանի համար խնդիրներ ստեղծել: Գ. Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ Ե. Բաղդասարյանը տարածքում պտղատու ծառերի այգի ստեղծելուց հետո իրեն զրկել է ոռոգման ջրից, որի պատճառով իր հողամասի բերքն ամբողջությամբ չորացել է: Ավագանու անդամի անօրինական գործողությունների մասին բողոքով Գ. Վարդանյանը դիմել էր Կոտայքի մարզպետարան, որտեղից Գառնիի գյուղապետին հանձնարարել էին Ե. Բաղդասարյանին «կարգի հրավիրել»: Գ. Վարդանյանի պատմելով` Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը մի քանի անգամ եկել է տարածք եւ Ե. Բաղդասարյանից պահանջել է իր նախաձեռնությամբ փակված ոռոգման ջրի հարցը լուծել եւ տիկնոջը հնարավորություն տալ օգտվել ընդհանուր խողովակաշարից: Մինչդեռ պարզվում է` Ե. Բաղդասարյանին անգամ գյուղապետի պահանջը չի սթափեցրել: Ավելին` նա Գ. Վարդանյանին ասել է. «Գնա, ում ուզում ես բողոքի: Ո՞վ պիտի ավագանուն բան ասի, իսկ քո նման անտերին պաշտպանի»: Դրանից հետո Գ. Վարդանյանը դիմել էր մեր թերթի խմբագրություն` ՀՀ իշխանություններին կոչ անելով գյուղական համայնքներում «սանձել» այն մարդկանց, ովքեր չարաշահում են իրենց լիազորությունները: Մենք նաեւ զանգահարել էինք Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Գեղեցիկ Վարդանյանը ոռոգման ջրի խնդիր է ունեցել, որը հարթվել է: Ե. Բաղդասարյանը կապ չունի, որովհետեւ ջրագիծն է սխալ կառուցված եղել, բայց գյուղապետարանի միջոցներով վերանորոգումից հետո խնդիրը հարթվել է»: Ի դեպ, նշենք նաեւ, որ գյուղապետն ու ավագանու անդամ Ե. Բաղդասարյանն ընկերներ են, եւ այս պատասխանն ունի իր դրդապատճառները: Մինչդեռ գյուղապետի մեկնաբանությունը թերթում տպագրվելուց հետո` Գ. Վարդանյանը վրդովված կրկին զանգահարեց մեզ։ «Էդ ի՞նչ ստեր ա ձեզ ասել: Գյուղապետարանն իմ ջրագիծը չի վերանորոգել, նա շատ սխալ ու սուտ տեղեկություն ա տվել: Ես էս տարիքիս գետինը երկարությամբ ու խորությամբ փորել եմ, ստեղից-ընդեղից գումար եմ պարտք արել, խողովակ եմ առել, որ ջուր ունենամ: Առանց ամաչելու ստել ա: Ես կարող եմ ապացուցել, որ գյուղապետարանը ոչ մի դրամ չի հատկացրել ջրագիծ վերանորոգելու համար: Այնինչ իրանք պիտի անեին, որովհետեւ ավագանու անդամը խողովակը փակել ու ինձ զրկել էր ոռոգման ջրից»,- բարկացած ասաց Գ. Վարդանյանը` հավատացնելով, որ գյուղապետի ոչ մի խոսքը չի համապատասխանում իրականությանը, պարզապես նա «սվաղել» է ավագանու անդամ իր ընկերոջ ապօրինի գործողությունները: