ՄԱՅՐՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԴԵՂՈՐԱՅՔ ԳՆԵԼ

09/07/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ո՞նց ա էրեխեն, Արմիկ ջան…»,- սրտացավությամբ հարցնում է երկաթե դարպասի ճեղքից նայող կինը: «Է՜հ, լավ չի, շնորհակալ եմ, որ հարցնում ես, Անուշ ջան, լավ չի, հեչ լավ չի»,- պատասխանում է ոտքերը ծանրությամբ քարշ տվող Արմենուհին, ում հետ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ոլորապտույտ ճանապարհն ենք հաղթահարում, որպեսզի հասնենք զինանոց: Ասում է` «Քիչ մնաց, շուտով կհասնենք», բայց էդպես ասում էր յուրաքանչյուր տասը րոպեն մեկ: 55-ամյա Արմենուհի Մարգարյանը հազիվ է ոտքը քարշ տալիս, դանդաղ, տոտիկ-տոտիկ գնում ենք դեպի զինանոց, որտեղ ապրում է իր երկու չափահաս երեխաների հետ: Բալահովիտի զորամասի հարակից տարածքում գտնվող հանրակացարանը նախկինում նախատեսված էր նույն զորամասում ծառայող զինվորականներին ժամանակավորապես բնակեցնելու համար: Հիմա այդ շենքը սեփականության իրավունքով հանձնվել է նախկին զինվորականների անօթեւան ընտանիքներին: Արմենուհին երկար պատմում է զինվորական ամուսնու մասին, ով անցյալ տարի է մահացել, ու վստահեցնում է, որ նրա մահից հետո ընտանիքը բառիս բուն իմաստով հայտնվել է «հատակում»: «Արմիկ տոտա ջան, Վահագս ո՞նց ա, երեխուն բերեցի՞ք տուն,- հարցնում է երիտասարդ կինն ու առանց պատասխանը լսելու` մխիթարում է,- լավ կլինի, Արմիկ տոտա, Աստված մեծ ա»: Արմիկ տոտան հանկարծակի այնպես է պոռթկում, որ ամեն քայլի հետ արցունք է շաղ տալիս: Ոտքերի շարժումներն ավելի են ծանրանում, ու քանի գնում` կորցնում է տուն հասնելու ճանապարհը հաղթահարելու ուժը: Ճանապարհին պատահած բոլոր մարդիկ հոգատարությամբ Վահագնի մասին են հետաքրքրվում: «Ի՞նչ արեցիր, Արմիկ, երեխուն տո՞ւն ես բերել»,- հարցնում է մեկ ուրիշը: «Է՜հ, որ բերել եմ ի՞նչ, ձեռքից գնում ա էրեխեն»,- պատասխանում է Արմենուհին, ով հարցերին պատասխանելու համար դժվարությամբ է իր մեջ ուժ գտնում: Բալահովիտի 112/30 հասցեում գտնվող Արմենուհու բնակարան մուտք գործելուն պես հիվանդության ու աղքատության հոտն ապտակի պես դաղում է: Անհամբերությամբ առաջանում եմ` ինձ անծանոթ, բայց բոլորի համար սիրելի Վահագնին տեսնելու համար: Հյուրասենյակում մահճակալին սավանով ծածկված երիտասարդ տղայի հայացքն ահավոր նյարդային ու գունատ է: Սավանն ընդգծում է չորուկ, հյուծված մարմինը: Վահագնը գիտի, որ մեռնելու է, բայց այդ մասին երբեք չի խոսում, մորը հարցեր չի տալիս: Միայն ժամանակ առ ժամանակ մորն ասում է` «Ջահել եմ ախր, ապրելու շատ բան կար»: Արմենուհին ականջիս շշնջում է` «Ինքը չգիտի, բայց բժիշկները երկու տարուց քիչ ժամանակ են տվել»: «Երկու տարուց քիչ» ասվածը կարող է նույնիսկ մի քանի օր կամ ամիս տեւել, որովհետեւ 30-ամյա երիտասարդն այսօր դեղորայքով է գոյատեւում: Վահագնի կյանքը կախված է դեղորայքից, դեղորայքի լինել-չլինելը` Արմենուհուց, Արմենուհին էլ… «Ինքը հաշմանդամ ա, պետպատվերով դեղորայք անվճար տալիս են, բայց դրանք չեն օգնում: Բուժող բժիշկն ասում ա` կյանքը երկարացնելու համար պիտի լավ դեղորայք ընդունի, բայց լավ դեղորայքն էլ շատ թանկ ա: Հավատացե՛ք, որ ինչ գումար ձեռս ընկնում ա` դեղ եմ առնում, սնվելու մասին չենք մտածում: Առնում ենք, բայց էստեղից-էնտեղից: Ամսական մի 50.000 դրամի դեղերն են, էն էլ կեսն եմ առնում, որ յոլա տանի` մինչեւ մի դուռ կբացվի»,- ասում է Արմենուհին, ում հարազատներն ու հարեւանները հաճախ իրենք են գումար տալիս` Վահագնի կյանքը երկարացնելու համար պահանջվող դեղորայքը գնելու: Մեկ տարի առաջ Վահագն Սողոմոնյանը փողոցում կորցրել է գիտակցությունն, ու երկար ժամանակ մնացել է անօգնական վիճակում, որովհետեւ անցորդները չեն մոտեցել նրան: Մայրը հասցրել է հիվանդանոց, երկարատեւ ստուգումների արդյունքում սրտի արատ եւ զարկերակային լուրջ խնդիր է հայտնաբերվել: «Ինքը շատ խելոք, շնորհքով, դաստիարակված երեխա ա եղել: Արդեն նույնիսկ ամուսնության մասին էր մտածում, երազում էր ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին: Երեխուս ճակատագիրը խեղվեց… Սենց չի եղել, մկանուտ, լավ տեսքով տղա էր, բայց միանգամից նիհարեց, դեղնեց, ոսկորներն են մնացել: Զարկերակը շատ անբավարար ա, նույնիսկ մի անգամ սիրտը կանգնել էր, հարեւաններս շտապօգնություն կանչեցին, մի կերպ են բժիշկները հետ բերել»,- ասում է Արմենուհին, ով ուզում է հիվանդ որդու մոտ իրեն զսպել, բայց անկարող է ցավը խեղդել: Սրտի անբավարարության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ախտահարվել են լյարդը, երիկամները, ստամոքսը, մի խոսքով` օրգանիզմն այլեւս հրաժարվում է կենսագործունեությունից: Մասնագետները տեղեկացրել են, որ այս երիտասարդը երեք անգամ ինֆարկտ է տարել, որի մասին հարազատները չեն իմացել: «Ամբողջ մարմինը հեղուկ ա լցվում, ուռում-պայթում ա, խեղդվում ա, չի կարողանում շնչի: Դեղեր եմ տալիս, որ մի քիչ հեղուկը քաշվի, թե չէ` ահավոր ա վիճակը դառնում»: Վահագնը ընդհանրապես չի խոսում, գլուխը թեքել է դեպի պատն ու մտքերով չգիտես ուր է գնացել: Հարցնում եմ` «Վահագն, ո՞նց ես»: Դժվարությամբ շրջվելով դեպի ինձ, շնչահեղձ լինելով` պատասխանում է` «Սիրտս ցավում ա»: Տիկին Արմենուհին երկու երեխա ունի: Աղջիկը` Մարինեն, մանկուց ֆիզիկական խնդիր ունի: Ապրում են Վահագնի 2-րդ կարգի հաշմանդամության 12.500 դրամ թոշակով: «Առաջ նպաստ էինք ստանում, բայց հիմա չեն տալիս: 13.000 դրամ էին տալիս: Ես էլ նոր եմ վիրահատվել, պիտի կարգ տան: «Փարոսի» գրասենյակից ասեցին` տեսնենք քեզ ինչքան են թոշակ նշանակում, ու եթե բալերը հերիքի` կտանք: Ճիշտն ասած` Վահագս որ վատացավ` չհասցրեցինք թղթերը ներկայացնել, ու տենց մնաց: Հիմա էլ պիտի իմ կարգը դասավորենք, որ որոշեն: Բալահովիտի գյուղապետարանը մեզ օգնել ա, տարվա մեջ մի քանի անգամ Վահագնիս դեղորայքի համար մի քիչ գումար հատկացնում են: Հացը պարտքով խանութներից վերցնում եմ, ճիշտն ասած` հին հացն էժանով տալիս են, արդեն քանի տարի չգիտենք թարմ հացի համը»,- ասում է տիկին Արմենուհին, ով Վահագնի խնամքի պատճառով աշխատելու հնարավորություն չունի: Հիմա այս ընտանիքի ամբողջ հոգսը դեղորայքով Վահագնի կյանքը երկարացնելն է, որը մեծ գումար է կազմում, եւ ժամանակ առ ժամանակ տիկին Արմենուհին վախից սարսափում է. «Հասկանո՞ւմ եք, հարազատներս, հարեւաններս շատ են ձեռք մեկնում, բայց արդեն անհնար ա: Չգիտեմ գլուխս որ պատին տամ, երեխայիս ապրելու հարցն ա»: Ասում է` բժիշկներն այլ ելք չեն գտնում, քանի որ սրտի վիրահատությունն անգամ տղայի կյանքը չի փրկի: Վահագնը ամենաշատը մարդկանց է կարոտում: Մեկ-մեկ մորը խնդրում է իրեն մի կերպ հասցնել շենքի մուտքի մոտ, որ մարդկանց տեսնի. «Գրկելով իջացնում եմ շենքի մուտքի դռան մոտ: Աթոռ եմ դնում, նստացնում եմ, բայց մի քանի րոպեից տուն ա ուզում: Չի կարում նստած, ցավերը խեղդում են, նորից պառկացնում եմ: Բայց էնքան ա սիրում նստել ու մարդկանց նայել…»: Վահագն, ամիսը մեկ կամ մի քանի ամիսը մեկ անգամ մարդկանց հանդիպում է, բայց էդ հանդիպումից ինքնազգացողությունն ավելի է վատանում: Գիտակցում է, որ քիչ ժամանակ է մնացել: Վախենում է… Մեկ-մեկ մորն ասում է, որ մահվանից վախենում է, բայց ցույց չի տալիս, որ ինքն ու մահն արդեն հարազատ են դառնում:

Արմենուհի Մարգարյանն ասում է` առավոտից իրիկուն մտածում են, թե Հայաստանի` երեք միլիոնանոց ազգաբնակչությունից ում դիմեն, որ երիտասարդ տղայի կյանքը մի քիչ երկարացնելու համար ձեռք մեկնեն: Վահագնի` գոյատեւելու երկու տարին կախված է մորից, բայց մայրն այլեւս ամսական 50.000-ից ավելի գումար կազմող դեղորայքը չի կարողանում հայթայթել: Վախենում է… Որովհետեւ որդու երկու տարվա կյանքն իրեն են վստահել: Ինքը` անաշխատանք, երկու հիվանդ խնամող հաշմանդամ կին է: «Դժբախտությունը երբ դուռդ թակում ա` դու դրան պատրաստ չես լինում: Ես հասկանում եմ, որ դա իմ ցավն ա, հասկանում եմ, որ ջահել երեխա կորցնելն իմ մղկտալու բանն ա, բայց չեմ ուզում երեխես մահանա, ուզում եմ մի քիչ էլ ապրի: Ախր գոնե էդ մի քիչն ապրելու հույս տվել են, բայց վախենամ` մի քիչից էլ ես զրկեմ: Օգնեք ինձ, խնդրում եմ, օգնեք տղայիս երկու տարի ապրեցնեմ»,- ասում է Արմենուհին ու հեկեկալով վազում է մյուս սենյակ: Հյուրասենյակում մահճակալին գամված Վահագնը չի ուզում հանձնվել: Հավատում է, որ մայրն ամեն ինչ կանի: Միայն թե մայրը չի հավատում, որ ինքն ամեն ինչ կանի: