Նախօրեին Facebook սոցիալական ցանցում լուսանկարիչ Արեգ Բալայանը տեղադրել է լուսանկարներ, որոնք պատկերում են Արցախում գտնվող 13-րդ դարի Գանձասարի նշանավոր վանական համալիրի պարիսպների «այլանդակումը մարմարե սալիկներով»: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը: «Գանձասարը 2000-2002թթ. նոր շունչ էր ստացել մոսկվայաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի միջոցներով: Վերջինս ծնունդով այդ վայրերից է, եւ Գանձասարը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում: Անկասկած, Գանձասարն այսօր Արցախի ամենաբարեկարգված հնադարյա սրբատեղին է: Ցավոք, հայ մեծահարուստների կողմից իրենց ծննդավայրի հանդեպ նման վերաբերմունքի դրսեւորումներ հազվադեպ են հանդիպում: Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպի երեսպատման լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրեցին Facebook սոցիալական ցանցում եւ բլոգերների շրջանում: Երեկոյան պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության Հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ նշվում էր այդ գաղափարի իրականացման համար միջոցներ տրամադրողի` Լեւոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով, վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետեւ «այն կվնասի պատմական միջավայրը»: Սարգսյանը հայտնել է նաեւ, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով` պատերի երեսպատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ նաեւ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում: «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված է ենթադրելու, որ Լեւոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին: Կո՛չ ենք անում մոսկվայաբնակ հայ գործարարին` հրահանգել շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաեւ` զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում: