Մոտ ապագայում

09/07/2011

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ»,- երեկ Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` Լավրովն ասել է. «Հույս ունենք, որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու գործընթացը կշարունակվի շատ մոտ ապագայում, քանի որ կողմերը Կազանում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել մի շարք կարեւոր հարցերի շուրջ, ինչը լավ պայմաններ է ստեղծում` աշխատանքները շարունակելու համար»: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Դմիտրի Մեդվեդեւը` որպես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ եւ աջակցությամբ գործող միջնորդ, ավարտել է կազանյան հանդիպումից հետո իրավիճակի վերլուծությունը եւ ամենամոտ ժամանակահատվածում կկայացնի իր որոշումը հետագա քայլերի առնչությամբ: «Նախագահ Մեդվեդեւը, հաշվի առնելով հակամարտության կողմերի հետ ունեցած հատուկ կապերը, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար երկու տարի առաջ հանդես եկավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Մենք կարծում ենք, որ հիմա մոտեցել ենք մի իրավիճակի, երբ անհրաժեշտ է կայացնել որոշում»,- ասել է Լավրովը` ընդգծելով, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունն արդյունավետ չի լինի: Երեկ հայտնի է դարձել, որ Սերգեյ Լավրովը հուլիսի 8-ին մեկնելու է Բաքու, որտեղ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումից հետո ժամանելու է Երեւան: