Հատկապես այս օրերին երեւանյան շուկաներում գնորդներն ու վաճառողներն իրար «լավ» են հասկանում: Գնորդները բողոքում են մրգի «թանկ ու կրակ» գներից, վաճառողներն էլ՝ արտահանման ծավալներից:
Երեւանի Կոմիտասի շուկայի մրգի առեւտրով զբաղվողների ասելով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ ծիրանի բերքն ավելի շատ է, մինչդեռ դրանից ծիրանի գինը չի նվազել: Ավելին՝ երեւանյան շուկաներում ծիրանի 1կգ-ն արժե 300-800 դրամ: Ըստ մրգավաճառների՝ նախորդ տարի այս ժամանակ ծիրանի 1 կգ-ն կրկնակի էժան էր: «Պատճառը մրգի արտահանումն ա: Արտահանողները ֆուռերով գնում են գյուղեր, ու էնտեղից էժան-էժան տանում: Օրինակ, ես ամենալավ ծիրանը տալիս եմ արտահանեն, իսկ էն բրակները, դե միջին կամ միջինից ցածր որակի, բերում եմ բազար ծախում»,- մեզ հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը: Վաճառողների կարծիքով՝ ծիրանի բերքի թանկացմանը նպաստել է նաեւ անբարենպաստ եղանակը: «Անցած տարի էլ բերքը փչացավ, բայց հիմա էդ հեչ կապ չունի բերքի թանկացման հետ: Կարելի ա ասել՝ միակ պատճառը՝ արտահանումն ա»,- նշեցին առեւտրականները, որոնց փոխանցմամբ՝ գյուղացիներին ավելի ձեռնտու է բերքը հանձնել արտահանողներին, քան՝ վերավաճառողներին: «Որ օլիգարխները մի քիչ կշտանան, էս երկրիս վիճակն էլ կլավանա»,- նշեց առեւտրականներից մեկը, ով արդեն 15 տարի է՝ աշխատում է շուկայում: Վաճառողուհու ասելով՝ Հայաստանում վիճակը վատանում է. «Ամեն ինչ թանկանում ա, մենակ մարդն ա մնում էժան»,- ասաց առեւտրականներից մեկը՝ պարապությունից կանչելով վաճառող հարեւանուհուն: Ըստ վաճառողների՝ ներկայումս Հայաստանն արտահանում է հիմնականում ծիրան եւ կեռաս: «Ես անձամբ «Սպայկա» ընկերությանն եմ հանձնել շատ լավ որակի ծիրան՝ 1200 դրամով»,- նկատեց մրգի առեւտրով զբաղվողներից մեկը: Մեկ այլ վաճառողի վստահեցմամբ՝ արտահանողները գնում են ծիրան 650 դրամով:
«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանի ասելով՝ ընկերությունը ծիրան գնում է 500-700 դրամով, եւ 1200 դրամի մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ այդ գինը տնտեսապես ձեռնտու չէ:
«Միջին հատվածն ու վերջը խիստ տատանողական գներ են՝ կախված բերքի առկա ծավալներից: Օրինակ, անցած տարի հենց գների բարձր լինելն էր պատճառ, որ չարտահանվեր՝ նույնիսկ, եթե լավ որակյալ բերք կար, բայց այնքան բարձր էին գները, որ ձեռնտու չէր: Այդ պահին էլ բավական բարձր էին գները, եւ դրսում գներն այդքան էլ բարձր չեն: Ամեն ինչ կախված է միջազգային շուկաներում եղած գներից: Միջազգային շուկայի գինն է թելադրում էստեղի գինը, եւ, իհարկե, էստեղ եղած ծավալները»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց ծիրան արտահանող ընկերության աշխատակիցը, ում վստահեցմամբ՝ նախորդ տարի գները տատանվում էին 800-1000 դրամի սահմաններում: Ընդ որում՝ ծիրանն արտահանվում է հիմնականում ԱՊՀ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան, որտեղ, Կ. Բաղդասարյանի ասելով՝ սուպերմարկետներում 1 կգ ծիրանի գինը 150 ռուբլի է, իսկ մեծածախ վաճառքի գինը տատանվում է 60-80 ռուբլու սահմաններում: Հարցին, թե Հայաստանում ծիրանի թանկ գինն արդյո՞ք պայմանավորված չէ արտահանման ծավալներով, ընկերության աշխատակիցը պատասխանեց. «Հայաստանում տարեկան, եթե նորմալ տարի է, արտակարգ դեպքեր չկան, արտադրվում է մոտ 90.000 տոննա ծիրան, որից լավագույն տարին, որ արտահանվել է, եղել է 2009թ.: Ընդհանուր առմամբ, բոլոր երկրները միասին արտահանվել է 12.000 տոննա, այսինքն՝ 10%-ից մի քիչ ավելին է ենթակա արտահանման: Դուք արդեն ինքներդ կարող եք հաշվել, որ 10%-ը չի կարող ազդեցություն ունենալ ընդհանուր բերքի մթերման արժեքի վրա: Հայաստանում արտադրվում է այնքան ծիրան, որ նույնիսկ արտահանման ծավալների կրկնապատկման դեպքում միանգամից այն չի կարող ազդեցություն ունենալ գնաճի վրա: Հնարավոր չէ դա»:
Կ. Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նախորդ տարի ծիրանի բերքը քիչ էր, եւ, ինչպես ընկերության աշխատակիցն ասաց, «շատ չնչին քանակությամբ են արտահանել»: « Այս տարի այդպես չէր, ինչպես ակնկալվում էր, որ կլիներ, որովհետեւ խոնավությունը բարձր էր՝ բերքի մի մասը անձրեւները փչացրին, հիմնականում կարկուտը վնաս հասցրեց, այսինքն՝ արտահանման ենթակա բերքի մոտ 30-40%-ը վնասվեց»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ներկայացուցիչը: Ըստ վերջինիս՝ ընկերությունը նախատեսել էր արտահանել մոտ 6000 տ, բայց բերքի քիչ լինելու պատճառով կարտահանեն մոտ 4000 տ: Կ. Բաղդասարյանի տվյալներով՝ նախորդ տարի արտահանվել է մոտ 1200 տ ծիրան, ինչը արտահանման միջին ծավալներից 7-8 անգամ քիչ էր: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ ծիրան արտահանող մեկ այլ ընկերությունից՝ «Ավանգարդ տրանսից», որի տնօրեն Ահարոն Խլղաթյանը, լսելով մեր հարցը, նշեց, որ ինքը չի ուզում պատասխանել, եւ կարող ենք հենց այդպես էլ հրապարակել. «որովհետեւ չեմ ուզում պատասխանել: Ըտենց էլ գրեք»: Իսկ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ Հայաստանն ունի ծիրանի միջին բերքի 30%-ը, մոտավորապես 20.000տ: «Իսկ ծիրանն արդեն արտահանվում է: Ցանկացած ապրանք պետք է արտահանել միայն ավելցուկի պարագայում»,- նշել էր Հ. Բերբերյանը: Ըստ նրա՝ արտահանումը պետք է լինի ընդհանուր բերքի 10-15%-ի չափով: Տվյալ պարագայում խոսքը ծիրանի բերքատվության 30%-ի մասին է, ինչը գյուղնախարար Սերգո Կարապետյանի աչքից «վրիպել» էր, ավելին՝ նախարարը գոհ էր մնացել բերքահավաքի ընթացքից: Վերջինիս այցին հետեւեցին հերքումները, թե իբր բերքի ծավալները բարձր են եղել սպասվող միջինից, գյուղացիներն էլ ծիրանի մթերման խնդիրներ չեն ունեցել` հանրապետությունից արտահանողներին հանձնում են 650-800 դրամով, իսկ տեղական մշակող ընկերություններին՝ 90-100 դրամով:
Ի դեպ, նշենք, որ գյուղնախարարը հուլիսի 3-ին եղել էր Արարատի մարզի Այգեպատ, Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին եւ Ներքին Դվին համայնքների այգիներում, որտեղ, հավանաբար, գյուղնախարարը հաճելի երազ էր տեսել… Ի դեպ, ծիրանի բերքատվության «ապշեցուցիչ» արդյունքների մասին փորձեցինք տեղեկանալ ՀՀ գյուղնախարարությունից, որտեղ, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց խոսել նախարարության Հասարակայնության հետ կապերի վարչության պետի հետ՝ փոխարենը մեզ պատասխանում էին, թե վարչության պետը սենյակում չէ, եւ զանգահարենք ավելի ուշ: Երեւի Գյուղնախարարությունում էլ «ուշքի» չեն գալիս բերքատվության «ապշեցուցիչ» արդյունքներից….