Կարող է ուշ լինել

09/07/2011

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիթաշը երեկ հայտարարել է, թե իշխող իսլամիստները երեքշաբթի օրը զգուշացրել են խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիր երկու ուժերի ներկայացուցիչներին` կա՛մ Ժողովրդա-հանրապետական ու «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություններից ընտրված պատգամավորները պաշտոնական երդում են ընդունում, կա՛մ էլ նրանց լիազորությունները խորհրդարանում կդադարեցվեն: Դիմելով ընդդիմադիրներին, նա հայտարարել է. «Վերջ տվեք դիմադրությանը, վերադարձեք խորհրդարան եւ ընդունեք ձեր պատգամավորական երդումը: Հուլիսի 15-ից հետո կարող է շատ ուշ լինել»: Իսկ խորհրդարանի նորընտիր խոսնակ Ջեմիլ Չիչեքն էլ հայտարարել է. «Մեր բոլորի միասնական պարտականությունն է` համատեղ ուժերով գտնել այն բոլոր խնդիրների լուծումը, որոնք ծառացել են մեր երկրի առջեւ: Խորհրդարանը աշխատանքի, այլ ոչ թե հակամարտության վայր է»: Սակայն, եթե խորհրդարանական մեծամասնությունը որոշի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու պաշտոնական գործընթաց սկսել, ապա դա կարող է հանգեցնել նոր` արդեն արտահերթ ընտրությունների անցկացմանը: Էրդողանի կուսակցությանը, պարզվում է` նման հեռանկարը առանձնապես չի վախեցնում: Բանն այն է, որ GENAR հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն` արտահերթ ընտրությունների դեպքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը է՛լ ավելի կամրապնդի իր դիրքերը: «Եթե հունիսի 12-ի ընտրություններում այն ստացավ քվեների 49 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 51-ի»,- պնդել են սոցիոլոգները: Սակայն այս սոցհարցումների ոչ այնքան բարենպաստ արդյունքների առկայությունը թուրք ընդդիմադիրներին չի ստիպում նահանջել: «Ահաբեկումն ու շանտաժը մեզ չեն ստիպի վերադառնալ խորհրդարանի դահլիճ: Մենք դա կանենք միայն մի դեպքում` երբ պատգամավոր ընտրված, բայց կալանքի տակ գտնվող մեր ընկերները հայտնվեն ազատության մեջ»,- հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Հիշեցնենք, որ Ժողովրդա-հանրապետական ու քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունները պահանջում են ազատ արձակել ընտրված 9 պատգամավորների, որոնք, այս կուսակցությունների ղեկավարների պնդմամբ, ճաղերի ետեւում են հայտնվել իրենց քաղաքական գործունեության հետեւանքով: