Նախօրեին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն ներկայացնում ենք ստորեւ.
– Կազանի հանդիպումից առաջ փորձագիտական, նույնիսկ իշխանական շրջանակներում հույսեր կային, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուր որ է պետք է ստորագրեն, ընդունեն այդ առաջարկները: Բայց դա տեղի չունեցավ: Հանդիպման այդ արդյունքը Ձեզ համար սպասելի՞ էր:
– Մենք բոլոր հանդիպումներից` լինի դա վերջին, լինի նախկին, գրեթե միատեսակ ակնկալիքներ ենք ունենում, որովհետեւ մենք հուսով ենք, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կգան համաձայնության, որի շնորհիվ Արցախը կշարունակի իր մասնակցությունը բանակցային գործընթացում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը` արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված: Եվ բացառություն չէր Կազանի հանդիպումը: Այդ նույն ակնկալիքն ունեինք: Եվ այս պահի դրությամբ, որոշակի բավարարվածություն ունենք եւ, հատկապես, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում նշում են, որ վերջնական կարգավորումը առանց Արցախի Հանրապետության մասնակցության անհնարին կլինի: Եվ մենք սպասում էինք, որ վերջին հանդիպման ժամանակ ավելի ստույգ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հենց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում ապահովելու համար: Մենք ունենք որոշակի տեղեկություններ վերջին հանդիպման մասին, եւ, ինչպես հաճախակի էր լինում, դժբախտաբար, այս վերջին հանդիպման ժամանակ եւս Ադրբեջանը ցուցաբերեց մի կեցվածք, որը չնպաստեց այդ բանակցությունները լիարժեք ձեւաչափին մոտեցնելուն: Բայց մեկ է, մենք մնում ենք մեր հույսին եւ կարծում ենք, որ կգա այդ օրը, երբ կմասնակցենք բանակցային գործընթացին:
– Իսկ եթե Ադրբեջանը ցուցաբերեր կառուցողական կեցվածք եւ Կազանում ստորագրեր առաջարկվող փաստաթուղթը: Դա ենթադրում է նաեւ տարածքների վերադարձ: Համաձա՞յն եք այդ ամենի հետ:
– Քանի որ համանախագահները փաստում են, որ առանց ԼՂ-ի դժվար է որեւէ վերջնական համաձայնություն ձեռք բերել, դա նշանակում է, որ ցանկացած որոշում միայն ու միայն պիտի ընդունվի Արցախի մասնակցությամբ: Մենք ակնկալում ենք, որ սկզբնական փուլում կվերականգնվի բանակցային ձեւաչափը, որտեղ Արցախը հնարավորություն կունենա մասնակցելու, որտեղ էլ մենք կարտահայտենք մեր տեսակետը: Մենք հեռու ենք այս պահի դրությամբ որոշումների ընդունման փուլից: Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ՀՀ-ն լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Արցախը բանակցությունների մասնակից դառնա: Մենք միշտ նշում ենք, որ Ադրբեջանի հետ պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց: Եվ տա Աստված, որ գա այդ ժամանակը: Այնպես որ, այս պահի դրությամբ ցանկացած պայմանավորվածություն կրում է միջանկյալ բնույթ:
– Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կլինեն բանակցային գործընթացում, ի՞նչ քայլեր եք ակնկալում միջնորդ երկրներից:
– Մենք խորապես համոզված ենք, որ միջնորդ երկրներն անկեղծ են իրենց դրսեւորումների մեջ: Եվ այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ միջազգային հանրությունը եւ հատկապես համանախագահները կատարում են աշխատանք, որն ուղղված է այս հարաբերական խաղաղությունը ապահովելուն եւ վերջնական խաղաղություն ձեռք բերելուն: Ընդհանրապես չենք թաքցնում, որ այս իրավիճակը, այս հարաբերական խաղաղությունը ձեռք է բերվել նաեւ համանախագահող երկրների շնորհիվ, ինչի համար, կարծում եմ, թե՛ հայկական կողմը, թե՛ Ադրբեջանը շնորհակալ պետք է լինեն, որովհետեւ այս հարաբերական խաղաղությունը շատ-շատ անգամ գերադասելի է, քան ցանկացած պատերազմական գործողություն: Եվ կարծում եմ, որ համանախագահները շարունակելու են իրենց ջանքերը եւ որոշակի լրացուցիչ աշխատանքներ են իրականացնելու այս իրավիճակը պահպանելու ուղղությամբ:
– ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթղթի ստորագրում մոտ ապագայում`մոտակա ամիսներին, հնարավոր համարո՞ւմ եք:
– Այս վերջին տարիներին մենք բոլորս հնարավորություն ենք ունեցել համոզվելու, որ հայկական կողմը, իր պատասխանատվությունից միջազգային հանրության առջեւ եւ իր շահագրգռվածությունից ելնելով, փորձում է ամեն ձեւի կառուցողական կեցվածք դրսեւորել` նպաստելով խաղաղ գործընթացի եւ՛ պահպանմանը, եւ՛ այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելուն: Դժբախտաբար, մենք այսօր ունենք` ի դեմս Ադրբեջանի, մի մասնակից բանակցային գործընթացում, որը չի դադարեցնում իր ոչ կառուցողական կեցվածքը, քայլերը այդ բանակցություններում, ինչը, ըստ մեզ, հիմնական խոչընդոտն է հանդիսանում ամբողջ այդ գործընթացում: Այդ կեցվածքին գումարվել են նաեւ ռազմատենչ հայտարարությունները, եւ այդ քաղաքականությունը չի տեղավորվում միջազգային հանրության կողմից ձեռնարկված քայլերի շրջանակներում: Հետեւաբար, այդպիսի մոտեցումը եւ այդպիսի մասնակցությունը հիմնական պատնեշն է: Եվ մենք կոչ ենք անում համանախագահներին եւ միջազգային հանրությանը` իր վերաբերմունքը փոխել Ադրբեջանի նկատմամբ եւ, ինչու չէ, անհրաժեշտության դեպքում պարտադրողական քայլերի հրավիրել, որը եւ կնպաստի թեկուզ եւ այս խանգարված ձեւաչափով բանակցությունների շարունակությանը: Այս փուլում Ադրբեջանին պետք է հրավիրել ավելի զուսպ քաղաքական մշակույթ ցուցաբերելու:
– Որքանով են լուրջ ադրբեջանական սպառնալիքները, որոնք ավելի հաճախակի են դառնում: ԼՂ ղեկավարությանը մտահոգո՞ւմ են այդ սպառնալիքները:
– Դա պիտի մտահոգի ոչ միայն Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդին: Այդ սպառնալիքներն իրենց բնույթով միայն Արցախի անվտանգությանը կամ միայն հայկական կողմին չեն ուղղված: Դրանք կրում են ահաբեկչական բնույթ: Իսկ եթե դա ահաբեկչություն է, ուրեմն պետք է մտահոգի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այդ առումով ես գտնում եմ, որ այդ սպառնալիքները հավասարաչափ վերաբերում են թե՛ Արցախին, թե՛ հայկական կողմին, այնպես էլ միջազգային հանրությանը: Ամեն օր Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հանդես են գալիս սպառնալիքներով, եւ դրանք ուղեկցված են միլիտարիստական կոնկրետ քայլերով, եւ մենք մտահոգված ենք եւ մեզ պես պետք է մտահոգվի նաեւ միջազգային հանրությունը: Այդպիսի քաղաքականության շրջանակներում մենք պարտավոր ենք հաշվի առնել եւ չբացառել, որ Ադրբեջանը կարող է մի օր այդ խոսքերից գործի անցնել: Հետեւաբար` մենք կառուցում ենք մեր աշխատանքները` ելնելով այդ իրողությունից:
– Պատերազմի սցենարին լիովին պատրա՞ստ եք:
– Իհարկե: Այստեղ մեր դեպքում որեւէ արտառոց պահվածք չենք ընդունում: Մենք, խորապես համոզված լինելով, որ այս հարցը պետք է կարգավորվի խաղաղ պայմաններում, միեւնույն ժամանակ պարտավոր ենք մտածել` հաշվի առնելով մեր հարեւանի պահվածքը, նրանց կողմից հնչեցված հայտարարությունները: Պարտավոր ենք նաեւ ապահովել մեր երկրի անվտանգությունը, որպեսզի մեր երկրի բնակչությունը ի վիճակի լինի այդ հարաբերական խաղաղության պայմաններում իրենց առօրյան կազմակերպելու:
– Փորձագիտական շրջանակներում գնալով ավելի է ամրապնդվում, տարածվում այն տեսակետը, որ պատերազմի հավանականությունը գնալով աճում է: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
– Այդ փորձագետները հենց հիմք են ընդունում Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը: Եթե մի երկրում ամեն օր ասում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը մենք այդ հարցը լուծելու ենք զենքի ուժով, ապա այդ փորձագետները իրավունք ունեն այդպիսի եզրակացություն անելու: Մենք լրջագույն աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի խուսափենք հավանական պատերազմական գործողություններից: Ես համարում եմ, որ այս հակամարտությունը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի հետաքրքրություններով: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը ունի իր պահանջները հատկապես մեր տարածաշրջանում: Ես դիտում եմ մեր գործունեությունը ոչ թե այդ ծայրահեղ քաղաքականության մեջ, այլ ընդհակառակը` մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նվազեցնենք ստեղծված լարվածությունը եւ փորձենք ավելի ուրիշ գործիքներ գործադրելով` մոտենալ մեր հարաբերությունները պարզելուն:
– Ձեր գնահատականը քննարկվող փաստաթղթին:
– ՀՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ եւ մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար: Հետեւաբար, մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկություն, որը հիմք է բանակցելու համար: Եվ մենք գտնում ենք, որ այսօրվա փաստաթուղթը` եթե հնարավորություն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժվել: Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է մի փաստաթուղթ, այսօր խոսվում է Մադրիդյան փաստաթղթի մասին, որը հնարավորություն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնությունը: Եվ բազմիցս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Եվ վաղը եթե կլինի այդ եւ մյուս փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նաեւ բանակցել Արցախին, մենք, իհարկե, ողջունելու ենք: Որովհետեւ փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր:
– Այսինքն` եթե ՀՀ-ն եւ Ադրբեջանը վաղը ստորագրեն հիմնարար սկզբունքների շուրջ մի փաստաթուղթ, դուք խնդիր չե՞ք ունենա:
– Մենք միշտ էլ նշում ենք, որ երախտապարտ ենք ՀՀ-ին բանակցային գործընթացում իր գործունեության համար, բայց ավելացնում ենք նաեւ, որ այդ շրջանակներում անհնարին է որոշակի համաձայնությունների գալ, քանի որ անհրաժեշտ է այդ քննարկումներին Արցախի մասնակցությունը: Այդ մասին շեշտում եւ հայտարարում է նաեւ ՀՀ նախագահը: Հիմա կողմերն իրականացնում են աշխատանքը, որը պիտի հնարավորություն տա Արցախին մասնակցել այդ գործընթացին: Այդ մասին նաեւ ՀՀ նախագահն է հայտարարել: Եվ ես դա համարում եմ ազնիվ կեցվածք, մոտեցում, որը ամբողջությամբ համապատասխանում է հիմնախնդրի բնությանը: