Սփյուռքի քաղաքական կազմակերպությունները եւ ազդեցիկ հայերը, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, պետք է ձեռնարկեն միջազգային մակարդակով լոբբիստական արշավ` թույլ չտալով Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ես հանդես եկա նմանատիպ խնդրանքով երեք տարի առաջ, երբ Թուրքիան 1961 թվականից ի վեր առաջին անգամ փորձեց անդամակցել Անվտանգության խորհրդին: Ես հորդորեցի աշխարհասփյուռ հայերին կապվել իրենց համապատասխան երկրների կառավարության ղեկավարների հետ` պահանջելով, որ իրենց բնակության երկրների ՄԱԿ-ի ներկայացուցիչները ընդդիմանան Թուրքիայի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու հայտին: Ցավոք, ոչ մի քայլ չձեռնարկվեց, եւ Թուրքիան հեշտությամբ տեղ զբաղեցրեց հզոր Անվտանգության խորհրդում երկու տարի ժամկետով (2009 եւ 2010թթ.):
Հայերի աշխարհասփյուռ լինելու առավելություններից մեկն այն է, որ նրանք ունեն եզակի հնարավորություն տասնյակ երկրների կառավարություններում` ՄԱԿ-ում գալիք խնդիրների կապակցությամբ լոբբիստական գործունեություն իրականացնելու: Նման ռազմավարությունը զգալիորեն կուժեղացնի ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ՄԱԿ-ի ուղղությամբ իրականացվող գործողությունները: Սփյուռքի քաղաքական ազդեցությունը եւ կապերը կհակակշռեն այն զգալի ֆինանսական միջոցները, որ Թուրքիան եւ Ադրբեջանը տրամադրում են բազմաթիվ երկրներին ՄԱԿ-ում նրանց ձայները ստանալու նպատակով: Ինչպես հայտնում է «Եվրասիա Դեյլի Մոնիթորը», Թուրքիան կաշառել է երրորդ աշխարհի տասնյակ երկրների 2009 թվականին Անվտանգության խորհրդում հաջողությամբ իր տեղը գրավելու համար: Թուրքիայի կառավարությունը 20 միլիոն դոլար հատկացրեց մի շարք փոքր ազգերի` իրենց պարտքերը ՄԱԿ-ին մարելու համար, որպեսզի նրանք չզրկվեն քվեարկելու իրավունքից:
Ոգեւորվելով նախկին արշավի արդյունքներից` Թուրքիան վերջերս ներկայացրեց իր թեկնածությունը եւս մեկ ժամկետով` 2015-2016թթ., Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար` մրցակցելով Իսպանիայի եւ Նոր Զելանդիայի հետ երկու թափուր տարածաշրջանային տեղերի համար: Այս երկու երկրներն էլ Անվտանգության խորհրդի` միջազգային խաղաղության եւ անվտանգությանը նպաստելու նպատակների իրականացման առումով առավել նպատակահարմար են, քան Թուրքիան: Կես դար բացակայությունից հետո երկու տարի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված լինելով` Թուրքիայի հեգեմոն ախորժակը այժմ մեծացել է, եւ նա ցանկանում է վերադառնալ Խորհուրդ 5 տարուց` ավելի վաղ, քան իր հերթն է:
Նրանք, ովքեր ծանոթ են Թուրքիայի` մարդու իրավունքների շարունակական խախտումներին, քրդերի շարունակական կոտորածներին, Հայոց ցեղասպանության ժխտմանը եւ Կիպրոսի հյուսիսային մասի գրավմանը, ցնցված են` կարդալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պատճառաբանությունները Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու նոր հայտի կապակցությամբ. «Թուրքիան վճռական է առավել նպաստելու միջազգային խաղաղությանը, անվտանգությանը եւ բարեկեցությանը, ինչպես նաեւ հավելյալ ջանքեր գործադրել ուժեղացնելու հիմնարար սկզբունքները եւ արժեքները, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունն եւ օրենքի գերակայությունը»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնելը, այնուամենայնիվ, Թուրքիայի համար կարող է ոչ միշտ շահավետ լինել: Բոլորի համար լավագույն ընկեր ձեւանալու նրա կեղծավորությունը կարող է քողազրկվել, ինչպես դա եղավ 2009-2010 թվականներին, երբ Թուրքիան ստիպված էր կողմնորոշվել եւ քվեարկել այնպիսի փշոտ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են արաբաիսրայելական հակամարտությունը եւ Իրանի վիճահարույց միջուկային ծրագիրը` նեղացնելով իր ավանդական դաշնակիցներից շատերին:
Թեեւ հայերը ունեն չորս տարի Թուրքիայի անդամության հայտի դեմ իրենց լոբբիստական գործունեությունն արդյունավետորեն ծրագրավորելու համար, նրանք ունեն ընդամենը երեք ամիս` հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու` Ադրբեջանի թեկնածությունը խոչընդոտելու համար: Արժանահավատ աղբյուրների համաձայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ճանապարհորդում է աշխարհով մեկ տասնյակ կարիքավոր երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելով նրանց ձայների դիմաց: Մամեդյարովը հորդորեց արտաքին գործերի նախարարներին, Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովին` աջակցելու Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար առաջին անգամ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտին` հայտարարելով, որ իր երկիրը «մեծապես նվիրված է ՄԱԿ-ի խարտիայի նպատակներին եւ սկզբունքներին»:
Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը, ինչպես հաստատում է ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ այլ իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես ժողովրդավարության բացակայությունը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները եւ հարեւան երկրների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դեմ ուժ գործածելու շարունակական սպառնալիքները` դժվար է պատկերացնել մի երկիր, որը նվազ հարմար լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար:
Քանի որ Ադրբեջանը մրցակցելու է Սլովենիայի եւ Հունգարիայի հետ Անվտանգության խորհրդում մեկ տեղ զբաղեցնելու համար, կարելի է կարծել, որ Բաքվի հնարավորությունները հավասար են զրոյի: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ադրբեջանի առատ նավթային եկամուտներով ֆինանսավորվող շռայլ ընտրակաշառքը` հայերը եւ նրանց աջակիցները պետք է ջանք չխնայեն գալիք երեք ամիսների ընթացքում ՄԱԿ-ի անդամների ձայները հօգուտ Սլովենիայի կամ Հունգարիայի ուղղելու եւ Ադրբեջանին դուրս մղելու համար:
Միջազգային կազմակերպություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերի դեմ պայքարելով` հայերին պետք է ոգեւորի Թուրքիայի կողմից անցյալ շաբաթ կրած քաղաքական մեծ ձախողությունը, երբ Հայաստանն ու Կիպրոսը խոչընդոտեցին թուրք դիվանագետի նշանակումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեղինակավոր պաշտոնում: Այս պաշտոնին հավակնող առաջատար թեկնածուներն էին Ավստրիայի նախկին արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկը եւ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Էրսին Էրչինը: Խանգարելով Ավստրիայի թեկնածուին` Թուրքիան լուրջ դիվանագիտական ճեղք առաջացրեց երկու երկրների միջեւ: Ի վերջո, Իտալիայի դեսպան Լամբերտո Ցեննիերը միաձայն որոշմամբ ընտրվեց ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայաստանին ու Կիպրոսին պետք է շնորհավորել Թուրքիայի ճնշումներին տեղի չտալու եւ իրենց ազգային շահերը պաշտպանելու համար:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր