«ՄԵՐ ԿՈՄԵԴԻԱՆ ՄԻ ՔԱՆԻ «ՓԱԽԱԾ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՉԷ»,-ասում է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը

09/07/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի հետ մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ հայ հանդիսատեսի դատին կհանձնվի եւս մեկ կոմեդիա: «Դարդոտ» սերիալներից հոգնած հանդիսատեսին իրապես անհրաժեշտ է դրական էմոցիաներ ապահովող ընտանեկան կոմեդիա: Ֆիլմ, որի դիտումից հետո ոչ թե կախվելու կամ ռեժիսորին կախելու ցանկություն կառաջանա, այլ փոքր-ինչ հեքիաթային թվացող, բայց պատրանք, որ կյանքը հրաշալի է:

– Դավիթ, երբ քո առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմից՝ «Պահանջվում է միլիոնատերից» հետո քեզ հարցնում էի ապագա անելիքներիդ մասին, նշում էիր, որ նոր կոմեդիայի գաղափարի շուրջ ես աշխատում:

– Այո, առաջին ֆիլմից հետո առանձնապես շատ ժամանակ չէր անցել, սակայն արդեն կար երկրորդ կոմեդիան նկարահանելու մտահղացումը:

– Փաստորեն առաջին ֆիլմն այնքան եկամտաբեր դուրս եկավ, որ շատ կարճ ժամանակահատվածում սկսեցիք աշխատել նաեւ երկրորդ ֆիլմի շուրջ:

– Անկեղծ ասած` երկրորդ ֆիլմը նկարահանելու որոշումը «Շարմ Հոլդինգինն» է, եւ «Շարմն» էլ ֆիլմի պրոդյուսերն է հանդիսանում: Ես միայն որպես ռեժիսոր եմ ներկայանում:

– Ամեն դեպքում, եթե որոշվել է նկարահանել երկրորդը, նշանակում է, որ առաջինն իրեն արդարացրել է:

– Իրականում այս նախագիծը, որպես այդպիսին, երկրորդն է միայն` իբրեւ կոմեդիա, քանի որ չի լինելու սյուժետային գծի շարունակություն, չնայած գլխավոր դերում կրկին հանդես է գալիս Հովհաննես Ազոյանը՝ նույն ինքը՝ Հովոն, եւ ֆիլմի շուրջ աշխատող անձնակազմը եւս գրեթե անփոփոխ է:

– Չե՞ք կարծում, որ հանդիսատեսը կինոթատրոն այցելելով, այնուամենայնիվ, ենթագիտակցորեն սպասելու է նախորդ ֆիլմի շարունակությանը:

– Մինչ հանդիսատեսին կինոթատրոն «բերելը» մենք անպայման կնախապատրաստենք նրան, որ այս անգամ դիտելու է բացարձակ նոր, առաջին ֆիլմի հետ սյուժետային գծի որեւէ առնչություն չունեցող ընտանեկան կոմեդիա:

– Վերջերս մեծ միջոցառում կազմակերպվեց, որի շրջանակներում ազդարարվեց Ձեր նոր ֆիլմի մեկնարկի մասին: Բացի գովազդային բնույթ կրելուց, ի՞նչ նշանակություն ուներ այն:

– Երբ պատրաստվում ես նոր ֆիլմ նկարահանել, հսկայական ռեսուրսներ ես ծախսում՝ հովանավորների փնտրտուքից սկսած, վերջացրած` նկարահանման հրապարակների ընտրությամբ: Իսկ երբ քաղաքում արդեն գիտեն, որ նկարահանվում է երկրորդը՝ շատ ավելի հեշտ է այդ ամենն իրագործելը: Ամեն մեկին հատ-հատ չես բացատրում, թե ինչն ինչոց է:

– Եթե գաղտնիք չէ, կպատմե՞ք` ինչի՞ մասին է ֆիլմը:

– Անկեղծ ասած, դեռ գաղտնիք է:

– Այդ դեպքում ասացեք միայն այն, ինչը հրապարակելու իրավունք ունեք:

– Գլխավոր հերոսներից մեկը Հովոն է: Ֆիլմում նա ունենալու է սիրած աղջիկ, սիրած աղջկա ծնողներ եւ հակառակորդ: Բավական հետաքրքիր դերասաններ են մասնակցելու ֆիլմում: Ունենք պայմանավորվածություններ շատ հայտնի դերասանների հետ, սակայն քանի դեռ նկարահանման աշխատանքները չենք սկսել, չէի ցանկանա անուններ հրապարակել:

– Ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանի մասի՞ն է խոսքը:

– Այո, մենք շատ ենք ուզում, որ Սերժ Ավետիքյանը մասնակցի մեր ֆիլմում՝ մեծ դերով: Նա մեծ հաճույքով համաձայնել է, սակայն քանի դեռ որոշ հարցեր ճշտված չեն, չեմ ուզում բացել փակագծերը:

– Որքանո՞վ է մեր կինոն սովորել ֆիլմերում օգտագործել «թաքնված գովազդ» ասվածը: Արտասահմանյան ֆիլմերում այդ մեխանիզմը վաղուց է գործում՝ ի՞նչ մակնիշի մեքենայով է շրջում ֆիլմի հերոսը, ի՞նչ հեռախոսով է նա խոսում…

– Իհարկե՝ առանց այդ հնարքի այսօր անհնար է ֆիլմ նկարահանել: Քանի որ մեր քաղաքում ունենք միայն մեկ կինոթատրոն, ակնհայտ է, որ միայն տոմսերի վաճառքից չես աշխատի այնքան գումար, որքան հնարավոր կլիներ աշխատել 10-15 կինոթատրոնների առկայության դեպքում: Բնականաբար, այդ բացը կոմպենսացվում է հովանավորչական միջամտությամբ: Հովանավորին կինոյից անհրաժեշտ է գովազդ, իսկ գովազդն այն է, ինչ մենք ցույց ենք տալիս մեր ֆիլմում: Գովազդի թաքնված կամ բացահայտ լինելն արդեն գալիս է հովանավորի ցանկությունից եւ աշխարհայացքից:

Եթե հովանավորը, լավ իմաստով, խորամանկ լինի, նա միանշանակ կցանկանա ֆիլմում տեսնել աչք չծակող գովազդ: Ոչ դիտավորյալ գովազդը շատ ավելի էֆեկտիվ է, քան բացահայտը, ինչը շատ անգամ միայն նյարդայնացնում է հանդիսատեսին: Կան հովանավորներ, որոնք ցանկանում են, որ իրենց գովազդը ցայտուն եւ բացահայտ լինի. դա նրանց ցանկությունն է: Այդպես էլ կարող է լինել:

– «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» տարբերակն է գործում այս պարագայում: Չե՞ք վախենում, որ այդպիսով ֆիլմը կարող է «գովազդախեղդ» լինել:

– Մենք փորձում ենք խոսել, բացատրել հովանավորին, որ ի վնաս իրեն «չպտտի» իր գումարը: Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ:

– Որքանո՞վ է դա ստացվում մեր երկրում:

– Դա արդեն երեւում է մեր ֆիլմերից: Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ այդ հարցում աշխատելու տեղ դեռ շատ կա:

– Ձեր առաջին՝ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմը հայաստանյան պրեմիերայից հետո նաեւ Մոսկվայում ցուցադրվեց: Որքանո՞վ այն դուր եկավ մոսկվայաբնակ հայերին:

– Մոսկվայում գործող հայկական հեռուստաալիքներից մեկը ֆիլմի ցուցադրումից հետո բավական հետաքրքիր տեսանյութ էր պատրաստել մեր ֆիլմի վերաբերյալ:

– Տեսանյութը որքանով էլ հետաքրքիր եւ դրական կարծիք պարունակի, այն, միեւնույն է, սուբյեկտիվ բնույթ է կրում:

– Եթե տեսանյութը պատրաստեին մեր «լավ ընկերները», հնարավոր է` համաձայնեի Ձեզ հետ: Սակայն հեղինակները մեզ բացարձակ անծանոթ մարդիկ են: Համենայնդեպս, Մոսկվայի ցուցադրությունների հետ առնչվող բացասական կարծիքներ ես չեմ լսել: Ի դեպ, Հայաստանում եւս բացասական կարծիքներ չեմ լսել: Դեռ չեմ հանդիպել մեկին, ով կասեր, որ ֆիլմը լավը չէր: Եթե անգամ այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ, մեկը կարող է ասել՝ լավը չէ, նշանակում է, որ նա ուղղակի չի կարող ոչ սուբյեկտիվ, ոչ էլ օբյեկտիվ բացատրել՝ լավն ու վատը:

– Միգուցե Դուք պարզապես պատրաստ չե՞ք լսել բացասական կարծիք:

– Բացի կինոթատրոնի ցուցադրությունից, այն նաեւ ցուցադրվեց «Արմենիա» TV-ի եթերով՝ Ամանորի գիշերը, եւ ռեյտինգային ցուցանիշներով առաջատարն է եղել:

– Բայց չէ՞ որ դա նաեւ գովազդի արդյունք է:

– Գովազդն ապահովում է կինոդահլիճում ցուցադրման միայն երեք օրը, որից հետո ֆիլմի մասին իմանում են իրար հաղորդելով: Եվ ֆիլմից է կախված, թե մարդկանց կողմից տարածված ինֆորմացիան դրական թե բացասական բնույթ կկրի:

– Ամեն դեպքում գովազդի ազդեցությունն անհերքելի է:

– Ամեն դեպքում, աշխարհի ամենահզոր գովազդի դեպքում անգամ, հանդիսատեսը չի գա կինոթատրոն, եթե նրան հաղորդեն, որ ֆիլմը դեն գցելու բան է: Իսկ մեր ֆիլմն օրական երեք սեանսով ցուցադրվում էր լեփ-լեցուն դահլիճում: Ցուցադրման վերջին 10 օրը տոմսերն այնպես էին վաճառվում, որ անգամ օրական 4 սեանս էր կազմակերպվում: Մենք արել ենք ֆիլմ, որը դուր է եկել ժողովրդին, այլ ոչ թե կոնկրետ ինչ-որ «փախած» արվեստագետի: Մենք մեր գործը «5»-ի ենք արել:

– Դուք երկու դուստր ունեք: Երեխաները շատ անկեղծ են իրենց արտահայտած կարծիքներում: Նրանց դո՞ւր է գալիս այն ֆիլմը, որ հայրիկն է նկարահանել:

– Մեծ աղջիկս 4 տարեկան է եւ արդեն գիտի, որ «Պահանջվում է միլիոնատերը» պապայի կինոն ա: Եթե երեխային որեւէ բան դուր չի գալիս, նրան երբեք չես ստիպի դիտել այն: Երբ առաջին անգամ այդ ֆիլմը մեր տանը ցուցադրեցի, մեծ աղջիկս՝ Նոեմին, առանց տեղից շարժվելու դիտեց այն՝ սկզբից մինչեւ վերջ: Այդ առումով եւս ստուգված է, որ ֆիլմը դուր է եկել հանդիսատեսին:

– Կա՞ մեկը, ում նույնիսկ բացասական կարծիքը Ձեզ համար որոշիչ է:

– Կինս է: Երեք տարի առաջ իմ արած նախագծերից մեկի մասին նա իր անկեղծ, բայց բացասական կարծիքն էր հայտնել, որն, իհարկե, ցավոտ էր լսել, սակայն այն տեղին էր արված: Կինս, ինչպես եւ ես, բժշկական մասնագիտություն ունի:

– «Դիպլոմով ռեժիսորների» համար մասնագիտությամբ Ձեր բժիշկ լինելը չարաշահման թեմա չի՞ հանդիսանում:

– Ազատ ժամանակս ես օգտագործում եմ` լրացնելով այդ բացը՝ չստացած կրթությունը: Կինոյի մասին գրականություն եւ նկարահանման ընթացքի մասին պատմող տեսանյութեր եմ դիտում: