Ամենահարուստները

09/07/2011

Անջելինա Ջոլին եւ Սառա Ջեսիկա Պարկերը 2010թ. մայիսից մինչեւ այս տարվա մայիս վաստակել են յուրաքանչյուրը 30 մլն դոլար եւ, ըստ ամերիկյան «Forbes» ամսագրի վարկանիշային աղյուսակի, համարվում են Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանները: Ըստ Forbes-ի, Ջոլիի կարողությունների ավելացմանը նպաստել են լրտեսական «Սոլթ» մարտաֆիլմը եւ «Զբոսաշրջիկ» դրաման: Երկու ֆիլմերն էլ, չնայած մեծ հետաքրքրություն չեն առաջացրել ԱՄՆ հանդիսատեսի շրջանում, այնուամենայնիվ, վարձույթում հավաքել են համապատասխանաբար 300 մլն եւ 280 մլն դոլար` հիմնականում օտարերկրյա ցուցադրությունների շնորհիվ: Սառա Ջեսիկա Պարկերի հաջողությունը կապվում է «Սեքսը մեծ քաղաքում-2» ֆիլմի հետ, որը հեղինակներին բերել է 290 մլն դոլար: «Մարդիկ հավանաբար զարմացած են, քանի որ չեն գիտակցում, որ նկարահանումներից բացի, Պարկերը գումարներ է ստանում իր գովազդից եւ օծանելիքներից»,- պարզաբանել է վարկանիշային աղյուսակի հեղինակ Դորոթի Պոմերանցը: Անցյալ տարվա վարկանիշային աղյուսակը գլխավորում էր Սանդրա Բալոքը, ով այժմ հայտնվել է 9-րդ հորիզոնականում (15 մլն դոլար): Առաջին հնգյակում տեղ են գտել Ջենիֆեր Լոպեսը (28 մլն դոլար), Ռիզ Ուիզերսփոունը (28 մլն դոլար) եւ Ջուլիա Ռոբերթսը (20 մլն դոլար): Լավագույն տասնյակը եզրափակում է Մերիլ Սթրիփը, որի տարեկան աշխատավարձը «Forbes»-ը գնահատում է 10 մլն դոլար: