iPhone-ն` ընդդեմ թալիբների

09/07/2011

ԱՄՆ բանակի կապիտան Ջոնաթան Սփրինգերն iPhone-ի համար մշակել է հավելված, որը կօգնի ամերիկացի զինվորներին` որոշել թալիբների գտնվելու վայրը:

Ըստ BBC-ի, ֆոտոխցիկի, կողմնացույցի եւ GPS քարտի միջոցով հավելվածը կորոշի այն վայրի ճիշտ կոորդինատները, որտեղից հակառակորդը կրակ է արձակում:

Հավելվածը կոչվում է Tactical Nav: Սփրինգերի խոսքերով` ծրագիրն աշխատում է շատ հստակ, նա այն մշակել է հատուկ զինվորների համար եւ անձամբ է փորձարկել` գտնվելով Աֆղանստանում: Ծրագիրը թույլ է տալիս անմիջապես ստացված տվյալներն ուղարկել հրամանատարական կենտրոն` արագ օդային հարված հասցնելու համար: Սփրինգերը պատմել է, որ նման հավելված ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել է այն բանից հետո, երբ երկու տարի առաջ թալիբները սպանել են իր երկու ընկերներին: Հեղինակը փորձել է վաճառել ծրագիրը Պենտագոնին, սակայն զինվորական հրամանատարությունը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել: