ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ասել է. «ՆԱՏՕ-ն հավատարիմ է այն հայեցակարգին, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի: Մենք հավատում ենք, որ երկու կողմերը կպարտվեն ռազմական լուծման դեպքում, եւ, առաջին հերթին, կպարտվի շարքային քաղաքացին երկու երկրներում, քանի որ կորուստներ կկրի իր տնտեսական հնարավորությունների իրացման գործում: Բացի այդ, նման սցենարն ի չիք կդարձնի վերջին մի քանի տարիներին ձեռք բերված ողջ գործընթացը: Ուստի դիվանագիտական ուղին միակ ճանապարհն է մեզ համար, որը կարող է հանգեցնել կշռադատված եւ փոխընդունելի լուծման»: