Ռուսաստանից՝ սիրով

10/11/2005 Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ներկայումս Հայաստանը նույնքան գազ Ռուսաստանից գնում է 56 դոլարով, իսկ մեր հարեւան Վրաստանը՝ մոտ 120 դոլարով: «ՀայՌուսգազարդը» 1000 խմ գազն իր բաժանորդներին վաճառում է 59.000 դրամով: Գազի գնի կրկնակի թանկացումը կհանգեցնի տեղական արտադրության թանկացմանը եւ Հայաստանում որոշ արտադրությունների կանգնեցմանը: Պարոն Սմբատյանի ասելով` Հայաստանը պետք է ըմբռնումով մոտենա, քանի որ Ռուսաստանն իր շահերն ունի:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերաբերյալ Ա. Սմբատյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ էր վաճառել Ռուսաստանին այդ էներգաբլոկը, սակայն ռուսական կողմը պահանջել է այդ հարցի լուծման համար ժամկետի երկարաձգում: Եվ այդ ընթացքում ի հայտ են եկել էներգաբլոկի նոր հավակնորդներ: Դեսպանի խոսքով, ժամանակին Հայաստանն առաջարկել էր Ռուսաստանին նաեւ գնել բաշխիչ էներգացանցերը, սակայն Ռուսաստանը հրաժարվել է, իսկ երբ էներգացանցերը վաճառվել էին «Միդլենդ ռեսուրսիս» ընկերությանը, Ռուսաստանը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել դրանց նկատմամբ: Ներկայումս Հայաստանի էլցանցերը ձեռք են բերվել ՌԱՕ ԵԷՍ ընկերության կողմից:

Ա. Սմբատյանը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների քվեարկության համար Ռուսաստանի տարածքում կբացվի 12 ընտրատեղամաս:

Նրա խոսքով, ներկայումս Ռուսաստանում բնակվող հայերից սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի մոտ 350-400 հազար մարդ, նրանցից 120 հազար Հայաստանի քաղաքացիներ ունեն խորհրդային նմուշի անձնագրեր: Ա. Սմբատյանն ընդգծել է, որ ՀՀ դեսպանատունը ներկայումս միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ քաղաքացիները կարողանան կարճ ժամկետում փոխել անձնագրերը եւ մասնակցել հանրաքվեին: Ա. Սմբատյանը նշել է, որ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ հանդես կգա վերջինիս օգտին, քանի որ փաստաթղթում վերացված է երկքաղաքացիության արգելքը:

Ա. Սմբատյանը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ներկայումս Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է մոտ 100 մլն դոլար պետական պարտքի հաշվին իրեն հանձնված ձեռնարկությունների գործարկման ուղղությամբ: Նրա խոսքով, մոտ ժամանակներս սպասվում է, որ «Մարս» գործարանը խոշոր պատվեր կստանա ռազմաարդյունաբերական համալիրից: Ա. Սմբատյանը նշել է, որ այդ ձեռնարկությունների արդյունավետ վերագործարկման համար դրանք պետք է հանձնվեն ռուսաստանյան խոշոր ձեռնարկատիրական կառույցների կառավարմանը: Դեսպանի խոսքով, Ռուսաստանն ինքը 89 ձեռնարկություն ունի, ինչպիսին «Մարսն» է, եւ որոշակի դժվարություններ ունի դրանց շահագործման հետ կապված:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովն էլ իր հերթին է ընդգծել, որ ռուսական կողմը որոշակի դժվարություններ ունի «Մարսի» շահագործման առնչությամբ, քանի որ վերջինիս տարածքում գտնվում է «Եվրոտեք» գործարանը, եւ այդ պատճառով «Մարս» գործարանի համար դժվար է պատվերներ ստանալ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրից: Մինչդեռ, ընդգծել է Կոլերովը, գործարանի հանձնման պայմանագրի համաձայն, գործարանի տարածքում չպետք է լինեն այլ ձեռնարկություններ կամ իրավաբանական անձինք: Կոլերովի խոսքով, դեռեւս 1998թ. «Մարսը» փորձել են սեփականաշնորհել 1 մլն դոլարով, սակայն դա չի հաջողվել անել, եւ պետպարտքի հաշվին ձեռնարկությունների հանձնման պայմանագրի համաձայն, «Մարսը» գնահատվել է 56 մլն դոլար:

Հիշեցնենք, որ «Մարս» գործարանի ներսում գտնվող «Եվրոտեք» գործարանը անգլիահայ գործարար Վաչե Մանուկյանի սեփականությունն է, որի հետ, ի դեպ, ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն: Այնպես որ, Կոլերովի վերջին այս հայտարարությունը երկու իմաստ ունի. կամ Ռուսաստանն այդ պատճառաբանությամբ փորձում է ձգձգել կամ առնվազն խուսափել «Մարսի» շահագործումից, կամ լավություն անել ՀՀ իշխանություններին՝ «Եվրոտեքին» «Մարսից» դուրս հանելու հարցում: