Հունիսի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների հետ, որի ժամանակ, մեր տեղեկություններով` բավականին ուշագրավ հայտարարություններ է արել: Հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկի փոխանցմամբ` այդ հայտարարություններով Հ.Աբրահամյանն ակնհայտ դժգոհություն է արտահայտել կառավարության նկատմամբ: «Ջերմուկն ուզում են Բադեն-Բադեն դարձնել, բայց դա ինչպե՞ս են անելու, երբ համապատասխան մասնագետներ չունեն»,- ըստ մեր աղբյուրի` մոտավորապես այսպիսի հայտարարություն է արել նա, երբ ուսանողներին խորհուրդ է տվել կրթվել եւ խելոք մասնագետ դառնալ: Հիշեցնենք, որ Ջերմուկը զբոսաշրջության եւ առողջարանային կենտրոն դարձնելը վարչապետ Տիգրան Սարգսյանի ծրագրերից էր: Իսկ Բադեն-Բադենը Գերմանիայում հանքային ջրերով հարուստ առողջարանային եւ զբոսաշրջային հայտնի քաղաք է, որտեղ շատ հաճախ սիրում են հանգստանալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: Ուսանողների փոխանցմամբ` այդպիսով ԱԺ նախագահն իր հեգնանքն ու դժգոհությունն է հայտնել Տ.Սարգսյանի նկատմամբ: Մամուլի հրապարակումների համաձայն` Հ.Աբրահամյանը լարված հարաբերություններ ունի Տ.Սարգսյանի հետ այն պատճառով, որ չի կարողացել նրա փոխարեն վարչապետ նշանակվել: Նա նաեւ ուսանողներին ասել է, թե ինքն իր ամբողջ կյանքում տրամադրված է եղել շատ սովորել: «Բա ասում էիք, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չի»,- ուսանողներից մեկի փոխանցմամբ` կիսաձայն հարցրել է իրենց դասընկերներից մեկը: ԱԺ նախագահը չլսելու է տվել այդ հարցը: