Մինչեւ 2012թ. ամառը կողմերի միջեւ համաձայնություն ձեռք կբերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Այս մասին Բաքվում ասել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, «/////////////////////////» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը` հավելելով, թե չի կիսում այն կարծիքը, թե կազանյան հանդիպումը լիակատար ձախողում էր:
Նրա գնահատմամբ` այդ հանդիպումը հերթական փուլ էր բանակցային գործընթացում, իսկ ինչ վերաբերում է Կազանում որեւէ համաձայնություն ձեռք չբերվելու փաստին, ապա դրա պատճառն, ըստ նրա, այն էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս առկա են հակասություններ: Նա նաեւ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Մոսկվան շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակի մնալ սառեցված. «Ղարաբաղյան խնդրի չլուծվածությունը բացասաբար է ազդում Հյուսիսային Կովկասում եւ Ռուսաստանի հարավում առկա իրավիճակի վրա: Այդ պատճառով Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ»: Մեկնաբանելով մամուլում վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունը, թե Ռուսաստանը պատրաստվում է հրաժարվել միջնորդական առաքելությունից, Վլասովն ասել է, որ նման լուրերն անհիմն են: Ըստ նրա` այդ տեղեկությունը կանխամտածված ձեւով է դրվել շրջանառության մեջ:
Փորձագետը կարծում է, որ նման ձեւով մյուս շահագրգիռ կողմերը ցանկանում են մոնոպոլացնել խաղաղարար առաքելությունը: Ընդգծելով, որ ներկա պահին ընթանում է տեղեկատվական պատերազմ, եւ այդ վերջին լուրերը բացատրվում են հենց դրանով, Վլասովն ասել է. «Ռուսաստանի դերակատարությունը խնդրի կարգավորման գործընթացում վճռորոշ է լինելու»: