ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի մարզում գտնվող զորամասերից մեկի անտառում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Տ. Բ. Համբարձումյանի դիակը: Ըստ նախնական վարկածի, նրան հասցրել են ինքնասպանության: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից ստացված հաղորդման համաձայն, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տ. Բենիկի Համբարձումյանը հունիսի 28-ին ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից: «Այդ կապակցությամբ ձեռնարկվել են նյութերի նախապատրաստում, ինչպես նաեւ որոնողական աշխատանքներ Համբարձումյանին հայտնաբերելու կապակցությամբ»,- ասել է Մ. Սարգսյանը: Նրա ներկայացրած տվյալներով, հունիսի 29-ին, ժամը 13:19-ին զորամասի հարակից անտառում հայտնաբերվել է Համբարձումյանի դիակը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք` հաստ եզրերով»,- ասել է նա` նշելով, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ 110 հոդվածի` «Ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություն, որի արդյունքները դեռեւս հայտնի չեն:
Նրա խոսքով` քրեական գործը հարուցվել է հենց այդ հոդվածով, քանի որ գործի նախապատրաստման ընթացքում պարզվել են մի շարք այլ հանգամանքներ։ «Դրանք, սակայն, հրապարակման ենթակա չեն»,- ասել է ՊՆ պաշտոնյան: